Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Սիմակ Գալստյան. Վերադարձի ակնկալիքով

Սիմակ Գալստյան. Վերադարձի ակնկալիքով

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ

Ջերմուկի առողջարաններից մեկում հանգստանալու էի մեկնել: Նոր էի մտել սենյակ, երբ դուռը թակեցին: Բացեցի այն և առջևս կանգնած տեսա սպիտակ խալաթով բուժքրոջը, որ, սիրալիր բարևելուց հետո, ինձ հրավիրեց բժշկի մոտ:

Ողջունելուց հետո, բժշկուհին ուշադիր լսեց իմ գանգատները, ապա դարակից հանելով առողջարանային գրքույկի մաքուր օրինակը՝ նշումներ կատարեց այնտեղ և տվեց ինձ:

Շնորհակալություն հայտնելով ուշադիր վերաբերմունքի համար՝ ցտեսություն ասացի ու դուրս եկա:

Վերադառնալով սենյակ՝ բացեցի գրքույկը, ծանոթացա օրվա ռեժիմին ու բուժական ընթացակարգերի ժամանակացույցին, ապա գնացի ճաշարան:

Տարբեր ճաշատեսակներից ընտրեցի իմ նախասիրած ուտելիքները, տեղավորեցի ազատ սեղանին, վայելեցի դրանք, ապա դուրս եկա զբոսնելու:

Ճեմուղիով քայլելիս  հանկարծ հետևիցս լսեցի անգլերեն խոսակցություն:

Հետ նայեցի, նրանցից բարձրահասակը կոտրտված անգլերենով հարցրեց.

- Դու խոսում ե՞ս անգլերեն:

- Մի քիչ,- պատասխանեցի ես:

Զբոսաշրջիկներ էին, մեկը՝ իտալացի, մյուսը՝ ամերիկացի: Սկսեցինք զրուցել: Իմ շփումը հիմնականում իտալացու հետ էր, քանի որ, նա էլ ինձ նման դժվար էր անգլերեն բառեր գտնում: Նրանք հիացած էին Հայաստնի բնության ու տեսարժան վայրերի գեղեցկությամբ: Սևանա լիճը, Տաթևի վանական համալիրը, ճոպանուղին, Շաքիի ջրվեժը, Գառնու  տաճարը, Զվարթնոցը, Խոր վիրապը, հատկապես Երևանի ճարտարապետական կառույցներն ու թանգարանները զարմացրել էին նրանց: Իսկ հայերի բացառիկ հյուրասիրության մասին պատմեցին, թե ինչպես հեռավոր գյուղերից մեկում, տեղի բնակիչները իրենց ճոխ հյուրասիրեցին, առանց վարձատրության: Սակայն դժգոհեցին հասարակական զուգարանների վիճակից ու աղբակույտերի առկայությունից:

Հրաժեշտից առաջ ամերիկացին, ով ավելի զուսպ էր արտահայտվում, ինձ մեկնեց իր այցեքարտը, որի վրա հետո կարդացի՝ «Թեննեսի նահանգի ազգային բանկի փոխ-նախագահ, Թոր Վանդեր»:

Առողջարանային հագեցած օրերը արագ մոտեցան ավարտին, մեկնեցի ավտոկայան: Ավտոբուսում իմ կողքին սիրունատես մի աղջիկ նստեց, զրույցի բռնվեցինք:

- Բարև,- ասացի նրան:

- Բարև,- պատասխանեց նա ռուսերեն:

- Դուք հայ չե՞ք,- հետաքրքրվեցի ես:

- Հայ եմ,- պատասխանեց նորից ռուսերեն:

- Հայաստանից չե՞ք:

- Ոչ,- արդեն հայերեն պատասխանեց նա:

Մեր զրույցը շարունակվեց մինչև Երևան: Նա ոգևորված պատմում էր Հայաստանի բնության  գեղեցկության, տեսարժան վայրերի, բնակիչների ջերմ ու բարյացակամ վերաբերմունքի մասին:

Իմացա, որ ծնվել ու մեծացել է Ղազախստանում, Հայաստանից տեղափոխված հայկական ընտանիքում:

- Վերջերս էլ ընդհարվեցի ծնողներիս հետ,- անկեղծացավ նա,- ես ուզում եմ, որ մենք Հայաստան վերադառնանք, օտար եմ զգում այդ հողում, իսկ նրանք հակառակում են: Նրանցից գաղտնի ինքնաթիռի տոմս գնեցի, եկա Երևան, հետո զանգահարեցի, տեղյակ պահեցի, որ չանհանգստանան: Ծանոթացա Հայաստանի հետաքրքիր ու տեսարժան վայրերին, իսկ վերջում հանգրվանեցի Ջերմուկում: Երեկ զանգահարեցի մայրիկիս, շատ էի կարոտել, ներողություն խնդրեցի վշտացնելու համար, խոստացա, որ կվերադառնամ, բայց մի պայմանով, որ հետ գանք մեր նախնիների երկիր, Հայաստան, այստեղ ինձ ապահով ու լավ եմ զգում:

Ավտոկայանում հրաժեշտ տալուց առաջ նրան հրավիրեցի օպերային ներկայացման, և մյուս օրը հանդիպեցինք Անկախության հրապարակում: Ճեմասրահում նա հիացած բարձրաձայնեց.

- Ի՜նչ, հոյակապ է:

Ներս մտանք դահլիճ: Քիչ հետո ներկայացումն սկսվեց: Առաջին իսկ րոպեներից նա կլանվեց Ա. Խաչատրյանի “Սպարտակ” բալետի կախարդանքով, իսկ մերթընդմերթ էլ հայացքը տեղափոխում էր առաստաղի հսկա ջահերին, ճարտարապետական խոյակներին:

Ներկայացումն ավարտվելուց հետո զբոսնելով հասանք Հանրապետության հրապարակ, որը լույսերի հեղեղի մեջ, երաժշտական  շատրվանների շլացուցիչ փայլատակումներով դիմավորեց մեզ:  

Ուղեկցելով դեպի հյուրանոց՝ նրան բարի գիշեր մաղթեցի ու տուն վերադարձա:

Երկու օր հետո օդանավակայանում էինք:

Հրաժեշտին նա ջերմորեն փաթաթվեց ինձ, համբուրեց, շնորհակալություն հայտնեց իրեն բալետ-հրաշքի հետ ծանոթացնելու համար, արցունքն աչքերին վազեց դեպի օդանավ տանող անցուղին, շուռ եկավ, ձեռքով արեց ու աչքերը սրբելով, անհետացավ:

Ես հիպնոսացած կանգնել, ձեռքով էի անում նրան ու մտածում,  թե ինչպես անծանոթ այդ աղջիկը, հեռավոր Ղազախստանից, այդպես արագ ինձ հարազատ դարձավ:

 - Բարի վերադարձ,-սթափվելով բարձրաձայնեցի ես և ուղղվեցի դեպի ավտոբուսի կանգառ:

Սույն պատմությունը հրապարակվել է «Մեկ անգամ Հայաստանում» մրցույթի շրջանակներում:

Մրցույթին կարող եք մասնակցել և Դուք, մանրամասներին ծանոթանալու համար խնդրում ենք անցնել հետևյալ հղումով:

«Մեկ անգամ Հայաստանում» մրցույթի շրջանակում ներկայացված պատմություններում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին և կարող են չհամընկնել «Արմենպրես»-ի տեսակետներին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]