Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Հայաստան համահայկական հիմնադրամը 25 տարեկան է

Հայաստան համահայկական հիմնադրամը 25 տարեկան է

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի համահայկական հինադրամն այս տարի տոնում է ստեղծման 25-ամյակը: Հիմնադրամի հոբելյանին նվիրված երեկոն անցկացվեց  մայիսի 26-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:

«Մեր ձեռքբերումները շատ են. տարիների ընթացքում ունեցել ենք 700 000 նվիրատվություններ և դրանց թիվը գնալով աճում է: Կարևորում եմ նաև Գորիս-Ստեփանակերտ և Վարդենիս-Մարտակերը մայրուղիների հետ կապված ծրագրերը: Նշեմ, որ վերջինս կբացվի այս տարվա սեպտեմբերին»,-«Արմենպրես»-ի  հաղորդմամբ՝ նշեց Հայաստան համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը և հավելեց, որ վաղը տեղի կունենա հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հիմնադրամի հոգաբարձուներից շատերը ժամանել են Հայաստան՝ որոշվել է  այսօր նշել  հոբելյանը:

Հայաստան համահայկական հիմնադրամի համահիմնադիր, Հայաստանի սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի խոսքով՝  հիմնադրամի  հիմքում չափազանց կարևոր սկզբունքներ են դրված:  «Գաղափարը  ոչ միայն տարբեր խնդիրներ լուծելն է, այլև  դրա միջոցով  համայն հայությանը պետականության կերտման, ազգաշինության գործին մասնակից դարձնելն է:  Հիմնադրամը կարողացավ 100 000-ավոր հայերի ներգրավել այդ գործընթացի մեջ, և նրա ծրագրերը կարելի է  հիշատակի կոթողներ համարել»,-շեշտեց նա:

Միջոցառմանը ֆիլմի տեսքով ներկայացված տարիների ընթացքում հիմնադրամի կատարած լայնածավալ աշխատանքները:

Ներկա էին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը:

1992 թվականին ՀՀ Նախագահի հրամանագրով ստեղծվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամը` որպես եզակի մի կառույց, որը կոչված է համախմբել Հայաստանում և արտերկրում ապրող բոլոր այն հայերին և նրանց համախոհներին, ովքեր պատրաստակամ են իրենց ջանքերն ուղղել Հայաստանի նորաստեղծ հանրապետության և Արցախի կայուն զարգացմանը: Շուկայական հարաբերությունների հաստատման բարդություններին զուգահեռ անհրաժեշտ էր հաղթահարել բազում հիմնախնդիրներ, որոնք պետության առջև ծառացել էին 1988-ի ավերիչ երկրաշարժի, երկրի շրջափակման և արցախյան պատերազմի հետևանքով: 

Ըստ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կանոնադրության` Հիմնադրամի բարձրագույն ղեկավար մարմինը` Հոգաբարձուների խորհուրդն է, որի նախագահն ի պաշտոնե հանրապետության նախագահն է: Խորհրդի կազմում են Ամենայն Հայոց կաթողիկոսը, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը, Հայ Կաթողիկե Եկեղեցու կաթողիկոս-պատրիարքը, Հայ Ավետարանական եկեղեցու ներկայացուցիչը, ԼՂՀ նախագահը, ՀՀ և ԼՂՀ վարչապետները, ՀՀ Սահմանադրական դատարանի, Ազգային ժողովի և Կենտրոնական բանկի նախագահները, նախարարներ, երեք ավանդական կուսակցությունների, խոշոր բարեգործական կազմակերպությունների` ՀԲԸՄ-ի, ՀՕՄ-ի, և Ամերիկայի հայկական համագումարի ղեկավարները, սփյուռքահայ ճանաչված բարերարներ ու գործիչներ Հայաստանից, Արցախից և սփյուռքից: 

Հիմնադրամի աշխատանքներում ակտիվ մասնակցություն և մեծ ներդրում ունեն նրա 25 տեղական մարմինները, որոնք ներկայումս գործում են աշխարհի 22 երկրներում. Միացյալ Նահանգներում` Լոս Անջելեսում և Նյու Յորքում, Ֆրանսիայում, Կանադայում` Տորոնտոյում և Մոնրեալում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Հոլանդիայում, Շվեյցարիայում, Ավստրիայում, Շվեդիայում, Լիբանանում, Սիրիայում, Քուվեյթում, Ավստրալիայում, Բրազիլիայում, Արգենտինայում` Բուենոս Այրեսում և Կորդոբայում, Հունաստանում, Կիպրոսում, Ուրուգվայում, Ռումինիայում, Ռուսաստանի Դաշնությունում, Իրանում եւ Իտալիայում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]