1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Սփյուռքի բազմաթիվ գրողներ կարող են մեր դեսպանները դառնալ իրենց ապրած երկրներում. Ալեքսանդր Թոփչյան

Սփյուռքի բազմաթիվ գրողներ կարող են մեր դեսպանները դառնալ իրենց ապրած 
երկրներում. Ալեքսանդր Թոփչյան

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Երևանում և Ծաղկաձորում օրերս անցկացվեց Սփյուռքի հայագիր և օտարագիր գրողների համաժողովը, որին մասնակցում էին տարբեր երկրներից Հայաստան ժամանած գրողներ, թարգմանիչներ, գրականագետներ: Համաժողովի կարևորության, թարգմանվող գրականության չափանիշների և այլ հարցերի շուրջ «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցեց գրականագետ, թարգմանիչ, գրող Ալեքսանդր Թոփչյանի հետ:

«Առաջին իսկ համաժողովից մասնակցում եմ այդ միջոցառումներին: Թող անհամեստ չհնչի, բայց  Հայաստանում հայագիր և օտարագիր գրողներին անդրադարձող համաժողովներ կազմակերպելը նաև իմ նախաձեռնությունն է եղել: Այդ մասին բազմիցս խոսել ենք ՀԳՄ նախկին նախագահ Լևոն Անանյանի հետ ու եկել այն եզրակացության, որ դրանք ոչ միայն մշակութային, այլև քաղաքական նշանակություն ունեն: Համաժողովները նոր գաղափարներ են ծնում, ճանաչելի են դարձնում Հայաստանում և Սփյուռքում ստեղծագործող գրողների գործերը: Համաժողովներին հայապահպանությանը վերաբերող հարցեր են քննարկվում»,-շեշտեց գրականագետը:

Նա հավելեց, որ Սփյուռքում տարբեր լեզուներով ստեղծագործողներ կան, որոնք այդ երկրներում նկատելի հաջողությունների են հասել, պատվավոր մրցանակների  արժանացել և կարող են հայոց հարցը ներկայացնել, մեր դեսպանները դառնալ օտար երկրներում: «Բնավ պարտադիր չէ, որ այդ գրողները Հայոց ցեղասպանության մասին գրեն: Իրենց լավ գրքերով կարող են հայերի շուրջ բարենպաստ  մթնոլորտ ստեղծել»,-ասաց Թոփչյանը:

Խոսելով համաժողովի հաջողություններից` գրականագետն ասաց, որ դրանցից հետո գրողների ստեղծագործությունները սկսեցին ավելի հաճախ թարգմանվել ու տպագրվել Ամերիկայում, Բելգիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում և այլ երկրներում: Այդ ստեղծագործողներն իրենց կապերը, հնարավորություններն օգտագործում են ի շահ հայրենիքի: «Բելգիայում ապրող գրող Ժան Բատիստ Բարոնյանը, որի գրքերից չորսը ես եմ թարգմանել հայերեն, նշանավոր ծանոթներ ունի Բելգիայի խորհրդարանում, նախարարների շրջանում և ամեն անգամ առիթը չի կորցնում ի նպաստ Հայաստանի որևէ քայլ անել: Այսպես կաթիլ առ կաթիլ է պետք աշխատել, որ ծով դառնանք: Ամերիկայում նույնպես կան օտարագիր հայ գրողներ` Պիտեր Բալաքյանը, որը Պուլիցերյան մրցանակի դափնեկիր է. նա էլ այնտեղ է լուրջ աշխատանքներ տանում, քիչ չեն նման գրողները նաև Ֆրանսիայում: Պետք է ավելի խորացնել, ընդարձակել գրողների կապերն ու գործունեության շրջանակը»,-նշեց նա:

Ալեքսանդր Թոփչյանը շեշտեց, որ հայաստանաբնակ և հայագիր գրողների գործերը նույնպես թարգմանվում են այլ լեզուներով, բայց դա տարերային բնույթ է կրում: Կազմակերպված աշխատանքը բացակայում է: Նրա խոսքով` եթե մարդն ունի կապեր, ծանոթներ, կարողանում է իր սեփական միջոցներով տպագրել իր գրքերը և թարգմանել: Սակայն հարց է, թե ի՞նչ որակի են դրանք, արդյոք վաճառվու՞մ են այլ երկրներում, պահանջարկ ունե՞ն: «Թարգմանում, նվիրում ենք, և վերջ: «Անհրաժեշտ է թարգմանել այն գրքերը, որոնք հետաքրքրում են եվրոպական, ամերիկյան հեղինակավոր հրատարակչություններին: Նրանք կարող են կազմակերպված աշխատանք իրականացնել և բարձրակարգ ձևով թարգմանել մեր արդի և դասական գրականության ներկայացուցիչների գրքերը: Ես այստեղի թարգմանիչների լեզվի իմացության վրա բնավ չեմ կասկածում, սակայն մի բան է, երբ գրական գործընթացում ես, այլ բան է, որ լավ լեզու գիտես: Պետք է հասկանալ գրական ստեղծագործության գեղագիտությունը»,-ընդգծեց նա:

Թոփչյանը խոսեց նաև հայերեն թարգմանվող գրականության ընտրության մասին:  «Ֆրանսերենից հայերեն 75 գիրք եմ թարգմանել, տպագրել: Ամեն անգամ գործը սկսելուց առաջ ինքս ինձ հարց եմ տալիս, թե  որքանով է տվյալ ստեղծագործությունն այդ պահին անհրաժեշտ: Իսկ ընտրության չափանիշները տարբեր են: Մենք ունենք ազգային հարցեր: Կան վեպեր, որոնք արդիական են, նոր խոսք են ասում, և դրանք անպայման պետք է ժամանակին թարգմանել: Կարևոր է նաև բարեկամության խնդիրը: Վահե Գոդելը հիանալի բանաստեղծ է, որը հայ բանաստեղծության հատորներ է թարգմանել, և մենք պարտավոր ենք ժամանակ առ ժամանակ հիշել նրան և ներկայացնել: Մի խոսքով, չափանիշներն ու խթանները տարբեր են, սակայն պետք է անել մի գործ` համոզված, որ եթե հեղաշրջում չես անում, գոնե մի քար ես դնում քո մշակույթի պատին»,-եզրափակեց Թոփչյանը:

Լուսանկարը՝ avproduction.am-ի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]