Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հոլանդահայերը Հայոց ցեղասպանության հարցի հետ կապված պահանջագիր են ներկայացրել Նիդերլանդների խորհրդարան

Հոլանդահայերը Հայոց ցեղասպանության հարցի հետ կապված պահանջագիր են 
ներկայացրել Նիդերլանդների խորհրդարան

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոլանդահայ կազմակերպությունները Հայոց ցեղասպանության հարցի հետ կապված պահանջագիր են ներկայացրել Նիդերլանդների խորհրդարան: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՅԴ Նիդերլանդների Հայ Դատի հանձնախմբի նախագահ Մասիս Աբրահամյանը, ով քիչ առաջ էր դուրս եկել խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հետ հանդիպումից:

«Մեզ ընդունեց Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Փիթր Օմտզիխտը, ով հաճախ հանդես է գալիս ի նպաստ մեր շահերի պաշտպանության: Հանդիպմանը բոլոր կուսակցություններից ներկայացուցիչներ կային: Մենք ներկայացրեցինք մեր պահանջագիրը: Մեր հիմնական խնդիրն այն է, որ Նիդերլանդները վերջին շրջանում մեզ համար տարօրինակ քաղաքականություն է որդեգրել` ցեղասպանության փոխարեն օգտագործելով ցեղասպանության խնդիր բառը: Դա մեզ ցավ է պատճառում: Մենք նշեցինք, թե որքան սխալ է այդ քաղաքականությունը: Այդ քաղաքականության պատճառով է, որ Թուրքիան այսօր շատ ավելի կոշտ դիրքորոշում ունի Նիդերլանդների հանդեպ: Այն, որ հոլանդացիներն ասում էին չնեղացնենք թուրքերին, չասենք ցեղասպանություն բառը, մեր համոզմամբ, հակառակ ազդեցությունն ունեցավ»,-ասաց Մասիս Աբրահամյանը:

Ներկայացված պահանջագիրը կքննարկվի և առաջիկայում կտրվի պատասխան: Մասիս Աբրահամյանը լիահույս է, որ նոր կառավարությունը շրջադարձ մոտեցում կցուցաբերի և իրերը կկոչի իրենց անունով:

Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ Նիդերլանդներում հայ համայնքն անցկացնելու է միջոցառումների շաբաթ: Ապրիլի 22-ին մեծ ցույց կանցկացվի Ամստերդամում: Մասիս Աբրահամյանը նշեց, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցից սկսած՝ միջոցառումներին մեծ թվով հայեր են մասնակցում: Արդեն պայմանավորվածություն կա ոստիկանության հետ, ճշտվել են այն փողոցները, որտեղով անցկացվելու է քայլարշավը: Մասնակիցները երթով շարժվելու են Ամստերդամի ցույցերի հավաքատեղի` հրապարակ: Հանրահավաքին կմասնակցեն ականավոր դեմքեր, ցեղասպանությունների դեմ պայքարի ջատագովներ: Հիշատակի միջոցառումներ կանցկացվեն ապրիլի 23-ին, 24-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]