Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   26 Հունիս 2022

Հայոց ցեղասպանության հարցերի հետ կապված իրավական գործընթացները բերվում են նոր մակարդակի

Հայոց ցեղասպանության հարցերի հետ կապված իրավական գործընթացները բերվում են նոր 
մակարդակի

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության հարցերի հետ կապված իրավական գործընթացները բերվում են նոր մակարդակի: Բացվում է Արդարության և մարդու իրավունքների հայկական իրավական կենտրոնը, որն իրավական կառույց է, գործելու է ի շահ հանրության, և որի նպատակն է հարատև լուծումներ գտնել Հայոց ցեղասպանության դեռևս շարունակվող համաշխարհային, ազգային, համայնքային և անհատական հետևանքների հարցում: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսին նշեց «Արդարության և մարդու իրավունքների հայկական իրավական կենտրոն»-ի վարչության նախագահ Քենեթ Խաչիկյանը:

«Այսօր էլ, երբ Թուրքիան, այսօրվա Թուրքիայի բնիկ հայերին զրկում է կրոնական և մարդու իրավունքներից, փորձում է լռեցնել Սփյուռքի համայնքները, Ցեղասպանության համար պատասխանատվության բացակայությունը շարունակում է դեռևս մեծապես ազդել հայերի իրավունքների վրա: Այս կենտրոնն ազգային և միջազգային ատյանների և հարթակների միջոցով փորձելու է հասնել Հայոց ցեղասպանության արդարացի լուծմանը և պաշտպանել Արցախի անկախության իրավունքը»,-ասաց Քենեթ Խաչիկյանը:

Կենտրոնի վարչության անդամ Կիրո Մանոյանը նշեց, որ կենտրոնը ջանալու է համակարգել մարդու իրավունքների խախտումներին առնչվող հայցերը, հայտնաբերել հնարավոր հայցվորներին, հետաքննել խախտումները և հավաքել անհրաժեշտ ապացույցներ:

«Հայ Դատի հանձնախմբերի կատարած աշխատանքներն ավելի շատ քաղաքական բնույթի են: Այս կենտրոնը, որպես իրավական կառույց, նախ հավաքել է գոյություն ունեցող ուսումնասիրությունները, կատարելու է նաև նոր ուսումնասիրություններ` պարզելու համար, թե ինչ իրավական հայցեր կարող է նախաձեռնել: Կենտրոնը կարող է ինքը նախաձեռնել, կարող է դա անել այլ իրավատերերի հետ: Ամեն դեպքում, հիմա կա կենտրոն, որից կարելի է ակնկալել, որ առնվազն տարբեր նախաձեռնությունների մասին կտա իրավական խորհրդատվություն: Մենք տեսել ենք որոշ դեպքեր, երբ խմբային հայց  է եղել, սակայն ինչ-որ փուլում հայց ներկայացնողները զգացել են, որ իրավազրկվել են: Այս կենտրոնի անմիջական աշխատանքները հիմնվելու են այդ ուսումնասիրությունների վրա, որպեսզի տեսնենք թե ինչ ուղղությամբ իրավական հարցերը կարող ենք առաջ տանել»,-ասաց Կիրո Մանոյանը:

Նրա տեղեկացմամբ, կան տարբեր դատական հայցեր և’ ԱՄՆ-ում, և’ այլ երկրներում: Կենտրոնը հետևելու է նաև այդ գործընթացներին: Ըստ նրա` մինչ հիմա արված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ միջազգային իրավունքն այնքան էլ կատարյալ չէ, երբ վերաբերում է անցած անարդարությունները սրբագրելուն:

«Ներկայում պետք է կենտրոնանալ տարբեր պետությունների, այդ թվում, Թուրքիայի, դատարանների վրա, տեսնենք, թե ինչ կարելի է ձեռնարկել: Կան նախադեպեր, երբ հայերը թուրքական դատարաններում հայցեր են ներկայացրել և որոշ չափով իրենց իրավունքը վերականգնվել է: Կան նախադեպեր, երբ այլ ազգի ներկայացուցիչները, ովքեր որևէ պետության կողմից անարդար վերաբերմունքի են արժանացել, պետության դեմ գործ են հարուցել և դրական եզրակացության են հանգել»,-հավելեց Կիրո Մանոյանը:

Արդարության և մարդու իրավունքների հայկական իրավական կենտրոնն  ակնկալում է աշխատել աշխարհի հայ համայնքների բոլոր հատվածների հետ միասնաբար:  Կենտրոնը, միջազգային իրավական գործունեությանը զուգահեռ, ուշադրությունը սևեռելու է Ցեղասպանության ընթացքում հափշտակված կամ բռնագրավված հավաքական գույքի և այլ ունեցվածքի վրա, որոնց թվում եկեղեցիների, կրոնական վայրերի, հաստատությունների, դպրոցների, թանգարանների, մշակույթի գործերի, մշակութային արժեքների, գրքերի և այլ ունեցվածքի:

Կենտրոնի  գործադիր տնօրենը լինելու է Քեյթ Նահապետյանը, խմբային հայցերի մեծ փորձառությամբ փաստաբան, որը ավելի քան տասը տարի Վաշինգտոնում աշխատել է ամերիկահայերի պաշտպանության հարցերով: Նա նախկինում աշխատել է Հայ Դատի Ամերիկայի հանձնախմբի Վաշինգտոնի գրասենյակում, ԱՄՆ Արդարադատության նախարարությունում, այն ժամանակ սենատոր Ջոզեֆ Բայդենի հետ և Միջազգային Խաղաղության Կարնեգիի Հիմնադրամում: Նա միջազգային և մարդու իրավունքների գծով իրավագիտության դոկտորի աստիճան է ստացել Կալիֆորնիայի համալսարանի Բերքլիի իրավագիտության բաժնում՝ մասամբ ֆինանսավորվելով հեղինակավոր՝ Նոր ամերիկացիների համար Փոլ և Դեյզի Սորոսների կրթաթոշակի կողմից: Կենտրոնի վարչության անդամները թե՛ Հայաստանից և թե՛ սփյուռքահայ համայնքներից են:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]