Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Արծվիկ Մինասյանը Հայաստանում զբոսաշրջության զարգացման հսկայական ներուժ է տեսնում

 Արծվիկ Մինասյանը Հայաստանում զբոսաշրջության զարգացման հսկայական ներուժ է 
տեսնում

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը Հայաստանում զբոսաշրջության ոլորտում դրական զարգացումներ է տեսնում, սակայն, միևնույն ժամանակ, նկատում է, որ այդ ոլորտում կա զարգացման հսկայական պոտենցիալ: Սեպտեմբերի 23-ին լրագրողների հետ հանդիպմանը Արծվիկ Մինասյանն ընդգծեց, որ ոլորտում մոտեցումները վերանայելու կարիք կա: «Կարիք կա զբոսաշրջության ոլորտի  պետական ֆինանսավորումը կապել զբոսաշրջիկների քանակի հետ: Սա առավել չափելի և արդյունավետ գործիք կլինի և կխթանի մի կողմից պետական մարմնին ու ծրագիրն իրականացնող գերատեսչությանը, մյուս կողմից՝ զբոսաշրջության ոլորտում ծառայությունների որակի բարձրացմանը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարը:

Նա հավելեց, որ այդ հարցում նախարարության համար կարևոր նշանակություն ունեն նաև օրենսդրական կարգավորումները: Դրա համար մշակվել և շրջանառության մեջ է դրվել «Զբոսաշրջության մասին» օրենքի նախագիծը, որը հիմնարար լուծումներ է առաջարկում զբոսաշրջային օպերատորներին և հյուրանոցներին և հանգստյան գոտիներին, սահմանում է պետական մարմինների պարտավորությունները: «Այստեղ մեր մոտեցումը հետևյալն է՝ ոչ թե պետական մարմինը պետք է ինքը մտնի այդ հարաբերությունների մեջ, այլ պետք է խթանի ինքնակարգավորման համակարգը զբոսաշրջության ոլորտում»,- մանրամասնեց նախարարի պաշտոնակատարը:

Այդ համատեքստում նա հայտնեց, որ նախարարության կողմից մշակվել և ներկայացվել է առաջարկություն սոցիալական փաթեթի՝ հանգստի բաղադրիչի վերաբերյալ բարձրացված հարցերի կարգավորման ուղղությամբ: «Այստեղ ես երկու սկզբունքային հարց կառանձնացնեմ: Այսօր յուրաքանչյուր ամիս իրավունք ունեցող քաղաքացու համար հանգստի բաղադրիչի շրջանակներում հատկացվում է  6 հազար դրամ: Արդյունքում, եթե որևէ քաղաքացի առաջին եռամսյակում ցանկանում է հանգստի գնալ, ապա ստացվում է, որ այդ 72 հազար դրամի բեռը, ըստ էության, պետք է ստանձնի կամ բանկը կամ զբոսաշրջային օպերատորը, որի հետևանքով էլ մի շարք խնդիրներ են առաջանում: Մենք առաջարկում ենք, որպեսզի հանգստի մեկնող քաղծառայողի կամ նման իրավունք ունեցող անձի հանգստի համար սոցիալական փաթեթով նախատեսված գումարը նրա հանգստի մեկնելուց 5 օր առաջ ամբողջությամբ վճարվի: Մեր հաշվարկներով սա պետական բյուջեի վրա բեռ չի լինի, որովհետև ըստ վիճակագրության սոցիալական փաթեթի հանգստի բաղադրիչից առաջին եռամսյակում օգտվում են քաղաքացիների 10 տոկոսը, երկրորդ եռամսյակում՝ 30 տոկոսը: Եթե մենք գնանք այդ տարբերակով, մենք տեսնում ենք, որ բյուջեի վրա բեռնվածությունը ավելի համաչափ է լինում՝ ի տարբերություն ներկայումս գործող տարբերակի»,- պարզաբանեց նախարարի պաշտոնակատարը:

Արծվիկ Մինասյանն ընդգծեց, որ մյուս առաջարկի համաձայն՝ կամ զբոսաշրջային օպերատորները պետք է ստեղծեն սնանկացումից ապահովագրվելու մեխանիզմ կամ վճարումը կատարվի ոչ թե օպերատորին, այլ հանգստյան տանը, որտեղ քաղաքացին անցկացրել է իր հանգիստը, որից հետո վճարումը կատարվի օպերատորին՝ որպես միջնորդ կամ ծառայություն մատուցող կազմակերպություն:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]