1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Արտաշես Գեղամյան. ծնունդդ շնորհավոր, հայրի՛կ (Մաս 1)

Արտաշես Գեղամյան. ծնունդդ շնորհավոր, հայրի՛կ (Մաս 1)

2002թ. սեպտեմբերին Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոսներ Սիլվա Կապուտիկյանը, Արմեն Գալոյանը, Գալուստ Գալոյանը, Սերգեյ Համբարձումյանը, Էմիլ Գաբրիելյանը և Հայկական ԽՍՀ վաստակավոր նկարիչ Սլավիկ Պարոնյանը (2013-ից՝ ՀՀ ժողովրդական նկարիչ) միջնորդությամբ դիմեցին ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանին և Երևանի քաղաքապետ Ռոբերտ Նազարյանին՝ Մաշտոցի պողոտայի 39/12 շենքի պատին հայտնի կուսակցական, պետական գործիչ Մամիկոն Արտաշեսի Գեղամյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակ փակցնելու մասին։ Հաշվի առնելով Երևան քաղաքի Խորհրդի 23.09.2002թ. N 13/1 որոշումը՝ 2002թ. սեպտեմբերի 26-ին Երևանի քաղաքապետ Ռոբերտ Նազարյանն ընդունեց N 1655 Ա՝ «Մամիկոն Գեղամյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման թույլտվության մասին» որոշումը, որում ասվում է. «թույլատրել կուսակցական, պետական գործիչ Մամիկոն Արտաշեսի Գեղամյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրումը Մաշտոցի պողոտայի հ. 39/12 շենքի պատին»։ Գրանիտե հուշատախտակին գրված է. «Այս տանը 1947-2002թթ. ապրել է հայտնի պետական և կուսակցական գործիչ Մամիկոն Արտաշեսի Գեղամյանը»։

Մամիկոն Գեղամյանի ծննդյան 100-ամյակի նախօրեին «Արմենպրեսը» հրապարակում է նրա որդու՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արտաշես Գեղամյանի առանձին հուշերն իր հոր մասին։ 

2018թ. հունվարի 14-ին լրանում է Խորհրդային Հայաստանի հայտնի կուսակցական, պետական գործիչ Մամիկոն Արտաշեսի Գեղամյանի՝ իմ հոր ծննդյան 100-ամյակը։ Խոստովանում եմ, որ ինձ համար շատ դժվար է գրել այս տողերն իմ սիրելի, հարազատ ու թանկագին հոր մասին։ Եվ բնավ ոչ այն պատճառով, որ նրա կյանքում քիչ են եղել վառ, հիշատակելի փուլեր և իրադարձություններ։ Ո՛չ, ո՛չ, ուղիղ հակառակը։ Մեր օջախում՝ Արթիկում, Լենինականում և Երևանում, մեր մեծ ժամանակակիցների հետ տեղի ունեցած հանդիպումների, զրույցների հիշատակումն իսկ մի քանի էջ կլցներ։ Պահի նրբությունն այն է, որպեսզի հանկարծ որևէ հիշարժան դրվագ չմոռանամ նրա կյանքից և դրանով իսկ ակամա նեղացնեմ մեկնումեկին, կամ էլ տխուր հիշղությունների գիրկը չնետեմ նրա իսկ ժամանակակիցներին, ովքեր, ավաղ, արդեն շատ քիչ են մնացել։ Հուշեր գրելու դժվարությունը շատ բանով պայմանավորված է նաև նրանով, որպեսզի աշխարհում և միջազգային հարաբերություններում տեղի ունեցող գլոբալ փոփոխությունների ֆոնին նկարագրելով 1940-60-ական թթ. իրադարձությունները՝ չկորչի 1941-45թթ. Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովրդի տարած հաղթանակից հետո այդ բարդ և միևնույն ժամանակ վեհ տասնամյակների ստեղծարար հերոսականությունը։ Հիշելով իմ ծնողների և նրանց ժամանակակիցների պատմությունները՝ ես ակամա մտորում էի. որտեղի՞ց էին նրանք, հաճախ՝ անոթի, քաղում թվում է, թե անսպառ հոգեկան կորովը՝ օրական 12 ժամ աշխատելով իրենց վստահված տեղամասերում։ Ի՞նչն էր նրանց առաջ մղում։ Գուցե պարտքի զգացողության գիտակցո՞ւմը իրենց ավելի քան 200 հազար հայրենակիցների առջև, ովքեր չվերադարձան Հայրենական մեծ պատերազմի մարտադաշտերից։ Իսկ գուցե ցանկությո՞ւնը՝ հավասարվելու Խորհրդային Միության 104 հայ հերոսներին, կամ էլ՝ Փառքի ասպետ 27 հայ շարքային զինվորներին։ Կամ գուցե ցանկությո՞ւնը՝ արժանի լինել Հաղթանակի մարշալի՝ Խորհրդային Միության մարշալ Գեորգի Կոնստանտինովիչ Ժուկովի՝ հայերի մասին ասած խոսքերին. «Ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում հայերը՝ սկսած շարքայինից և վերջացրած մարշալով, քաջարի մարտիկների չխամրող փառքով անմահացրին իրենց անունները»։

Եվ այսպես, Մամիկոն Արտաշեսի Գեղամյանը 1937թ. գերազանցությամբ ավարտելով Ախալցխայի (Ջավախք) միջնակարգ դպրոցը, հարցազրույցով (գերազանցիկ շրջանավարտներն այդ տարիներին բուհ ընդունվելիս քննություններ չէին հանձնում) ընդունվեց Լենինգրադի Ն.Կ. Կրուպսկայայի անվան կոմունիստական քաղլուսավորության ինստիտուտ։ Երրորդ կուրսն ավարտելուց հետո, ՌԿ(բ)Կ (Համառուսաստանյան կոմունիստական (բոլշևիկյան) կուսակցության) անդամ և ուսման գերազանցիկ լինելով, Մամիկոն Գեղամյանը 1940թ. սեպտեմբերին կուսակցական հավաքով դառնում է ՌԿ(բ)Կ Կենտկոմին առընթեր Բարձրագույն կուսակցական դպրոցի (ԲԿԴ) ունկնդիր, քաղաք Մոսկվա։ Նշենք, որ այդ ժամանակ դա միակ բարձրագույն կուսակցական-քաղաքական ուսումնական հաստատությունն էր ԽՍՀՄ-ում, որը պատրաստում և վերապատրաստում էր ԽՄԿԿ-ի և Սովետների ղեկավար կադրերին։ Հատկանշական է նաև այն, որ այդ ուսումնական հաստատության հիմնադրման տարեթիվը 1939 թվականն էր։ Նշեմ, որ այն տարիներին ՌԿ(բ)Կ Կենտկոմին առընթեր ԲԿԴ-ի ունկնդիր էր Խորհրդային Հայաստանի ականավոր պետական և կուսակցական գործիչ, մեծ ինտելեկտուալ, հանրագիտարանային գիտելիքների տեր Հրանտ Մարտինի Մարտիրոսյանը՝ հորս և մեր ընտանիքի մերձավոր բարեկամներից մեկը։ ՌԿ(բ)Կ Կենտկոմին առընթեր ԲԿԴ-ում ուսումն ավարտելուց հետո ԽՄԿԿ Կենտկոմի համապատասխան բաժնի որոշմամբ (ԲԿԴ շրջանավարտներն աշխատանքի էին նշանակվում համաձայն ԽՄԿԿ Կենտկոմի կազմակերպչա-կուսակցական աշխատանքի գծով քարտուղարի որոշման) Մամիկոն Գեղամյանն աշխատանքի է ուղարկվում Խորհրդային Հայաստան և նշանակվում Հայաստանի Կոմունիստական կուսակցության Ղափանի շրջկոմի պրոպագանդայի և ագիտացիայի բաժնի վարիչի պաշտոնում, որտեղ աշխատում է 1942թ. օգոստոսից մինչև 1943թ. օգոստոսը, իսկ հետո տեղափոխվում է կուսակցության Երևանի քաղկոմ՝ պրոպագանդայի և ագիտացիայի բաժնի վարիչի պաշտոնն ստանձնելով։ Ընթերցողը կարող է հարց տալ. այդ ինչո՞ւ էլիտար և ողջ երկրում միակ՝ ՌԿ(բ)Կ Կենտկոմին առընթեր ԲԿԴ-ի շրջանավարտին չուղարկեցին ռազմաճակատ, այլ աշխատանքի գործուղեցին Խորհրդային Հայաստան։ Ի՞նչ է, տեղի կադրերը չէի՞ն բավականացնում։ Բնավ ոչ։ Ինչպես պարզվեց ավելի ուշ, Ռուսաստանից Հայկական ԽՍՀ կուսակցական կադրեր ուղարկելը հեռահար նպատակներ էր հետապնդում։ Արդեն Հայրենական մեծ պատերազմի տարիներին երկրի քաղաքական ղեկավարությունը մշակել էր ռազմավարական պլաններ՝ կապված պատմական արդարության վերականգնման հետ, համենայնդեպս մեզ՝ հայերիս համար։

Խոսքը Էրիվանի նահանգի Սուրմալուի գավառը, որը 1828-1918թթ. մտնում էր Ռուսական կայսրության, իսկ ավելի ուշ՝ Հայաստանի Հանրապետության կազմի մեջ (1918-1920թթ., Իգդիր վարչական կենտրոնով), Խորհրդային Հայաստանին վերամիավորելու մասին է։ Եվ ահա, Մոսկվայում թրծված և Խորհրդային Հայաստան գործուղված կուսակցական կադրերը հետագայում պետք է կուսակցական կազմակերպություններ ստեղծեին ազատագրված Սուրմալուի գավառում, էլ չեմ ասում Կարսի նահանգի տարածքի մի մասում։ Դրանով իսկ կջնջվեր քեմալական Թուրքիայի և բոլշևիկյան Ռուսաստանի միջև 1921թ. մարտի 16-ին կնքված և Մոսկվայի պայմանագիր անվամբ հայտնի «բարեկամության և եղբայրության մասին» պայմանագրի խայտառակ էջը։ Երիտասարդ խորհրդային դիվանագիտության կնքած այդ խայտառակ և անհեռատես պայմանագրի հետևանքով Թուրքիային անցան 30 հազար քառակուսի կիլոմետր ընդհանուր մակերեսով հայկական տարածքներ։ Նշենք, որ այդ տարածքները զավթվել էին Հայաստանի առաջին Հանրապետության (1918-1920թթ.) դեմ Թուրքիայի զինված ագրեսիայի արդյունքում, որն ավարտվել էր Մոսկվայի պայմանագրի ստորագրումից ընդամենը երեքուկես ամիս առաջ։ Ավաղ, ԽՍՀՄ ղեկավարության այս պլաններին վիճակված չէր իրականանալ։ Հիրոսիմայի և Նագասակիի ատոմային ռմբակոծումները (1945թ. օգոստոսի 6-ին և 9-ին) ի չիք դարձրին Խորհրդային Հայաստանի և հայ ժողովրդի հանդեպ պատմական արդարության (որը ոտնահարվել էր 1921թ. Մոսկվայի պայմանագրով) վերականգնմանն ուղղված ԽՍՀՄ ռազմավարական ծրագրերի իրագործումը։

Ինչևէ, կյանքը շարունակվում էր։ 1945թ. հունիսին Մամիկոն Գեղամյանն ընտրվում է կուսակցության Ստալինյան շրջկոմի (հետագայում շրջանը վերանվանվեց Լենինյան, մեր օրերում՝ Երևան քաղաքի Շենգավիթի վարչական շրջան) քարտուղար։ Այս նշանակման հարցում Մամիկոն Գեղամյանի բախտը բերել էր։ Նա պետք է աշխատեր օժտված և Հայրենիքին նվիրված մեծ հայրենասեր Եղիշե Գևորգի Վարդանյանի ղեկավարության ներքո։ Ներկայացնեմ Հայկական ԽՍՀ պետական նշանավոր գործիչ Ալեքսան Կիրակոսյանի խոսքերը Եղիշե Գևորգովիչի մասին. «Բնատուր տաղանդը, մարդկային մեծ հմայքը, անմնացորդ նվիրումն իր ժողովրդին և Հայրենիքին նրան (Եղիշե Վարդանյանին) մեծ ճանաչում բերեցին։ Եղիշեի անունը ոսկե տառերով կգրվի մայրաքաղաքի շինարարության տարեգրքում» (Եղիշե Վարդանյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հանդիսավոր ժողովին ունեցած ելույթից)։ Հայրս հպարտությամբ էր հիշում Եղիշե Գևորգովիչի հետ աշխատած երկուսուկես տարիների մասին։ Եվ գլխավոր դասը, որ նա քաղել էր այդ տարիներին և իր հետ տարավ ողջ կյանքի ընթացքում, Հայրենիքին ու հասարակ ժողովրդին ծառայելն էր, անկեղծ ու ազնիվ լինելը, ցանկացած դժվարություն և զրկանք արժանապատվորեն տանելը։ Ցավոք, ծնողներս, մայրս՝ «Հայկական ԽՍՀ վաստակավոր ուսուցչուհի« Սոնյա Չամանյան-Գեղամյանը, և հայրս՝ Մամիկոն Գեղամյանը, այդ տարիներին նաև դժբախտություններ տեսան։ Վարակիչ հիվանդություններից շատ վաղ տարիքում մահացան մեր ընտանիքի երկու առաջնեկները։

Կուսակցության Ստալինյան շրջկոմի քսանիննամյա քարտուղար Մամիկոն Գեղամյանի աշխատանքը բարձր գնահատվեց, և նա 1947թ. հուլիսին ընտրվեց Հայաստանի Կոմկուսի Արթիկի շրջկոմի առաջին քարտուղար։ Համաձայնեք, որ այդքան երիտասարդ տարիքում այնպիսի շրջան ղեկավարելը, որը հանրապետությանը մատակարարում էր շինարարական քարի (խոսքն Արթիկտուֆի մասին է) գրեթե 90%-ը, և միաժամանակ գյուղատնտեսությունը ոտքի կանգնեցնելը, բնակարաններ կառուցելն ու զորացրված արթիկցիների տնտեսությունները կարգավորելը հեշտ գործ չէր։ Կես դար անց, ընտրարշավների ընթացքում՝ ՀՀ նախագահի և Հայաստանի Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ, հորս մասին շատ բարի խոսքեր լսեցի արթիկցի աշխատավորներից։ Այս ամենն, անշուշտ, ինձ ավելի վճռական էր դարձնում և էլ ավելի սաստկացնում ցանկությունս՝ նմանվել հորս, որպեսզի այս կյանքում, ինչպես նա, բարի հետք և լավ հիշատակ թողնեմ։ Մանավանդ որ հայկական միջավայրում հիշողությունը հայերի, մեր ժողովրդի բուն էության մասն է, նրա գոյատևման միջոցը հինգհազարամյա պատմության ընթացքում։

            Ներկայացնեմ իմ հոր՝ արթիկյան աշխատանքային գործունեության ժամանակվա հուշերից մեկը։ Հայաստանի Կոմկուսի շրջկոմի ամենաերիտասարդ քարտուղար լինելը, իսկ հայրս այդ ժամանակ ընդամենը 29 տարեկան էր, ոչ միայն մեծ պատիվ էր, այլև մեծ պատասխանատվություն, մանավանդ երբ հանրապետության կուսակցական ակտիվը քեզ ընդունում է որպես Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար Գրիգորի Արտեմևիչ Արուտինովի (Հարությունյան) երաշխավորած անձի։ Արթիկի շրջկոմի առաջին քարտուղարի պաշտոնում աշխատանքի առաջին իսկ ամիսներին, աշնանային բերքահավաքի ժամանակ, անձամբ շրջան է այցելում Կենտկոմի առաջին քարտուղարը։ Ինչպես հետո պատմում էր հայրս, Գրիգորի Արտեմևիչն ուղիղ գնացել է դաշտ՝ կոլտնտեսականների մոտ։ Այդ տարիներին խնդիրներ և հարցեր շատ կային, մանավանդ գյուղացիների համար։ Չէ՞ որ անասելի դժվարին աշխատանքի գնով էին նրանք վերամշակում Շիրակի հարթավայրի մոլախոտով պատված երբեմնի բերրի վարելահողերը։ Պատերազմի տարիներին աշխատող ձեռքերի պակասի պատճառով (բոլոր տղամարդիկ ռազմաճակատում էին) երբեմնի բերրի հողերն անպիտան էին դարձել։ Գրիգորի Արտեմևիչի հարցին, թե՝ ո՞րն է ամենակարևոր խնդիրը, որն անհապաղ լուծում է պահանջում, հետևում է դաժան, բայց անկեղծ պատասխանը. մեր երեխաները կիսաքաղցած են։ ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղարն անթաքույց վրդովմունքով և հանդիմանանքով լի հայացքով նայում է իր առաջադրած մարդուն՝ Մամիկոն Գեղամյանին, որը, անմեղ մեղավորի վիճակում հայտնված, աչքերը վայր է իջեցնում։ Այ, հենց այստեղ էլ արթիկցիները սկսում են պաշտպանել իրենց ղեկավարին՝ ասելով, որ Մամիկոն Գեղամյանն ինքն էլ՝ կնոջ և նորածին դստեր՝ Լիլյայի հետ միասին, կիսաքաղց վիճակում է։ Այն տարիներին շրջանների ղեկավարները և նրանց ընտանիքները յոթ փականով ամուր փակված դղյակներում չէին ապրում։ Նրանց տների դռները միշտ բաց էին, և ոչ միայն հարևանների առջև։ Գրիգորի Արտեմևիչի փորձառու հայացքը չէր կարող չորսալ ամենագլխավորը, այն, որ կուսակցության շրջկոմի առաջին քարտուղարի պաշտոնում իր աշխատանքի հաշված ամիսների ընթացքում Մամիկոն Գեղամյանն արթիկցիների կողմից ընդունվում է որպես հարազատ մարդ, որին նեղացնել թույլ չեն տա։ Տեսնելով խամուխոպան դարձած հողը մշակելու կոլտնտեսականների վճռականությունն ու նրանց բարյացակամ, անկեղծ խոսքուզրույցը լսելով՝ Գրիգորի Արտեմևիչը չկարողացավ մերժել և լավաշ-պանիր կիսեց նրանց հետ, որ կոլտնտեսականները հանել էին կապոցներից ու հենց խոտի վրա էլ փռել։ Գրիգորի Արտեմևիչը ձայն է տալիս իր մշտական վարորդին՝ փորձառու ուստա Ատոմին (Ատոմ Հովսեփյան)՝ ասելով, որ հետը մեքենայի բեռնախցիկից տնական չոր կարմիր գինու շիշը բերի։ Ընդ որում, Կենտկոմի առաջին քարտուղարն ասաց, որ գինին սկզբում լցնեն Հայկական ԽՍՀ պետանվտանգության փոխնախարար Գուրգեն Գևորգյանին, որն ուղեկցում էր իրեն։ Ո՛չ, ոչ թե գինու՝ օգտագործման համար պիտանի լինելը ստուգելու համար, այլ որպեսզի խուսափի Մոսկվա՝ իր բարձրագույն ղեկավարությանը զեկույց գրելու գայթակղությունից առ այն, որ աշխատանքի ժամանակ Կենտկոմի առաջին քարտուղարը կոլտնտեսականների հետ ոգելից խմիչք էր խմում... Այս զարմանալի պատմությունն առաջին անգամ հորիցս լսել եմ դեռ դպրոցական տարիներին։ Իսկ հիշողությունների առիթ հանդիսացավ շատ հուզիչ մի դեպք։

1953թ. նոյեմբերին Գրիգորի Արտեմևիչ Արուտինովը միանգամայն հանիրավի ազատվում է ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղարի պաշտոնից և որոշ ժամանակ անց նշանակվում կոլտնտեսության նախագահ։ Եվ ահա, արդեն պաշտոնաթող լինելով՝ Գրիգորի Արտեմևիչը 1954թ. գարնանը տիկնոջ հետ գալիս է «Նաիրի» կինոթատրոն, որը նոր-նոր գրանցում էր ստացել Լենինի պողոտա 50 հասցեում։ Ծնողներս այդ օրը նույնպես, ըստ երևույթին Նախախնամության կամքով, այդ նույն սեանսի ժամանակ կինոթատրոնում են գտնվելիս եղել։ Ֆիլմի ցուցադրությունից հետո, երբ կինոդահլիճի լույսերը վառվում են, բոլոր հանդիսատեսները ոտքի են ելնում, բայց ոչ ոք դուրս չի գալիս։ Դահլիճում քար լռություն է տիրում։ Կինոդիտողները, Գրիգորի Արտեմևիչին և նրա տիկնոջը՝ Նինային տեսնելով, ասես քարացել էին։ Այդ ժամանակ հայրս, համարձակություն հավաքելով, մոտենում է իր կուռքին և կիսաձայն ասում, որ մարդիկ կինոդահլիճից կհեռանան այն ժամանակ, երբ ինքը՝ Գրիգորի Արտեմևիչը դուրս գա այնտեղից։ Իր խորին հարգանքն այս անզուգական մարդու հանդեպ ժողովուրդն արտահայտում է այս կերպ։ Հարյուրավոր կինոդիտողների հիացական և, միևնույն ժամանակ, թախծոտ հայացքի ներքո Արուտինովների զույգը դուրս է գալիս դահլիճից։ Այս անմոռանալի հիշողության տպավորությամբ էլ հայրս հիշեց Արթիկի շրջանում նրա հետ հանդիպման մասին։ Եվ զարմանալի է, որ այդ պատմությունները դրոշմվել են իմ՝ հնգամյա տղայիս հիշողության մեջ։ Տարիներ անց քանիցս խնդրել եմ հորս նորից պատմել այդ պատմությունները։ Այդ հանդիպումից հաշված ամիսներ հետո՝ 1954թ. օգոստոսին, Մամիկոն Գեղամյանն ազատվում է Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի պատասխանատու կազմակերպչի պաշտոնից։ Ազատման ֆորմալ պատրվակ էր դարձել Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի նոյեմբերյան (1953թ.) պլենումում նրա արած ակնարկը, երբ հանրապետության որոշ ղեկավարներ սկսել էին քարկոծել Գրիգորի Արտեմևիչին։ Այդ ժամանակ Հայաստանի Կոմկուսի Լենինականի օկրուգային կոմիտեի երկրորդ քարտուղար Մամիկոն Գեղամյանը տեղից բարձրաձայն ընդհատում է ելույթ ունեցողին (ՀԿԿ Կենտկոմի քարտուղարներից մեկին)՝ ասելով, որպեսզի սա իր մերկապարանոց մեղադրանքները հաստատի կոնկրետ փաստերով՝ նրան հանդիմանելով, որ դեռևս մեկ ամիս առաջ այս նույն ամբիոնից գովաբանում էր ընկեր Արուտինովին։ Ելույթ ունեցողի արձագանքը խիստ հիվանդագին էր։ Տառացիորեն մի քանի օր հետո հայրս, որ ՀԿԿ Լենինականի օկրուգային կոմիտեի երկրորդ քարտուղարի պաշտոնում դեռ երկու տարի չէր աշխատել, տեղափոխվում է այլ աշխատանքի ՀԿԿ Կենտկոմի ապարատում, իսկ ևս մի քանի ամիս անց՝ 1954թ. հուլիսին, ուղարկվում է աշխատանքի որպես Հայկական ԽՍՀ մշակույթի նախարարության կադրերի բաժնի վարիչ։ Անպայման ցանկանում էի խոսել այս մասին, որպեսզի շնորհակալություն հայտնեմ Հայաստանի Կոմկուսի Լենինականի օկրուգային կոմիտեի նրա գործընկերներին, ովքեր ոչ միայն երես չթեքեցին իրենց ընկերոջից՝ Մամիկոն Արտաշեսովիչից, այլև ամեն կերպ բարոյապես նեցուկ եղան ծնողներիս, հորս՝ 36-ամյա պաշտոնաթող կուսակցական աշխատողին։ Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ 63 տարի անց նորից ու նորից երախտագիտություն հայտնել Հայաստանի Կոմկուսի Լենինականի օկրուգային կոմիտեի առաջին քարտուղար Գեղամ Բագրատի Ալեքյանի, օկրուգկոմի կազմակերպչա-կուսակցական աշխատանքի բաժնի վարիչ Ալեքսան Մաթևոսի Կիրակոսյանի, պրոպագանդայի և ագիտացիայի բաժնի վարիչ Հրաչիկ Սիմոնի Իկիլիկյանի և, իհարկե, Լենինականի աշխատավորների պատգամավորների օկրուգային խորհրդի նախագահ Անուշավան Գեղամի Մարդոյանի հարազատներին և մերձավորներին։

 

Արտաշես Գեղամյան

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Հանրապետական կուսակցությունից,

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և

Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջև համագործակցության Միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ,

«Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ

www.amiab.am


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]