Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Վաշինգտոնում Էրդողանի անվտանգության աշխատակիցների հարձակումից տուժածներից մեկը Քյարամ Սլոյանի հարազատն է

Վաշինգտոնում Էրդողանի անվտանգության աշխատակիցների հարձակումից 
տուժածներից մեկը Քյարամ Սլոյանի հարազատն է

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ծնված, Միացյալ Նահանգների եզդի համայնքի գործիչ Լյուսի Ուսոյանը Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանի նստավայրի առջև միջադեպի ընթացքում տուժածներից մեկն է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Ամերիկայի ձայն»-ին Լյուսին համաձայնել է պատմել Էրդողանի այցելության ժամանակ տեղի ունեցած միջադեպի ու դրան նախորդած բոլոր մանրամասները:

«Ցույցը սկսվեց Սպիտակ տան առջև, քանի որ մենք մտահոգված էինք Էրդողանի այցով Սպիտակ տուն՝ կարծելով, որ ժողովրդավարությունը չհարգող անձը չպետք է իրավունք ունենա հյուրընկալվել Սպիտակ տանը, որը ժողովրդավարության խորհրդանիշն է: Մենք կարող էինք անվտանգ բարձրաձայնել մեր պահանջները Սպիտակ տան առջև և բնականաբար որևէ կերպ չէինք սադրում»,- նշել է նա:

ԱՄՆ հայ, քուրդ և եզդի համայնքների կազմակերպած ցույցի ընթացքում գրանցվել էր ընդամենը մեկ փոքր միջադեպ, երբ Թուրքիայի նախագահ Էրդողանի կողմնակիցները փորձեցին խլել քուրդ ցուցարարներից մեկի ցուցապաստառը, որից հետո իրավապահները բողոքարարների միջև բաժանարար գիծ ստեղծեցին: Սպիտակ տան առջևից Էրդողանի այցի դեմ բողոքողները երթով շարժվեցին դեպի Թուրքիայի դեսպանի նստավայր, որտեղ արդեն հավաքվել էր Էրդողանի կողմնակիցների մի խումբ:

«Բողոքը խաղաղ էր ընթանում, սակայն լինելով առաջնագծում՝ ես տեսա, որ Էրդողանի կողմնակիցների խմբին միացավ մեկ այլ խումբը: Այդ մարդիկ բացարձակապես այլ կերպ էին հագնված՝ խակի գույնի վերնաշապիկներով, վարժված, թիկնեղ, արևային ակնոցներով ու զինվորական կոշիկներով»,-պատմել է Լյուսին:

Նրա խոսքով՝ այդ մարդիկ վազեցին Թուրքիայի նախագահի դեմ ցուցարարների ուղղությամբ և սկսեցին հարվածել: «Հանկարծ ես գետնին հայտնվեցի՝ չգիտակցելով նույնիսկ, թե ինչպես են ինձ վայր նետել: Հաջորդ բանը, որ հիշում եմ, այն է, թե ինչպես է ինչ-որ մեկն անընդհատ հարվածում գլխիս: Մի միտք էր այդ պահին գլխումս՝ չէ որ ես նույնիսկ չեմ էլ պաշտպանվում, ինչու են ինձ հարվածում: Այնուհետև գիտակցությունս կորցրեցի, իսկ երբ բացեցի աչքերս, տեսա, որ գետնին եմ: Արամ Համփարյանն ինձ օգնեց ոտքի կանգնել, և ես տեսա, որ ցույցի մասնակիցներից շատերը վիրավորված են, արյունոտ՝ մի բան, որ ինձ ցնցեց, քանի որ ես պատրաստ չէի նման բռնության»,- պատմել է Ուսոյանը:

Հարվածներից նա ուղեղի տրավմատիկ վնասվածք է ստացել, որի ապաքինման համար 6-8 շաբաթ կպահանջվի, սակայն ամեն բան կարող էր ավելի վատ ավարտվել, եթե տեղում չլինեին Վաշինգտոնի մի քանի ոստիկան: «Նրանք փոքր խմբով փորձում էին պաշտպանել մեզ: Տեսագրության վրա երևում է, թե ինչպես է ոստիկանը փորձում քաշել ինձ հարվածող մարդկանց»,- նշել է Լյուսին:

Նրա համոզմամբ՝ ցուցարարները որևէ կերպ չեն փորձել սադրել Էրդողանի կողմնակիցներին, այլ խաղաղ իրենց բողոքն ու Էրդողանի քննադատությունն էին բարձրացնում փողոցի հակառակ կողմում: «Միգուցե նրանք սովոր չեն քննադատության, դա կարող է լինել պատճառ, սակայն մենք ապրում ենք ժողովրդավար ժամանակաշրջանում: Սա 21-րդ դարն է, և անհրաժեշտ է հանդուրժող լինել, կամ էլ հաշվի առնել, թե ինչու են մարդիկ բողոքում»,- ընդգծել է նա:

Շատերի նման՝ Լյուսին տեղի ունեցածն անընդունելի է համարում: «Մեր համոզմամբ՝ ոչ մի կառավարություն, ոչ միայն թուրքականը, չունի իրավունք գալ այս երկիր, ծեծի ենթարկել ԱՄՆ քաղաքացիներին ու պատասխանատվության չենթարկվել»,- ասել է նա:

Ուսոյանը դուրս էր եկել Էրդողանի դեմ բողոքի ցույցի՝ պահանջելու եզդիների իրավունքների պաշտպանություն, ինչպես նաև Հայոց ցեղասպանության ճանաչում: «Հայաստանն այն պետությունն է, որտեղ ես ծնվել եմ և որը մեկ դարից ավելի բազմաթիվ եզդիների հայրենիք է դարձել»,- նշել է նա:

Լյուսի Ուսոյանը երեք տարեկան էր, երբ ծնողների հետ հեռացավ Հայաստանից, սակայն այստեղ են նրա շատ բարեկամներ, որոնցից մեկն էր քառօրյա պատերազմում զոհված Քյարամ Սլոյանը: «Մենք՝ բոլոր հայաստանցիներս, պետք է ոտքի կանգնենք հանուն իրավունքի ու արդարություն և Հայոց ցեղասպանության ճանաչում պահանջենք»,- հայտարարել է նա:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]