Հայոց ցեղասպանության հարցում պետք է տարբերել Իսրայելի հանրության և իշխանության դիրքորոշումները. Մանոյան
ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-իսրայելական հարաբերություններում ներկայումս կա ավելի հրատապ խնդիր, քան Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ապրիլի 25-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:
«Չեմ կարծում, որ Իսրայելի իշխանության հետ Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանակցություններ պետք է տանել, քանզի հայ-իսրայելական հարաբերություններում կան շատ ավելի հրատապ հարց` Ադրբեջանին Իսրայելի ռազմական աջակցությունը»,- ասաց Մանոյանը:
Ըստ նրա` Իսրայելի հանրությունը լիովին այլ կարծիքի է Հայոց ցեղասպանության հարցում:
«Իսրայելի հանրությունը և աշխարհի հրեա մտավորականությունը իրենց ձայնը մշտապես բարձրացրել և բարձրացնում են Հայոց ցեղասպանության փաստի առթիվ: Բացի այդ, պետք է նշել, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ կարևոր հարցերի ուսումնասիրությունները կատարել են նաև հրեաները, ուստի շատ կարևոր է տարբերել Իսրայելի հանրության և իշխանության դիրքորոշումը»,- ասաց Մանոյանը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում