Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Գավառ քաղաքում կայացած Համահայկական փառատոնի եզրափակիչ համերգը նվիրված էր դուդուկին

Գավառ քաղաքում կայացած Համահայկական փառատոնի եզրափակիչ համերգը նվիրված էր 
դուդուկին

ԳԱՎԱՌ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ :  Գավառ քաղաքի մշակույթի տանը տեղի ունեցավ «Իմ Հայաստան» խորագիրը կրող Համահայկական փառատոնի եզրափակիչ համերգը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին փառատոնի կազմակերպիչները, այն իրականացվում է ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ, որին մասնակցում են Հայաստանի, Սփյուռքի եւ արտերկրի արվեստագետները: Եզրափակիչ համերգի թեման դուդուկն էր, որը, որպես երաժշտական գործիք, արդեն հանրահայտ է ողջ աշխարհում: «Ասվածի վկայությունը կորեացի, գերմանացի, ամերիկացի, պարսիկ եւ այլ ազգերի ներկայացուցիչների դուդուկով կատարումներն էին»,-»Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց անվանի դուդուկահար, ՀՀ վաստակավոր արտիստ Գեւորգ Դաբաղյանը: Համերգի ընթացքում դուդուկի կատարումներով հանդես եկան նաեւ Սփյուռքի մեր հայրենակիցներն ու արցախցիները: Գեղեցիկ նվագով ներկաներին ողջունեցին ՀՀ վաստակավոր արտիստ Գեւորգ Դաբաղյանը եւ հայտնի դուդուկահար, Գավառ քաղաքը ներկայացնող Հարություն Չքոլյանը: «Փառատոնը Գավառում անցկացնելն ինքնանպատակ չէր. կազմակերպիչների նախաձեռնությամբ համերգն անցկացվեց Գավառում, քանի որ այստեղ գործում է դուդուկի մասնագիտացված դպրոց, որը իր տեսակով միակն է Հայաստանում: Ասենք, որ փառատոնը մեկնարկեց Գավառի դուդուկի դպրոցի սաների ելույթով: Դուդուկի դպրոց հիմնելու նախաձեռնությունը Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանին է, ով նույնպես ներկա էր փառատոնին: Միաժամանակ հպարտ եմ, որ փառատոնում ելույթ ունեցան իմ անունը կրող դպրոցի սաները եւ ուրախ, որ Գավառի հասարակոթւյանը կարողացանք ներկայանալ նման հարուստ համերգային ծրագրով»,- հավելեց Գեւորգ Դաբաղյանը:

 Փառատոնի փակման համերգին, դուդուկի կատարումներից բացի, հանդիսատեսին ողջունեցին նաեւ ժողովրդական երգի եւ նվագարանների ճանաչված կատարողներ. նրանց ողջ համերգի ընթացքում նվագակցեց եւ առանձին կատարումներով հանդես եկավ Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբը՝ Նորայր Դավթյանի ղեկավարությամբ:

Համերգի ավարտին ՀՀ  սփյուռքի նախարարության համահայկական ծրագրերի վարչության պետ Գագիկ Գյանջումյանը շնորհավորեց փառատոնի մասնակիցներին՝ կայացած համերգի առիթով եւ նրանց շնորհեց մասնակցության վկայականներ ու մեդալներ: Դուդուկի տարածման մեջ ունեցած ավանդի համար անվանի դուդուկահար, ՀՀ վաստակավոր արտիստ Գեւորգ Դաբաղյանը Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի որոշմամբ պարգեւատրվեց Գեղարքունիքի մարզպետի ոսկե հուշամեդալով, որը հանդիսավորությամբ հանձնեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Սեւակ Խլղաթյանը:

 Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]