Հասարակական

Բերդ և Նոյեմբերյան համայնքներում գործարկվել են պետական ծառայությունների մատուցման միասնական գրասենյակներ

2 րոպեի ընթերցում

Բերդ և Նոյեմբերյան համայնքներում գործարկվել են պետական ծառայությունների մատուցման միասնական գրասենյակներ

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տավուշի մարզի սահմանամերձ Բերդ և Նոյեմբերյան համայնքների «Հայփոստ»-ի բաժանմունքներում արդեն գործարկվել են պետական ծառայությունների մատուցման միասնական գրասենյակներ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:

«Սիրելի քաղաքացիներ

Ուրախ եմ տեղեկացնելու, որ Տավուշի մարզի սահմանամերձ Բերդ և Նոյեմբերյան համայնքների «Հայփոստ»-ի բաժանմունքներում արդեն գործարկվել են պետական ծառայությունների մատուցման միասնական գրասենյակներ: Դա նշանակում է՝ այդ համայնքների մեր քաղաքացիները կխնայեն ժամանակ և ռեսուրսներ: Երեք ամիս առաջ, երբ մեկնարկում էր «միասնական գրասենյակներ» ծրագիրը, առիթ եմ ունեցել նշել, որ այն զգալիորեն հեշտացնելու է պետական մարմիններին դիմելու ընթացակարգը մարզերի բնակչության, հատկապես՝ սահմանամերձ և հեռավոր համայնքների բնակիչների համար: Այն հնարավորություն է ընձեռում քաղաքացուն իրեն անհրաժեշտ այս կամ այն փաստաթուղթը (չդատվածության տեղեկանք, ամուսնության բացակայության տեղեկանք և բազմաթիվ այլ փաստաթղթեր) ստանալու համար չգնալ մարզկենտրոն կամ Երևան, այլ` դիմում ներկայացնել, օրինակ, մոտակա «Հայփոստի» գրասենյակ և այնուհետ՝ այնտեղից ստանալ պատրաստի արդյունքը: Ինչպես գիտեք, միասնական գրասենյակներ գործում են նաեւ Երեւանում, Արմավիրի, Շիրակի, Կոտայքի, Արարատի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Տավուշի և այլ մարզերում: Մեծապես կարևորում եմ նաև, որ բացի պաշտոնական իրազեկումից մեզանից յուրաքանչյուրը ևս այս հնարավորության մասին տեղեկացնի մեր քաղաքացիներին իրեն հասանելի եղանակներով: Գործարկված գրասենյակների հասցեներին և մատուցվող ծառայություններին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այս հղումով»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում