1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Լիլիթ Գրիգորյան. Մեկ անգամ Հայաստանում

Լիլիթ Գրիգորյան. Մեկ անգամ Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 

- Գուդ մորնինգ:

- Գուդ, Ռեզան ջան, հա՞վ ար յու:

- Ֆայն, թենքս:

Այսքանով, թերևս, սահմանափակվում է ծանոթությունն, ու հերթը հասնում թարգմանչին:

Ռեզանը ապրում է սահմանից այն կողմ: Առաջին անգամ տեսնում է հորիզոնի մյուս կողմն ու հիանում մարդկանց ջերմությամբ: Ասում է, որ մենք բարի ենք, հյուրասեր:

- Թենքս, Ռեզան ջան, թենքս:

Վերցնում է «կոմպոտոն»  ու խմում: Ռեզանը բառարանից դուրս է գրել այն բառերը, որոնք  հայերենում ու թուրքերենում նույնն են՝ մի փոքր արտասանության տարբերությամբ:

- Ուզում է ուսումնասիրել Արաքսի երկու ափերում ապրող ժողովուրդների կարծիքները, նրանց մտածելակերպն ու ընդհանրությունները,- բացատրում է թարգմանչուհին ու խինկալի հյուրասիրում:

- Ռեզան ջան, չիստի արմյանսկի բլյուդ, կե´ր,- որ լեզվով ու ինչ առոգանությամբ պատահի բացատրում եմ, իսկ Ռեզանը հասկանում է ամեն ինչ:

- Գու՜դ:

- Բա,՜ Ռեզան ջան, դարերի խորքից եկած հայկական խինկալի ես ուտում, գուդ պիտի լինի, բա ինչ:

Բոլորը ծիծաղում են, իսկ Ռեզանը միամտաբար հավատում է հայկական խինկալիի գոյությանը:

Ճաշն ավարտվում է, սոցիոլոգ Ռեզանի հարցազրույցների ժամանակն էր, նա  պիտի սահմանում ապրող գյուղացիների  հետ հանդիպեր ու զրուցեր: Գիտեի, որ հյուրիս հետ մի փոքր բարդ է լինելու, Թուրքիայից է եկել, խոսելու է հայ-թուրքական հարաբերություններից  մի տարածաշրջանում, որտեղ բոլորը գաղթածների ժառանգներ են, և բոլորի գենետիկ հիշողության մեջ դեռևս ամուր է թուրքերի հանդեպ թշնամանքը:

Բայց Ռեզանն ուրիշ էր: Ամենապաթետիկ մարդուն էլ մեկ-երկու հարցից հետո կարողանում էր գրավել ու ուղորդել դեպի ընկերական ու անկեղծ զրույցը:

Թերևս Ռեզանի համար հայերի հետ այնքան դժվար չէր, որքան եզդի տատիկի հետ խոսելը:

- Չասես, որ քրդուհի եմ, - ասում է տատիկը թարգմանչուհու միջոցով,- հանկարծ կսկսի քրդերեն խոսել,  իսկ ես այնքան էլ լավ չեմ տիրապետում մեր լեզվին, կամաչեմ:

Թուրքիայում քրդերենն արգելված է: Եվ, առհասարակ, Թուրքիայում ամեն ոչ թուրքականն է արգելված, և ստիպում են, որ մարդն իր սրտի լեզուն մոռանա դեռ օրորոցից:

Բայց Ռեզանը չդիմացավ: Եզդի տատիկն ու Ռեզանն իրար հասկացան անգամ կիսաքրդերեն: Հասկացան լուռ ու տխուր:

- Հը, Ռեզան, ո՞նց էր: Էլ ի՞նչ կուզես տեսնել:

- Չեմ հավատում, որ սահմանից այս կողմ եմ, ու չեմ հավատում, որ մոտ եմ իմ ծննդավայրին մի քանի անգամ, քան մինչ այստեղ գալն անցած ճանապարհն էր: Ուզում եմ Արաքսը տեսնել:

- Արաքսը հատուկ պահպանվող տարածքում է, իսկ մոտենալն արգելված է:

- Գիտեմ:

Իմ առջև կանգնած էր ամրակազմ մի տղամարդ, որի հայացքն ասում էր. «Բալիկ ջան, ի՞նչ ես ուզում իմ խաղաղ կյանքից»:

- Գիտեք, ես մի հյուր ունեմ, արտերկրից, հիմա եկել է մեր գյուղ, հիացած է մեզանով: Բայց ես ինձ չեմ ների, եթե մեր հյուրը չտեսնի գյուղի ամենակարևոր զարդը՝ Արաքս գետը:

- Բայց չի կարելի: Արաքսին մոտենալ չի թույլատրվում:

- Գիտեմ:

- Էս փողոցով ուղիղ  բարձրացեք, ձախ ու կտեսնեք:

Թուրքիայի հսկայական դրոշը ծածկում էր թուրք սահմանապահների կայանը: Ռեզանի աչքերը վառվում էին զարմանքից:

Տարածքում մենք էինք, հսկա  ավազուտն ու Թուրքիայի զինակայանը:

- Վե՞ր իզ դը Արաքս:

- Իթս սամըր, նաու յու քեն օնլի սի դը Արաքս սենդ. վո՞թս վրոնգ վիթ դեաթ:



Սույն պատմությունը հրապարակվել է «Մեկ անգամ Հայաստանում» մրցույթի շրջանակներում:

Մրցույթին կարող եք մասնակցել և Դուք, մանրամասներին ծանոթանալու համար խնդրում ենք անցնել հետևյալ հղումով:

«Մեկ անգամ Հայաստանում» մրցույթի շրջանակում ներկայացված պատմություններում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին և կարող են չհամընկնել «Արմենպրես»-ի տեսակետներին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]