1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Իսրայելը վաղուց պետք է ճանաչեր Հայոց ցեղասպանությունը. Yesh Atid կուսակցությունը նոր օրինագիծ է ներկայացնում Կնեսետ

 Իսրայելը վաղուց պետք է ճանաչեր Հայոց ցեղասպանությունը. Yesh Atid 
կուսակցությունը նոր օրինագիծ է ներկայացնում Կնեսետ

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի քաղաքական կյանքում ակտիվ գործունեություն ծավալող ընդդիմադիր Yesh Atid կուսակցությունը նախատեսում է երկրի խորհրդարան՝ Կնեսետ ներկայացնել օրինագիծ, որը ենթադրում է Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչում: Կուսակցության ղեկավար Յաիր Լապիդը վստահ է՝ Իսրայելը վաղուց պետք է ճանաչեր այդ պատմական փաստը: «Արմենպրես»-ը զրուցել է Լապիդի հետ Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագծի, ինչպես նաև վերջերս կրկին լարված թուրք-իսրայելական հարաբերությունների մասին:

- Պարոն Լապիդ, օրերս հայտարարեցիք, որ ձեր ղեկավարած Yesh Atid կուսակցությունը պատրաստվում է Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագիծ ներկայացնել Կնեսետ: Ի՞նչ փուլում են օրինագծի նախապատրաստական աշխատանքները և ե՞րբ եք նախատեսում այն ներկայացնել խորհրդարան:

-Օրինագիծն արդեն գրված է, այժմ մենք Կնեսետում նախագծին աջակցելու նպատակով ստորագրությունների հավաքագրման գործընթացում ենք: Ցանկանում ենք, որ օրինագիծը Կնեսետի հնարավորինս ավելի շատ անդամի աջակցություն կստանա: Հավատացած ենք, որ շատ շուտով այս հարցում առաջխաղացում կունենանք:

- Ի՞նչու է Հոլոքոստ տեսած Իսրայելը խուսափում Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչումից:

-Իսրայելցի շատ առաջնորդներ անհատապես հայտարարել են, որ ճանաչում են Հայոց ցեղասպանությունը, որը պատմական փաստ է, վերջերս Կնեսետի կրթության հարցերով հանձնաժողովը ևս հայտարարեց ցեղասպանությունը ճանաչելու մասին: Իսրայելի նախկին կառավարությունները սխալ ռազմավարական հաշվարկների պատճառով խուսափել են Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչումից: Մենք պետք է վաղուց ճանաչեինք Հայոց ցեղասպանությունը, քանի որ անկախ ամեն ինչից դա բարոյապես ճիշտ քայլ է: Նախագահ Էրդողանի ագրեսիվ պահվածքից հետո այլևս չի կարող ներում լինել որևէ մեկի համար, ով կխուսափի ճիշտ քայլ անելուց:

- «Մավի Մարմարա»-ի ճգնաժամից հետո վերականգնվող թուրք-իսրայելական հարաբերությունները Երուսաղեմի կարգավիճակի շուրջ կրկին փակուղի են մտել: Թուրքիայի նախագահ Էրդողանը սուր հայտարարություններ հնչեցրեց Իսրայելի հասցեին: Ինչպե՞ս եք գնահատում պաշտոնական Անկարայի նման հայտարարությունները:

-Նախագահ Էրդողանը որոշել է օգտագործել Իսրայելը՝ իսլամական աշխարհի աջակցությունը ստանալու համար: Նա հակաիսրայելական տրամադրություն է փորձում ստեղծել և ներկայում ներգրավված է տարածաշրջանում նոր խնդիրների հրահրման գործում: Նա ակտիվ դերակատարություն է ունեցել Սիրիայի հարցում Իրանի դիրքորոշման ամրապնդման գործում, ինչը ուղղակի սպառնալիք է մեր անվտանգությանը:

Իսրայելը պետք է լրջորեն հակադրվի նախագահ Էրդողանին և հստակ հասկացնի, որ մենք չենք վախենում նրա հռետորաբանությունից և սպառնալիքներից: Մենք կանենք այն, ինչը ճիշտ է մեզ համար, և դա նախատեսում է նաև Հայոց ցեղասպանության պատմական փաստի ճանաչումը, անկախության համար քրդական արդարացի պայքարին մեր աջակցության ավելացումը և դեպի Թուրքիա գազատարի վերաբերյալ սխալ ուղղությամբ տանող գաղափարի կասեցումը:

Հարցազրույցը՝ Արաքս Կասյանի

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]