Երևանում՝ 11:07,   20 Մայիս 2024

Վիկտոր Դալլաքյանը «Համախմբում» կուսակցության հետ դաշինքը դադարեցրել է ստվերային գործընթացների պատճառով

Վիկտոր Դալլաքյանը «Համախմբում» կուսակցության հետ դաշինքը դադարեցրել է 
ստվերային գործընթացների պատճառով

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Երրորդ հանրապետություն» կուսակցության առաջնորդ Վիկտոր Դալլաքյանը ներկայացրել է Ազգային ժողովի առաջիկա ընտրություններին դաշինքով մասնակցելու «Համախմբում» և Հայաստանի դեմոկրատական կուսակցությունների հետ համագործակցության  համաձայնագիրը լքելու պատճառները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, փետրվարի 13-ին լրագրողների հետ հանդիպմանը Դալլաքյանն ընդգծեց, որ նման որոշում է ընդունել, քանի որ չեն իրականացվել համաձայնագրում ամրագրված հիմնական նպատակները: «Համաձայնագրի ստորագրումից հետո ես բազմիցս ներկայացրել եմ որոշ առաջարկություններ աշխատակարգի վերաբերյալ: Այսինքն` պետք է լիներ խորհուրդ, որը կընդուներ որոշումներ, կքննարկեր,  թե ինչ ծրագրային մոտեցումներ են ամրագրվելու, ինչ կարգով պետք է մասնակցեն համաձայնագիրը ստորագրած կուսակցություններն ընդհանուր աշխատանքներին: Քանի որ այս ամենը տեղի չի ունեցել, ուստի ես գտնում եմ, որ նմանատիպ գործունեություն ծավալելու անհրաժեշտությունը մեզ համար նպատակահարմար չէ, որովհետև եղել են ինչ-որ ստվերային գործողություներ: Իսկ մենք բաց գործընթացների կողմնակից ենք: Եթե մենք արմատական բարեփոխումների ենք ձգտում, ապա գործընթացները պետք է լինեն հրապարակային, այլ ոչ թե ստվերային»,- ասաց Դալլաքյանը:

Անդրադառնալով ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ համագործակցությանը` Վիկտոր Դալլաքյանն ընդգծեց, որ նրա հետ համագործակցությունը կրել է տևական բնույթ: «Այն բոլոր քաղաքական հարցերը, որ մենք միասին քննարկել ենք, եղել է պայմանավորված, մենք ձեռք ենք բերել որոշ պայմանավորվածություններ, որոնց վերաբերյալ ես ձեռնպահ կմնամ մեկնաբանություններ տալ: Դրանք եղել են հօգուտ մեր երկրի և ժողովրդի, սակայն ցավոք այդ պայմանավորվածությունները կյանքի չեն կոչվել: Համաձայնագրին իմ մասնակցությունը դադարեցնելու որոշումը պայմանավորված է նաև այս հանգամանքով»,- մանրամասնեց «Երրորդ հանրապետություն» կուսակցության հիմնադիրը:

Նրա խոսքով` ցանկացած համաձայնագիր պետք է ունենա իր տրամաբանությունը, նախանշվեն այն սկզբունքներն ու չափանիշները, որոնցով հարկավոր է առաջնորդվել: Քանի որ հունվարի 17-ին երեք քաղաքական ուժերի միջև ստորագրված համաձայնագրում ամրագրված սկզբունքները կյանքի չեն կոչվել, «Երրորդ հանրապետություն»-ն այդ համագործակցությանը մասնակցելը նպատակահարմար չի համարում:

Համաձայնագրին մասնակցությունը դադարեցնելու մասին հայտարարել է նաև Հայաստանի դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը: Համաձայնագիրը ստորագրած երրորդ քաղաքական ուժը` ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ղեկավարած «Համախմբում» կուսակցությունը փետրվարի 13-ին «Ժառանգություն» կուսակցության և ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ կստորագրի նոր հուշագիր` ԱԺ առաջիկա ընտրություններին դաշինքով մասնակցելու վերաբերյալ:

Հայաստանում Ազգային ժողովի հերթական ընտրությունները տեղի կունենան 2017թ. ապրիլի 2-ին: Նախընտրական քարոզարշավը կմեկնարկի մարտի 5-ին: Կուսակցություններն ու կուսակցությունների դաշինքներն Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու հայտերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով պետք է ներկայացնեն մինչև փետրվարի 16-ը, իսկ տարածքային և համամասնական ցուցակները` փետրվարի 16-26-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am