«Ավրորա-2017»-ի հավակնորդ Թոմ Քաթինան տպավորված է Գյումրու գեղեցկությամբ
21:13, 24 Մայիս 2017
ԳՅՈՒՄՐԻ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ավրորա-2017»-ի հավակնորդ Թոմ Քաթինան տպավորված է Գյումրու գեղեցկությամբ: Այս մասին Թոմը նշեց «Արմենպրես»-ի հետ զրույցում: Կիսվելով տպավորություններով՝ «Ավրորա-2017»-ի հավակնորդը փաստեց, որ Գյումրին իր սպասածից ավելի գեղեցիկ է: «Ես լսել եմ այն ահավոր երկրաշարժի մասին, որը տեղի է ունեցել այստեղ, և որ այս քաղաքը ավերակի է վերածվել, բայց եթե կան հույսի նշաններ, ապա քաղաքը կվերականգնի, իսկ ես այդ հույսի նշանները տեսա:
Շատ գեղեցիկ ու հպարտանալու առիթ տվող քաղաք է, մարդիկ էլ ջերմ, հյուրասեր ու հյուրընկալ: Ես անչափ ուրախ եմ այս քաղաք իմ այց համար»,-նշեց Թոմ Քաթինան՝ խորհուրդ տալով հայերին պատրաստ լինել օգնության ձեռք մեկնել կարիքավորներին: «Գիտեմ՝ շատ դժվարություն է հայն ունեցել իր պատմության ընթացքում՝ պատերազմներ, ցեղասպանություն, երկրաշարժ: Անցյալում շատ զոհեր եք ունեցել ու մարդիկ ձեզ օգնության ձեռք են մեկնել, հիմա ժամանակն է օգտվել այդ հնարավորությունից ու օգնել մյուսներին: Դուք լավ կրթություն ու քրիստոնյա հավատք ունեք. օգտվեք դրանից և օգնեք մարդկանց ամբողջ աշխարհում»,-հավելեց Թոմ Քաթինան:
Արմենուհի Մխոյան
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում