Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Կարապետ Հակոբյան. Մեկ անգամ Հայաստանում

Կարապետ Հակոբյան. Մեկ անգամ Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ
Այս տարվա ամռանն էր: Ես ու եղբայրս որոշեցինք երկար հետաձգումներից հետո իրականացնել մեր վաղեմի ծրագիրը, որը ժամանակի սղության պատճառով արդեն քանի տարի հետաձգում էինք: Մեր ծրագիրն էր տեսնել Ծաղկաձորի և Մեղրաձորի արանքում ընկած, անտառի գրկում, լեռան վրա ծվարած Թեժառույքի վանքը:

Միկրոավտոբուսով հասանք Ծաղկաձոր: Այնտեղից ոտքով բարձրացանք Թեղենիս լեռան լանջին գտնվող Գևորգ Չավուշի աղբյուրը, որպեսզի անտառային արահետներով մոտ 6 կմ քայլելուց հետո հասնենք այդքան սպասված Թեժառույքի վանքը: Քանի որ առաջին անգամ պետք է անցնեինք վերոնշյալ անտառային արահետով, ուստի մի քանի անգամ հեռախոսային կապ հաստատեցինք արահետին ծանոթ մեր մի ծանոթի՝ Ռազմիկի հետ: Մի երկու բլուր բարձրանալուց և իջնելուց հետո, երբ հերթական անգամ իջանք ձորը, մեր արահետը վերջնականապես անհետացավ: Մեր դեմ գետակն էր, որի հանդիպակաց ափին բարձրանում էր մի լեռ, իսկ մենք կանգնած էինք մինչև գոտկատեղներս հասնող խոտի մեջ: Որոշեցինք մեր ծանոթ վարորդին հերթական անգամ չանհանգստացնել և ինքներս կողմնորոշվել: Քանի որ արահետը կորել էր մինչև գոտկատեղը հասնող խոտերի մեջ, իսկ մենք, հատկապես այն բանից հետո, երբ ոտքերիս արանքով մի օձ անցավ, ուզում էինք շուտ դուրս գալ այդ խոտերի միջից, որոշեցինք կտրել դիմացի գետակն ու բարձրանալ հանդիպակաց լեռը: Վերելքը մեր սպասածից մի քանի անգամ երկար տևեց, բայց առջևում մեզ սպասում էր այդ օրվա ամենամեծ վախը:

Գագաթը բարձրանալուց հետո մեր տեսադաշտը իսպառ փակվեց, քանի որ լեռը, որը բավականին անտառապատ էր, պարզվեց՝ հակառակ կողմում խիստ անտառապատ է: Այն կարգի, որ տեսադաշտն ամբողջովին փակում էր: Երբ մի քանի րոպե մի կերպ առաջ գնալուց հետո մեր տեսադաշտը որոշակի բացվեց, մենք անկեղծ վախեցանք, չնայած այն հանգամանքին, որ մանկուց սովոր էինք հայրենի լեռներին և հաճախ էինք լինում բնության գրկում: Մեր վախի պատճառն այն էր, որ անմիջապես մեր ներքևում, գրեթե ուղղահայաց գտնվում էր մի գյուղ, իսկ մենք այդ գյուղից գրեթե ուղիղ գծով շատ մեծ բարձրության վրա էինք: Բացի այդ, մեր դեմը փակող ծառերի ու թփերի խիտ ցանցն ուղղակի փակում էր մեր տեսադաշտը և թույլ չէր տալիս մեզ հասկանալ, թե մենք ինչպես պետք է իջնենք այդ խիստ թեքություն ունեցող սարից և չհայտնվեինք ժայռի պռնկին ու գլորվեինք ձորը: Բայց, ինչպես ասում են, այդ օրն Աստված մեզ հետ էր: Վերջ ի վերջո, ուղիղ երկու ժամ տևած դժվարին վայրէջքից հետո, մենք հասանք լեռան ստորոտին՝ փրկվելով հանկարծակի ձորը գահավիժելու վտանգից: Իսկ վտանգն, ինչպես պարզվեց լեռան ստորոտին, ավելի քան իրական էր: Մենք ուղղակի իջել էինք ժայռի մի հսկայական զանգված շրջանցելով: Իսկ թե հանկարծ լեռան գագաթից մեր վայրէջքը լիներ մի 50 մետր աջ կողմով, ժայռից գլորվելն անխուսափելի կլիներ, քանզի, ինչպես նշվել է, տեսադաշտը բոլորովին փակ էր:

Ամենավատն այն էր, որ մենք այդ օրն այդպես էլ Թեժառույքի վանքը չտեսանք: Իսկ տուն վերադառնալու ճանապարհին բազմիցս հայտնվեցինք հորդառատ անձրևի տակ ու մի լավ թրջվեցինք: Տուն հասնելուց հետո պարզվեց, որ մեր թաղամասի էլեկտրաէներգիան մի քանի ժամով անջատել են, և մենք ստիպված էին լոգանք ընդունել կիսախավար լոգարանում: Բայց մենք բոլորովին չենք վհատվել և որոշել ենք մյուս տարի անպայման հասնել Թեժառույքի վանք: Այս անգամ մենք այդ կփորձենք իրականացնել ոչ թե Ծաղկաձորից, այլ Մեղրաձորից: Հուսով ենք, որ այս անգամ ամեն ինչ ավելի բարեհաջող կլինի, և ես ու եղբայրս ի վերջո կտեսնենք Թեժառույքի ավերակ վանքը:

Վանքը տեսնելն ու նրա մոտ լուսանկարվելն արդեն պատվի հարց է մեզ համար:

Սույն պատմությունը հրապարակվել է «Մեկ անգամ Հայաստանում» մրցույթի շրջանակներում:

Մրցույթին կարող եք մասնակցել և Դուք, մանրամասներին ծանոթանալու համար խնդրում ենք անցնել հետևյալ հղումով:

«Մեկ անգամ Հայաստանում» մրցույթի շրջանակում ներկայացված պատմություններում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին և կարող են չհամընկնել «Արմենպրես»-ի տեսակետներին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]