Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Պետդումայի դիտորդական պատվիրակության ղեկավարն ընդհանուր առմամբ գոհ է ընտրությունների ընթացքից

 Պետդումայի դիտորդական պատվիրակության ղեկավարն ընդհանուր առմամբ գոհ է 
ընտրությունների ընթացքից

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի տեղակալ, ՀՀ ԱԺ ընտրությունների Պետդումայի դիտորդական պատվիրակության ղեկավար Վիկտոր Վոդոլացկին ապրիլի 2-ին լրագրողների հետ հանդիպմանն իր տեսակետը հայտնեց Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրությունների վերաբերյալ:

«Դիտորդների մեր խումբը բաղկացած է ինը մարդուց: Մեծամասամբ շրջել ենք Երևանի ընտրատեղամասերում: Դիտորդներից երկուսը շուտով կվերադառնան  Գյումրիից և Ստեփանավանից»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Վոդոլացկին:

Նրա խոսքով` ինքը հասցրել է լինել տասը ընտրատեղամասերում, իսկ երեկ եղել է Գառնիում և Գեղարդում, որպեսզի տեսնի, թե ինչպես  են անցնում ընտրությունների նախապատրաստական աշխատանքները:

«Առավոտյան ընտրող տատիկներից մեկի հետ անցա ընտրական ողջ արարողակարգը՝ հասկանալու համար, թե որտեղ հնարավոր կլինի ինչ-որ բան խախտել և եկա այն եզրակացության, որ հնարավոր չէ որևէ բան կեղծել»,-ասաց նա:

Ըստ Վոդոլացկու` ինքը չի կարծում, որ որևէ ընտրող կարող է բողոքել ընտրելու այս նոր ձևից: «Կարծում եմ` տարբեր պետություններ կյուրացնեն այս նոր ձևաչափի  տարրերը, որպեսզի հետագայում քիչ լինեն բողոքները: Նոր տեխնիկան միայն մի խնդիր ունի. հաճախ մարդկանց հերթեր են առաջանում այն պատճառով, որ սկաները դժվարությամբ է ճանաչում մեծահասակների մատնահետքերը: Եթե այլ երկրներ որոշեն կիրառել այս մեխանիզմները, ցանկալի է, որ հաշվի առնեն դա»,-ընդգծեց նա:

Վիկտոր Վոդոլացկին շեշտեց, որ շատ կուսակցություններ իրենց ծրագրերում պարզ չեն ներկայացրել Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների հետագա զարգացումը, գուցե դա է պատճառը, որ ընտրողների մի մասը դժվարությամբ է կողմնորոշվում իր ձայնը համապատասխան կուսակցությանը կամ դաշինքին տալու հարցում:

Նա ասաց, որ 17:00-ից հետո իրենք ևս մի քանի ընտրատեղամասեր կայցելեն ու կփորձեն հաղորդակցվել երիտասարդների հետ, քանի որ նրանք ազատ են, բացահայտ ասում են, թե ում են տալիս իրենց ձայնը և ինչու:

Վիկտոր Վոդոլացկին եզրափակեց  խոսքը`շնորհավորելով բոլորին հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ, որը լրանում է ապրիլի 3-ին:  «Մենք դրական ենք տրամադրված սոցիալական, մշակութային, տնտեսական և այլ ոլորտներում երկու երկրների միջև հարաբերությունները զարգացնելու համար»,-ասաց նա:

Հայաստանի Ազգային ժողովի հերթական ընտրություններին մասնակցում են քաղաքական 9 ուժեր, որոնցից 5-ը կուսակցություններ են, 4-ը` կուսակցությունների դաշինքներ: Ընտրություններին մասնակցում են Հայաստանի Հանրապետական, «Հայկական վերածնունդ», «Ազատ դեմոկրատներ», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն», Հայաստանի Կոմունիստական կուսակցությունները, ինչպես նաև «Ելք», «Ծառուկյան», «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» և «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքները:

ՀՀ ոստիկանության հրապարակած վերջին տվյալներով՝ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների ընդհանուր թիվն է 2 միլիոն 564 հազար 195, հաշվառում չունեցող ընտրողների թիվը` 915: Ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատությունում գտնվող ընտրողների թիվն ըստ տվյալների 2001 է:

Տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամների թիվը 28 հազար 277 է: Ընտրական տեղամասեր գործուղվել են ոստիկանության 197 ծառայողներ: Ազգային ժողովի ընտրությունները կլուսաբանի 120 լրատվամիջոց (89 տեղական և 31 միջազգային) և 55 դիտորդական կազմակերպություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]