Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Նոր հուշագրով ֆերմերները տեղեկատվություն կստանան գյուղտեխնիկայի լիզինգային ծրագրի վերաբերյալ

Նոր հուշագրով ֆերմերները տեղեկատվություն կստանան գյուղտեխնիկայի լիզինգային 
ծրագրի վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը և Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնը ստորագրեցին հուշագիր «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության՝ լիզինգի պետական աջակցության» ծրագրի շրջանակում: Հուշագիրը ենթադրում է, որ ՓՄՁ ԶԱԿ-ի և ԳԱՄԿ-ների միջոցով գյուղատնտեսական գործունեություն իրականացնողներին կտրամադրվի տեղեկատվություն և որոշակի օգնություն գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգով տրամադրման ծրագրիր շրջանակներում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հուշագիրը ստորագրեցին ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը և Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի գործադիր տնօրեն Լևոն Մնացականյանը: Հուշագրի ստորագրմանը ներկա էին նաև ՓՄՁ ԶԱԿ-ի մարզային մասնաճյուղերի ներկայացուցիչներ, որոնց հետ ստորագրումից հետո տեղի էր ունենալու սեմինար-քննարկում:

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը նշեց, որ հուշագրի ստորագրման հիմնական նպատակը ծրագրի շրջանակներում մարզերում ԳԱՄԿ-ների և ՓՄՁ ԶԱԿ-ի մարզային մասնաճյուղերի միջոցով աշխատանքի կազմակերպումն  իրականացնելն է, որպեսզի ֆերմերը տեղում կարողանան տեղեկատվություն ստանալ ծրագրի վերաբերյալ:

«Մենք պետք է առավելագույնս իրականացնենք տեղեկատվության մատուցման գործընթացը, որպեսզի ունենաք ծրագրից օգտվող ֆերմերների ավելի լայն շրջանակ: Շուկան բաց է թե լիզինգային կազմակերպությունների թե մատակարարների առումով և որևէ սահմանափակում չկա: Որքան մատակարարների թիվն ավելանա այնքան մեզ ձեռնտու է, քանի որ այն կազդի նաև տեխնիկայի գների վրա: Որքան առաջարկները շատ լինեն, այնքան տեխնիկայի գներն ավելի մատչելի կլինեն»,- ասաց փոխնախարարը:

Նա հիշեցրեց, որ լիզինգով գյուղտեխնիկայի տրամադրման ծրագրով նախատեսվում է տարեկան 2 տոկոս տոկոսադրույք, 20 տոկոս կանխավճար, իսկ մարման ժամկետները կախված տեխնիկայից կարող են փոխվել` 3-10 տարի:

Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի գործադիր տնօրեն Լևոն Մնացականյանի խոսքով` հուշագրով իրենց պատրաստակամությունը հայտնեցին մարզային մասնաճյուղերի և ներկայացուցչությունների միջոցով աջակցել գյուղատնտեսության նախարարության կողմից առաջարկվող գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի ծրագրին:

«Մեր հիմնադրամը ՀՀ բոլոր մարզերում ունի մասնաճյուղեր և դրանց միջոցով իրականացվելու է տեղեկատվության տարածում: Բացի դրանից օգնելու ենք նաև փաստացի շահառուներին փաստաթղթավորման, մասնավորապես` լիզինգի հետ կապված փաստաթղթերի լրացման և տրամադրման հարցերում: Լիզինգային ծրագիրն իրականացվելու է ՓՄՁ ներդրումներ ունիվերսալ վարկային կազմակերպության կողմից»,- ասաց Մնացականյանը` համոզմունք հայտնելով, որ գյուղտեխնիկայի թարմացման հետ կառաջանան նոր ՓՄՁ սուբյեկտներ, մասնավորապես` գյուղմթերքի վերամշակման ոլորտում:

Անդրադառնալով գյուղատնտեսությամբ զբաղվողների 20 տոկոս կանխավճարի վճարունակությանը, նա նշեց, որ նմանատիպ ծրագրի շրջանակներում փորձ ունեցել են աշխատել գյուղատնտեսություն վարողների հետ և նրանցից շատերը պատրաստ են եղել նույնիսկ 50 տոկոս կանխավճար տրամադրել: «Այն մարդիկ, ովքեր ունեն դրամային միջոցներ չեն էլ ցանկանում քիչ կանխավճար մուծել»,- ասաց նա:

ՓՄՁ ԶԱԿ Արմավիրի մարզային մասնաճյուղի տնօրեն Վահրամ Պողոսյանը տեղեկացրեց, որ մարզերում լիզինգի շահավետ պայմաններով գյուղտեխնիկայի տրամադրման ծրագրի շրջանակներում փորձելու են հավաքագրել այն ֆերմերներին կամ ֆերմերային տնտեսություններին, որոնք ցանկություն ունեն օգտվել դրանից և իրականացնել գյուղատնտեսական գործունեություն: Նրա խոսքով` նախկինում ևս իրականացվել է նմանատիպ ծրագիր, սակայն գյուղտեխնիկայի սահմանափակ լինելու պատճառով հնարավորություն չի եղել բոլոր ցանկացողների տրամադրել, իսկ այժմ դրա հնարավորությունը մեծանում է:

«Այժմ Արմավիրի մարզում կան 4-5 շահառուներ, որոնք ցանկություն են հայտնել օգտվել այս ծրագրից: Նրանց թվում կան անհատներ և համայնքների ղեկավարներ: Այն ժամանակ մենք տրամադրում էինք կոնկրետ տեխնիկա, որը բերվում էր Բելառուսից, իսկ հիմա գյուղատնտեսությամբ զբաղվողները կարող են ընտրել իրենց ցանկացած տեխնիկան»,- ասաց նա:

ՓՄՁ ԶԱԿ Արմավիրի մարզային մասնաճյուղի տնօրենը տեղեկացրեց, որ նախկինում իրականացվող ծրագրով լիզինգով տրամադրվող տրակտորների գները, կախված տարադրամի փոփոխություններից տատանվում էին 6 մլն 900 հազար դրամից մինչև 8 մլն սահմանները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]