Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը մի շարք դպրոցներում մասնակցեց «Վերջին զանգի» միջոցառումներին

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը մի շարք դպրոցներում մասնակցեց «Վերջին 
զանգի» միջոցառումներին

 

ԳԱՎԱՌ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզում մայիսի 26-ին «Վերջին զանգը» հնչեց մարզային ենթակայության 85 միջնակարգ եւ ՀՀ ԿԳ նախարարության ենթակայությամբ գործող 8 դպրոցների ավարտական դասարաններում: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ մարզի դպրոցներում կազմակերպվեցին «Վերջին դաս» միջոցառումներ, որոնց մասնակցեցին նաեւ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի պատասխանատու ներկայացուցիչները: Իր աշխատանքային առաջին օրը Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանն անցկացրեց մարզի մի շարք հանրակրթական դպրոցներում՝ մասնակցելով «Վերջին դաս» միջոցառումներին:
Վարդենիս քաղաքի Էդիկ Պողոսյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցում մարզպետ Կարեն Բոթոյանը շնորհավորեց հիմնական դպրոցին հրաժեշտ տվող շրջանավարտներին՝ մաղթելով հաջողություններ հետագա ուսումնառության մեջ: Վարդենիսի ավագ դպրոցում մարզպետը շնորհավորանքի խոսք ուղղեց ավարտական դասարանի 60 շրջանավարտներին:«Սիրելի շրջանավարտներ,այս պահից դուք հրաժեշտ եք տալիս ձեր դպրոցական կյանքին եւ մուտք գործում կյանքի նոր շեմ: Այժմ արդեն ձեր կյանքի նավը նավահանգստից դուրս է գալիս բաց ծով, եւս ես համընթաց քամի եմ ցանկանում ձեր նպատակների նավին: Շատ կարեւոր է, որ ձեզնից ամեն մեկը գտնի իր տեղը հանրային կյանքում, դառնա մեր հայրենիքին արժանի քաղաքացի: Միաժամանակ ուզում եմ շնորհակալություն հայտնել ուսուցիչներին՝ իրենց նվիրական ու նպատակամղված աշխատանքի համար, համոզված լինելով, որ նրանց վաստակը ոչ մի տեղ չի կորչելու»,-նշեց Կարեն Բոթոյանը: Գեղարքունիքի նորանշանակ մարզպետն առանձնակի հուզմունքով այցելեց Մեծ Մասրիկի միջնակարգ դպրոց, ուր անցել են նրա դպրոցական տարիները, եւ որ նրան սրտաբաց դիմավորեցին իր ուսուցիչները: Այստեղ եւս Կարեն Բոթոյանը մասնակցեց «Վերջին դաս» միջոցառմանը, բարի երթ ու հետագա հաջողություններ մաղթելով շրջանավարտներին:
Այնուհետ մարզպետը հանդիպում ունեցավ ուսուցչական կոլեկտիվի հետ:«Այսօր մենք միմյանց շնորհավորելու մի քանի առիթ ունենք:Առաջին առիթը ուստարվա ավարտն է եւ մեր շրջանավարտների հրաժեշտի միջոցառումը, երկրորդ՝ մեր մանկավարժական կոլեկտիվը հպարտ է եւ ուրախ, որ իրենց նախկին աշակերտը նշանակվել է մարզպետի պատասխանատու պաշտոնում, իսկ երրորդ առիթն այն է, որ մեր մարզպետը մեզ պատվել է իր այցելությամբ:Իսկապես, մեզ համար մեծ պատիվ է՝ մեր դպրոցում ուսանած անձնավորությանը տեսնել Գեղարքունիքի մարզպետի պաշտոնում, եւ մենք բազմապատկելու ենք մեր ճիգերն ու ջանքերը, որպեսզի մատաղ սերնդի կրթության ու դաստիարակության գործը միշտ պահենք բարձր հիմքերի վրա»,-նշեց Մեծ Մասրիկի միջնակարգ դպրոցի տնօրեն Ատոմ Հակոբյանը:
«Սիրելի ուսուցիչներ, ես  ցանկացա իմ առաջին աշխատանքային օրը սկսել ձեր օրհնանքով: Շնորհակալ եմ ձեզնից՝ տված կրթության ու դաստիարակության համար: 17 տարի առաջ ես հրաժեշտ եմ տվել այս դպրոցին, որտեղ անցկացրած տարիները միշտ վառ են մնացել իմ հիշողության մեջ: Այս դպրոցը մեր երկրին տվել է բազմաթիվ հայրենասեր ու նվիրյալ մարդկանց, եւ համոզված եմ, որ այս տարվա շրջանավարտները եւս կհամալրեն շատ ու շատ անվանի մարդկանց շարքերը»,-իր ուսուցիչներին դիմեց Կարեն Բոթոյանը: Իրենց հերթին Մեծ Մասրիկի միջնակարգ դպրոցի ուսուցիչները շնորհակալություն հայտնեցին նորանշանակ մարզպետին՝ ցանկանալով նրան հետագա հաջողություններ ու ձեռքբերումներ պետական աշխատանքում: «Վերջին զանգի» կապակցությամբ մարզպետ Կարեն Բոթոյանը ուղերձ է հղել մարզի հանրակրթական դպրոցների շրջանավարտներին:«Արմենպրես»-ի հետ զրույցում Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Գարիկ Բադալյանը հավաստեց, որ մարզպետարանի ենթակայությամբ գործող բոլոր հանրակրթական դպրոցներում «Վերջին զանգ»-ի հետ կապված միջոցառումները կազմակերպվել են միայն դպրոցներում, «Վերջին դասի» տեսքով՝ բացառելով խնջույքները, ավտոմեքենաներով երթերը, էքսկուրսիաները:

 

 

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]