Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Արագած Ախոյանի գեղարվեստական աշխատանքները հանձնվեցին արվեստասերների դատին

Արագած Ախոյանի գեղարվեստական աշխատանքները հանձնվեցին արվեստասերների դատին

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքական գործիչ, ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանի «Վերադարձ…» խորագրով անհատական ցուցահանդեսը տեղի ունեցավ հունվարի 21-ին Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում:

«Երեսուն տարի չէի նկարել: Անցյալ տարվա մայիսից վրձինը ձեռքս վերցրեցի և ստեղծագործելն ինձ համար կենսական պահանջ դարձավ: Ներկայացրել եմ նատյուրմորտներ, բնանկարներ, սակայն հետագայում գուցե նաև դիմանկարներ նկարեմ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Արագած Ախոյանը:

Ցուցահանդեսին ներկա էին քաղաքական գործիչներ, նկարիչներ և մշակույթի ոլորտի այլ ներկայացուցիչներ, որոնք իրենց կարծիքը հայտնեցին Արագած Ախոյանի և նրա աշխատանքների վերաբերյալ:

«Նայելով նկարչի ստեղծագործություններին` կարելի է հասկանալ, թե ինչպիսի մարդ է նա: Մենք տեսնում ենք մի հեղինակի, որն անկասկած սիրում է իր երկիրը, գեղեցիկը: Նա բարձր մակարդակի նկարիչ է»,- ասաց Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը և Արագած Ախոյանին առաջարկեց Նկարիչների միության անդամ դառնալ:

Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնի տնօրեն Հովիկ Հովեյանի խոսքով` Ազգային ժողովում թաքնված տաղանդներ կան: «Ախոյանն օտարման դեմ պայքարող գեղանկարիչ է, որն ամեն տեղ իր երկրի պատառոտված քարտեզն է փնտրում և զարմանալի աշխատանքներ ստեղծում:  Հիանալի է, որ մենք նման մտավորական ունենք»,-ասաց Հովեյանը:

Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն ընդգծեց, որ Ախոյանը շատ հայրենասեր է: «Նրա նկարներն ասես ժպտում են ու հիացնում մեզ»,- նշեց Սահակյանը:

ՀՀ ժողովրդական նկարիչ Փարավոն Միրզոյանն ասաց, որ շատ կցանկանա նկարների տարբեր ցուցահանդեսներում նաև Ազգային ժողովի ներկայացուցիչների տեսնել: «Արագած Ախոյանը հետաքրքիր անձնավորություն է, ակտիվ, նվիրված: Նկարները հիանալի են. նա տաղանդավոր նկարիչ է, որն արդեն իր ոճն ունի»,-ընդգծեց Միրզոյանը:

Ներկայացված կտավներից յուրաքանչյուր նկարչի հայրենի բնաշխարհին ուղղված անսահման սիրո արտահայտությունն է:

Ցուցահանդեսը կգործի մինչև հունվարի 31-ը:

Արագած Ախոյանը ծնվել է  1962 թվականի օգոստոսի 29-ին Արագածոտի մարզի Ձորափ գյուղում: 

Նախնական կրթություն ստանալուց հետո 1985 թվականին ավարտել է  Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը: Իր աշխատանքային կարիերան սկսել է 1985 թվականին  «Հայֆիլմ» կինոստուդիայում` աշխատելով որպես հատային հրատարակչության խմբագիր: 1992-1999 թվականներին Ռուսաստանի Դաշնությունում զբաղվել է շինարարական գործունեությամբ, որից հետո՝ 1999-2001 թվականներին «Էյչ-Էս-Բի-Սի բանկ Հայաստան» ՓԲԸ-ում աշխատել է որպես տնտեսական դեպարտամենտի պետ:

2001-2002 թվականներին հիմնադրել է սեփական շինարարական ընկերությունը, որը կոչվել է «Սպիտակ տնակ» ՍՊԸ: Արագած Ախոյանը 2003-2004 թվականներին եղել է «Իտարկո Քոնսթրաքշըն» ՓԲԸ հիմնադիր տնօրենը:

Քաղաքական կարիերայի գլխավոր ձեռքբերումը եղել է այն, որ 2010 թվականի համամասնական ընտրությունների արդյունքում դարձել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, որպես «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ: 2011-2012 թվականներին եղել է Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ:2012 թվականի մայիսի 6-ին հերթական անգամ ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]