1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Բժշկական և թատերական համալսարանները Թումանյանի 150-ամյակին նվիրված միջոցառում էին կազմակերպել

Բժշկական և թատերական համալսարանները Թումանյանի 150-ամյակին նվիրված 
միջոցառում էին կազմակերպել

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 150-ամյակին ընդառաջ Երևանի պետական բժշկական համալսարանն ու Երևանի կինոյի և թատրոնի ինստիտուտը համատեղ միջոցառում են կազմակերպել:

Լուսանկարները` Ֆելիքս Առուստամյանի

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը, դիմելով ներկաներին, ասաց, որ իրենց համար մեծ պատիվ է իրականացնել այդ միջոցառումը իրենց հաստատության տանիքի ներքո:

«Ապագա բժիշկների գործունեությունը կապված է ոչ միայն արհեստավարժ բժշկագիտության հետ, այլև խորը մշակութային գիտելիքներով օժտված հոգևոր արժեքների սանդղակում: Մենք մեծ տեղ ու դեր ենք տալիս մեր ապագա բժիշկների հոգեբանական և բարոյական կերպարներին: Նրանք պետք է ոչ միայն բուժող, այլև լույս սփռող անձինք լինեն»,- նշեց ռեկտորը և ասաց, որ Երևանի կինոյի և թատրոնի ինստիտուտի հետ համագործակցությունը շատ խոստումնալից է: Արմեն Մուրադյանը հույս հայտնեց, որ հետագայում համատեղ ուժերով բազմաթիվ ծրագրեր կարող են իրականացնել: Երևանի կինոյի և թատրոնի ինստիտուտի ռեկտոր Դավիթ Մուրադյանն էլ իր հերթին ընդգծեց, որ և՛ բժիշկները, և՛ արվեստագետներն, ըստ էության, նույն գործն են անում:

«Եթե բժշկի պարտականությունը մարդու կյանքը փրկելն է, ապա արվեստագետինը` մարդու մեջ մարդկայինը փրկելն է: Մենք Արմեն Մուրադյանի հետ մի քանի ուրվագծեր ենք նշել մեր ապագա համագործակցության վերաբերյալ: Հետագայում կլինեն կինոյի դիտումներ, քննարկումներ, գուցե կկազմակերպվեն ուսանողական թատրոնի ներկայացումների դիտումներ և այլն»,- շեշտեց Դավիթ Մուրադյանը: Միջոցառման ընթացքում երկու համալսարանների ուսանողներն արտասանեցին Թումանյանի բանաստեղծությունները:

Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակը լրանում է 2019 թվականին, սակայն ՀՀ մշակույթի նախարարությունը 2017թ-ից նախաձեռնել է մի շարք միջոցառումներ, այդ թվում՝ թումանյանական հերոսների մեծադիր քանդակների մրցույթ գրողի ծննդավայրում: Միջոցառումների մեկնարկն ազդարարվել է հունվարի 25-ին գրողի՝ դսեղյան տուն-թանգարանում ենթակառուցվածքների շինարարության համար համագործակցության համաձայնագրի ստորագրմամբ:

Հայ բանաստեղծ, արձակագիր, գրական, ազգային և հասարակական գործիչ Հովհաննես Թումանյանը ծնվել է 1869 թվականի փետրվարի 19-ին Դսեղ գյուղում: Նա գրել է բանաստեղծություններ, պոեմներ, քառյակներ, բալլադներ, պատմվածքներ ու հեքիաթներ, ակնարկներ, քննադատական ու հրապարակախոսական հոդվածներ, կատարել է թարգմանություններ, մշակել է էպոսի «Սասունցի Դավիթ» ճյուղը։ Համարվում է ամենայն հայոց բանաստեղծ: Նրա գործերը մեծ մասամբ գրված են ռեալիստական ոճով` երբեմն կենտրոնանալով իր ժամանակների ամենօրյա կյանքի վրա: Թումանյանը ծնվել է Լոռվա Դսեղ գյուղում, երիտասարդ տարիքում տեղափոխվել է Թիֆլիս: Շուտով նա հայտնի դարձավ հայկական հասարակության լայն շրջանակներին շնորհիվ իր պարզ, բայց բացառիկ պոետիկ ստեղծագործությունների։ Թումանյանի ստեղծագործությունների հիման վրա նկարահանվել են մի շարք ֆիլմեր: Եվս երկու՝ Անուշ (1912) և Ալմաստ (1930) օպերաները հիմնված են Թումանյանի ստեղծագործությունների վրա: Հովհաննես Թումանյանը մահացել է 1923 թվականի մարտի 23-ին Մոսկվայում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]