Շախմատը սովորեցնում է էմոցիոնալ չլինել, աշխատասիրություն, համբերատարություն. Մարիա Գևորգյան
ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի կանանց առաջնությունում արդեն երկրորդ տարին անընդմեջ երկրի չեմպիոնի տիտղոսն է նվաճում Մարիա Գևորգյանը: Մարիային հյուրընկալել էինք մեր խմբագրությունում և բավականին անկեղծ զրույցն ավելի հետաքրքրացավ շախմատային խաղատախտակի դիմաց: Չբացահայտելով «Արմենպրես»-ի տնօրեն Արամ Անանյանի և Մարիայի երկու պարտիաների արդյունքները՝ հարկ է նշել, որ խաղատախտակի շուրջ ծավալված զրույցն առավել լավ համեմել անկարելի էր:
-Ինչպե՞ս ես սկսել շախմատ խաղալ, ո՞վ է ուղղորդել:
-Շախմատ խաղալ սովորել եմ երեք տարեկանում: Պապիկս է սովորեցրել: Արդեն 7 տարեկանից սկսեցի հաճախել շախմատի պարապմունքների, իսկ 8 տարեկանում կանանց առաջին լիգայում էի խաղում: Նույնիսկ ծիծաղելի մի միջադեպ եղավ, երբ բեմի վրա էի, խաղացողներից մեկն ասաց, «Երեխային իջեցրեք բեմից», պատասխանեցին. «Երեխան այստեղ է խաղում»: Նույնիսկ այդ մրցաշարում կարողացա մեկ միավոր վերցնել: Պապիկիս հետ լուրջ չէինք խաղում, սակայն տանը շախմատը միշտ կար: Շախմատ խաղում է նաև մայրիկս:
-Արդեն երկրորդ տարին անընդմեջ Հայաստանի չեմպիոնն ես: Ի տարբերություն նախորդ տարվա, այս տարի լարվածությունը կար մինչև վերջին պահը: Ի՞նչ կասես այդ մասին:
-Անցած տարի առավել լավ էի պատրաստված և ավելի ինքնավստահ էի խաղում: Թեպետ այս տարի էլ ինքնավստահությունս տեղում էր: Սակայն անսպասելի էր, որ պարտվեցի Սիրանուշին. պատճառը վատ սկզբնախաղն էր, ամեն ինչ առավել լարվեց:
-Ո՞րն է տարբերությունը նախորդ և այս տարվա միջև:
-Կարծում եմ` այս տարի ավելի ուժեղ թիմ էր հավաքվել: Երեխաներն ավելի լավ էին խաղում, և մրցակցություն կար:
-Երկու տարի է՝ հավաքականի կազմում ես: Ինչպիսի՞ն է հավաքականը ներսից:
-Հավաքականի մյուս անդամների հետ շատ մոտ ենք: Ցավոք, անցած տարի թիմային մրցաշար չունեինք, բայց փոխարենն ունենք այս տարի, ինչն ավելի ոգևորող է:
-Մարիա, ինչի՞ց է, որ շախմատն այսքան սիրելի է Հայաստանում:
-Կարծում եմ նրանից է, որ Արոնյանը առաջխաղացում ունեցավ, նրանից, որ շախմատը որպես առարկա արդեն դպրոցներում է, նպաստում է մասսայականացմանը:
-Եվ ի՞նչ պլաններ ունես առաջիկայում:
-Հիմա պատրաստվում եմ Եվրոպայի կանանց անհատական առաջնությանը: Այն կկայանա Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում:
-Քիչ շեղվելով` ունես արդյո՞ք սիրելի շախմատիստ:
-Բոբի Ֆիշերը, քանի որ, եթե համեմատում ենք մյուս շախմատիստների հետ, տարբերությունը՝ խաղի որակի հետ կապված, ահռելի մեծ է: Մագնուս Կարլսենն արդեն ուրիշ ժամանակաշրջանի շախմատի է պատկանում` այն շախմատին, որտեղ կա համակարգիչը:
-Իսկ սիրելի խաղաքար:
-Թագուհին:
-Ինչի՞ վրա ես սիրում շեշտը դնել` սկզբնախաղի, թե վերջնախաղի:
-Դժվար է հստակ ասել, բայց սիրում եմ միջնախաղը:
-Շախմատը գիտությո՞ւն է, թե սպորտ:
-Համ գիտություն, համ սպորտ:
-Շախմատում խաղում եք ֆիգուրների՞, թե մարդու դեմ:
-Ավելի շատ ինքդ քո դեմ ես խաղում:
-Ինչո՞ւ շախմատից ուժեղ են հայ տղամարդիկ, իսկ Վրաստանում՝ կանայք:
-Դպրոցների տարբերության հարց է: Հայ տղամարդիկ վստահ հաղթում են վրացի կանանց:
-Ինչո՞ւ աղջիկները պետք է զբաղվեն շախմատով:
-Եթե ինչ-որ մի բան լավ ես անում, ուրեմն ինչու չզբաղվել:
-Ի՞նչ է սովորեցնում շախմատը:
-Էմոցիոնալ չլինել, պարտությունը հանգիստ ընդունել, աշխատասիրություն, համբերատարություն:
-Ի՞նչ է նշանակում ձեզ համար Հայաստանի չեմպիոն լինելը:
-Յուրաքանչյուր մարզիկի համար մեծ պատիվ է ազգային թիմում խաղալը:
-Շնորհակալություն:
Վարվառա Հայրապետյան
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում