Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Վիրահայոց թեմի առաջնորդը Թբիլիսիում մասնակցել է էկումենիկ աղոթքի

Վիրահայոց թեմի առաջնորդը Թբիլիսիում մասնակցել է էկումենիկ աղոթքի

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թբիլիսիում հունվարի 20-ին տեղի է ունեցել ընդհանրական էկումենիկ աղոթք: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Վիրահայոց թեմից:

100 տարուց ավելի պատմություն ունեցող քրիստոնյաների համատեղ աղոթելու ավանդույթը սկզբնավորվել է Եվրոպայում: 1910 թվականին Էդինբուրգում կայացած հանդիպման մասնակիցները համաձայնեցին, որ քրիստոնյաների միջև միասնությունը կամրապնդի առաքելական գործունեությունը և անմիջականորեն եկեղեցիները: Վրաստանում էկումենիկ աղոթքի նախաձեռնողներից մեկը Ավետարանական-Մկրտական եկեղեցին է:

Վրաստանում միասնության այս աղոթքը տարիներ շարունակ բարձրացվում է 4 քրիստոնեական դավանանքների՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմի, Վրաստանում Հռոմեա-կաթոլիկական Եկեղեցու, Վրաստանում Ավետարանական-լյութերական Եկեղեցու և Վրաստանում Ավետարանական-մկրտական Եկեղեցու կողմից: Ամեն տարի էկումենիկ աղոթքն իրականացվում է այս չորս եկեղեցիներից մեկի նախագահությամբ:

Այս տարի միասնության աղոթք բարձրացնելու պատվին արժանացել էր Լյութերական Եկեղեցին: Էկումենիկ աղոթքին ներկա էին Անդրկովկասի լատինական կաթոլիկների առաքելական վարչության առաջնորդ Գերաշնորհ Ջուզեպպե եպիսկոպոս Պազոտտոն, Վրաստանում Ավետարանական-լյութերական Եկեղեցու առաջնորդ Գերաշնորհ Հանս-Իոյահիմ եպիսկոպոս Կիդերլենը, Վրաստանում Ավետարանական-մկրտական Եկեղեցու առաջնորդ եպիսկոպոս Գերաշնորհ Մերաբ Գափրինդաշվիլին, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Վրաստանի կրոնի հարցերով պետական գործակալության նախագահ Զազա Վաշախմաձեն, տարբեր եկեղեցիների հոգևոր սպասավորներ, բազում հավատացյալներ: Աղոթքի ծիսական արարողությանը մյուս Եկեղեցիների հետ միասին մասնակցեցին Վիրահայոց թեմի հոգևոր դասը, հավատացյալները, Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու Մակար Եկմալյան երգչախումբը: Ներկաներին ողջույնի խոսքով դիմեց Գերաշնորհ Հանս-Իոիահիմ եպիսկոպոս Կիդերլենը:

Հոգևոր առաջնորդն իր խոսքում արժևորեց քրիստոնյաների միասին հավաքվելը և Աստծու ողորմությունը հայցելը, ընդգծեց ազգային և կրոնական բազմազանությունը, կրոնական բարեփոխումները և նման հանդիպումների կարևորությունը: Աստծու խոսքին միասնաբար ծառայության ընթացիկ տարվա կարգախոսն էր «Քրիստոսի սերը մղում է դեպի հաշտություն»: Էկումենիկ աղոթքի մասնակիցները մարդկային մեղքերը խորհրդանշող աղյուսներով շարեցին բաժանման այն պատը, որը բարձրանում է սիրո պակասությունից, ատելությունից ու նախանձից, սուտ մեղադրանքներից, խտրականությունից, հետապնդումից, հաղորդությունից կտրվելուց, անհանդուրժողականությունից, կրոնական պատերազմներից, պառակտումից, իշխանության չարաշահումից, օտարացումից, ամբարտավանությունից:

Սուրբ Գրքից հատվածների ընթերցանությամբ և հոգևոր երգերի ուղեկցութամբ տարբեր ազգի և հավատքի մասնակիցները միասին աղոթք արեցին մեղքերի թողության, ներողամտության և Աստծուց ու միմյանցից բաժանող պատը քանդելու աղերսով: Մարդկանց հոգիները միացնելու ու ամբողջականացնելու, միմյանց զորավիգ լինելու շունչն ու ջերմությունն էր տիրում էկումենիկ աղոթքի ժամանակ:, Քրիստոնեական սիրով ու հավատքով չարության պատը վերածելով զորավոր խաչի, աղոթք բարձրացվեց նաև Աստծու խոսքը լսելու, միասին լինելու և աշխարհում խաղաղություն հաստատելու խնդրանքով: Առաջնորդ եպիսկոպոսները սիրո և խաղաղության լույսով վառեցին հավատացյալների մոմերը:Էկումենիկ աղոթքն ավարտվեց առաջնորդների կողմից իրենց մայրենի լեզվով աղոթքով և օրհնությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]