Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Արդյունաբերական մասշտաբի արևային կայանների կառուցումը «Էներգետիկայի շաբաթ 2017»-ի գլխավոր թեման է

Արդյունաբերական մասշտաբի արևային կայանների կառուցումը «Էներգետիկայի շաբաթ 
2017»-ի գլխավոր թեման է

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը հունվարի 25-27-ը անցկացնում է «Էներգետիկայի շաբաթ 2017» միջոցառումների շարքը: Հիմնադրամի կողմից կազմակերպվող պարբերական դարձած միջոցառումները միտված են ներկայացնելու Հայաստանում էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ոլորտում վերջին զարգացումները, ոլորտում առկա հիմնախնդիրները, ներդրումային հնարավորությունները, ֆինանսավորման հնարավոր աղբյուրները, տեխնոլոգիական և ինժեներական լուծումները, հեռանկարային ծրագրերը և այլն: Միջոցառումների շարքին ավելի մանրամասն ծանոթանալու համար «Արմենպրես»-ը զրուցեց Հայաստանի էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի հիմնադրամի տնօրեն Թամարա Բաբայանի հետ:

-Տիկի՛ն Բաբայան, ի՞նչ է իրենից ներկայացնում «Էներգետիկայի շաբաթ 2017» միջոցառումների շարքը և ո՞րն է դրա նպատակը:

-Արդեն ավանդական «Էներգետիկայի շաբաթ» միջոցառումը բավականին պահանջված համաժողով է Հայաստանում, որտեղ հավաքվում են մաքուր էներգետիկայի նվիրյալները, ոլորտի քաղաքականության և օրենսդրության որոշողները, ֆինանսավորողները, մասնավոր և հասարակական հատվածի ներկայացուցիչները։ Ակտիվ քննարկումների միջոցով նրանք արձանագրում են թե գլոբալ մարտահրավերները, թե մեր երկրի մասնակցությունը դրանց հաղթահարմանը, գրանցում են հաջողությունները և վեր հանում խոչընդոտներն ու դժվարությունները։ Չնայած պահանջված լինելուն, մենք այս միջոցառումը հաճախակի չենք կազմակերպում, այն ինքնանպատակ չէ։ Այն անցկացվում է, երբ ասելիք կա։ Իսկ այս տարի իսկապես ասելիք կա գրեթե բոլոր ուղղություններով։ Միջոցառումը նաև որոշակի առումով մեզ համար հաշվետվություն է, առ այն, թե նախորդ միջոցառումից մինչ այսօր ինչ է փոխվել ոլորտում` քննարկումներն ինչ հետևանքներ են ունեցել և ինչ ձեռքբերումներ են արձանագրվել:

Սա մի հարթակ է, որտեղ բացահայտվում են ոլորտում առկա  խոչընդոտները և դժվարությունները, առաջարկվում խնդիրների լուծման ուղիներ։ Սա մի ձևաչափ է, որը թույլ է տալիս ոլորտի վերաբերյալ խորը գիտելիքներ, շուկայի մասին տեղեկատվություն ստանալ և ծանոթանալ ֆինանսավորման հնարավորություններին։  

Այս տարի Էներգետիկայի շաբաթվա կարևորագույն միջոցառումը արևային էլեկտրակայանների կառուցման նպատակով ներդրողների համաժողովն է, որի շրջանակներում ներկայացվելու են Հայաստանում արևային ֆոտովոլտային կայանների ներդրումային ծրագրեր։ Կլինեն նաև կլոր-սեղան քննարկումներ և ինչպես միշտ՝ միջոցառման բոլոր օրերին զուգահեռ գործելու է ոլորտային ցուցահանդես:

-Ինչպիսի՞ն է միջոցառման օրակարգը:

-Հունվարի 25-ի առավոտյան նախատեսվում է միջոցառման հանդիսավոր բացումը, որի ընթացքում կներկայացվի Հայաստանի էներգետիկ համակարգի իրավիճակը, վերականգնվող էներգետիկայի ներդրումային միջավայրը, պետության կողմից տրամադրվող երաշխիքներն ու խթանները։ Արևային ծրագրի վերաբերյալ մանրամասն քննարկումներից բացի կներկայացվեն նաև այլ վերականգնվող աղբյուրների և տեխնոլոգիաների կիրառման հնարավորությունները Հայաստանում: Առանձին օր կնախատեսվի էներգախնայողության զարգացումների քննարկմանը: Նախատեսվում է նաև այցելություն արևային չափիչ կայանների տեղանքներ, որտեղ հետաքրքրվողները կարող են համոզվել արևային ռեսուրսի գնահատման ճշգրտությանը։

-Ի՞նչ խնդիրներ կան ներկայումս էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ոլորտում և այս միջոցառման շնորհիվ ինչպիսի՞ լուծումներ կարող են դրանց տրվել:

- Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ոլորտը տարեցտարի էական և դրական տեղաշարժեր է ունեցել, այստեղ գրեթե չկան խոչընդոտներ, դաշտը գնալով բարելավվել է: Բոլոր այն դժվարությունները, որոնք կային, հաղթահարվել են և ներդրողների համար գործընթացը հեշտացվել է: Այնուամենայնիվ, մենք հիմա դիտարկում ենք այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք նախկինում չենք ունեցել: Այդ առումով, դժվարություններից է այդ տեխնոլոգիաների գծով մասնագետների պակասն է` չնայած դրա համար կա ներուժ: Այս դժվարությունը մի կողմից նաև հնարավորություն է նոր մասնագետների, նոր կազմակերպությունների համար, նոր շուկայի սկիզբ: Մյուսը, որը նույնպես մի կողմից և՛ խոչընդոտ է, և՛ հնարավորություն, շուկայի պատրաստվածությունն է: Այս միջոցառումների շնորհիվ մենք պետք է բացահայտենք շուկայի բացերը, մատնացույց անենք խոստումնալից բիզնեսի հնարավորությունը սկսնակ կազմակերպություններին, որոնք այստեղ փորձում են աշխատել, զարգանալ, ընդլայնվել: Արտասահմանյան մեր գործընկերներին պետք է ցույց տանք դաշտը, և միգուցե նրանք իրենց ներկայացուցչությունները բացեն, իրենց բիզնես գործընկերներին գտնեն: Ընդհանուր առմամբ միջոցառումն այս խնդիրների լուծման ևս մեկ ձև է:

- Ինչպիսի՞ն է մասնակիցների կազմը:

- Ակնկալվում է օտարերկրյա ներդրողների, փորձագետների և միջազգային ֆինանսական կազմակերպությունների ակտիվ մասնակցություն։ Պետական պաշտոնյաների, ֆինանսական շուկայի և հասարակական կազմակերպությունների լայն մասնակցություն է գրանցված արդեն այսօր։ Ավանդական մասնակիցներից են նաև գիտական հասարակության ներկայացուցիչները։

-Ի՞նչ ներդրումային ծրագրեր են ներկայացվելու և ներդրողների համար ինչո՞վ են դրանք գրավիչ լինելու

- Ամենամեծ ներդրումային ծրագիրը, որը մենք կներկայացնենք «Մասրիկ 1» արևային կայանի ծրագիրն է, որի նախատեսվող հզորությունը 55 մեգավատ է։ Ծրագիրը պահանջում է մոտ 45 մլն․ ԱՄՆ դոլարի ներդրում, և այստեղ դիտարկվում է ավելի շատ արտասահմանյան փորձառու կազմակերպությունների մասնակցությունը։ Ակնկալում ենք, որ նրանք հանդես կգան տեղական գործընկերների հետ համատեղ: Այս ծրագրում ներդրողները ներգավվելու են մրցութային եղանակով: Ծրագիրը գրավիչ է նրանով, որ պետությունը երաշխավորում է արևային կայանից առաքված էլեկտրաէներգիայի գնում քսան տարվա ընթացքում։ Նաև երաշխավորվում է, որ մրցույթի արդյունքում հաղթանակած առաջարկի նվազագույն սակագինը կպահպանվի քսան տարիների ընթացքում: Մյուս առավելությունն այն է, որ մենք ակնկալում ենք ստանալ բավականին մեղմ ֆինանսավորում և երաշխիքներ Համաշխարհային բանկի կողմից, որն էլ պետությունը կտրամադրի մասնավոր ներդրողներին, որպեսզի նրանք հնարավորություն ունենան առաջարկել հնարավորինս ցածր սակագին:

- Ի՞նչ պարբերականությամբ են տեղի ունենում նման միջոցառումներն այս ոլորտում:

-Մենք միջոցառումները ծրագրում ենք 2 տարին մեկ անգամ, սակայն եթե հանրապետությունում արդեն եղել է նմանատիպը` աշխատում ենք չկրկնել այն: Սակայն առանձին թեմաների վերաբերյալ խորհրդակցություններ ու համաժողովներ բավականին հաճախ ենք կազմակերպում․ տարեկան մի քանի անգամ։  

-Նախորդ համաժողովն ի՞նչ արդյունքներ է տվել և ինչպիսի՞ արդյունքներ եք ակնկալում այս համաժողովից

- 2014 թվականին տեղի ունեցած միջոցառումը բավականին հետաքրքրական էր և արդյունավետ, քանի որ հենց այդ օրերին հաստատվեց ՀՀ վերականգնվող էներգետիկայի ներդրումային ծրագիրը, որի արդյունքում սկիզբ առան արևային էներգետիկայի և երկրաջերմային հորատման ծրագրերը։ Այդ միջոցառման ընթացքում էր նաև, որ վերհանվեցին խնդիրներ, որոնք այսօր արդեն հաղթահարված են, նախանշվեցին մի շարք ծրագրեր, որոնցից մի քանիսն այսօր արձանագրել են ակնհայտ հաջողություններ: Ավելին՝ «Էներգետիկայի շաբաթ 2017»-ին մենք ներկայացնելու ենք այդ ծրագրերի շարունակական հնարավորությունները: Օրինակ, եթե 2014-ին մենք ասում էինք, որ հնարավոր է Հայաստանում երկրաջերմային կայանների հորատում անենք և ռեսուրս հայտնաբերենք, ապա այսօր արդեն կարող ենք վստահ ասել, որ դրանք իրականացրել ենք և արդյունքները կարող ենք ներկայացնել ներդրողներին: Մեկ այլ և շատ կարևոր ձեռքբերում է նաև արևային էներգիայի ֆիքսված սակագինը, որը նախկինում չկար:

Այս միջոցառումից ակնկալում ենք ակտիվ աշխատանք և արդյունավետ քննարկումներ: Հուսով ենք, որ մասնակիցների կողմից ներկայացվող տեղեկատվությունը հնարավորություն կտա ստեղծել տարբեր որակավորմամբ մասնագետների լուրջ բանակ նոր էներգետիկ տեխնոլոգիաների ներդրումները սպասարկելու համար: Ակնկալում ենք նաև բացահայտել ներդրողներին հուզող այն լրացուցիչ խնդիրները, որոնք մինչ այժմ մեզ անհայտ են եղել նման տեխնոլոգիաների և մասշտաբի ծրագրեր չունենալու պատճառով:

Մեր նպատակն է, որպեսզի «Էներգետիկայի շաբաթ 2017»-ի աշխատանքների արդյունքում իսկապես լուրջ հիմքեր և նախադրյալներ ստեղծվող ոլորտի հետագա հաջողություններն ապահովելու համար, և հաջորդ միջոցառման ժամանակ մենք հպարտորեն փաստենք դրանց մասին:

Միջոցառումների կազմակերպիչն է «Էքսպոմեդիա» ցուցահանդեսների նախագծման կենտրոնը:

Հարցազրույցը` Վահե Հակոբյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]