Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Լուսինե Ալեքսանյան. Էլեգիա

Լուսինե Ալեքսանյան. Էլեգիա

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ

Տատս մահացել է, երբ հայրս երկու տարեկան էր... Մեզ հասած տեղեկություններով՝ պապս մինչ խորթ տատիս հետ ամուսնանալը, մի քանի «ժամանակավոր» կին է ունեցել: Իր պատմելով՝ ո՛րը հորս լավ չի վերաբերվել՝ չի պահել… Պատմությունն այդ կանանց մասին լռում է, բայց մեկն իր մասին հիշեցրեց, նա հորս վատ վերաբերվածներից չէր...

Պապս արդեն յոթանասունն անց կլիներ. մի աշնանային օր, երբ ակնարկ  չկար անցյալից ուրվականների հայտնվելու, մի հուշիկ կին էր եկել, նստել փողոցի նստարանին: Մի տղամարդու հետ էր: Երկար նստեց՝ հայացքն էլ ուղղած մեր լուսամուտներին, դուրս ու ներս անողներին: Արդեն մի քանի ժամ նստած էին՝ պապս սկսեց անհանգստություն ցույց տալ, մոտենում էր լուսամուտին, աչքերը կկոցելով նայում անկոչներին՝ էլի ներս մտնում... չդիմացավ, թոռներից մեկին ուղարկեց, թե՝ հարցրու, ու՞մ են փնտրում: Թոռն եկավ ասաց, որ իր անունն են տալիս, հարցնում՝ կա՞, ո՞ղջ է: Պապս մի անհասկանալի հուզմունքով ձգվեց, կուզն ուղղեց, ձեռնափայտը դրեց դռան անկյունում, գլխարկը հանեց, դողացող մատներով սակավ մազերն ուղղեց ու մտավ ննջարան: Քիչ անց դուրս եկավ` կոստյումով, փայլեցրած կոշիկներով, փողկապով, բայց՝ դողդողացող մատներով ու աչքերը խոնավ: Բոլորս պապանձվեցինք, չէինք հասկանում՝ ինչ է կատարվում... Ուղղվեց դեպի դուռը, չհասած՝ շուռ եկավ.
_ Իմ կինն է եղել, շա՜տ առաջ… մեկ տարի...,_ ձայնը դողաց, շրջվեց, դուրս եկավ: Խորթ տատս ձեռքերը գոգնոցով սրբեց ու անշարժացած մնաց: Մենք հնարավորինս աննկատ սկսեցինք ծիկրակել լուսամուտներից:

Պապս մոտեցավ նստարանին ձգված կին-լարին: Չլսեցինք ինչ ասաց՝կինը հայացքն ուղղեց պապիս ու աննկարագրելի գորովանքով նայեց: Պապս դողացող ձեռքը բարձրացրեց ու կնոջ այտը շոյեց (էդպես հայրս է մորս շոյում...) Տղամարդը լուռ հեռացավ, պապս նստեց նրա տեղը: Չգիտենք թե ինչ էին խոսում, բայց սակավաբառ էին, ավելի շատ լռում էին, բայց էնքա՜ն խոսուն ու ճչան լռություն էր…  բոլորիս աչքերը թաց էին, իսկ իմ աչքերից շիթեր էին հոսում, որոնք լուռ մաքրում էի շարֆիս ծայրով: Տատս լուռ, զգուշությամբ ոտքի կանգնեց ու հեռացավ ննջարան, առանց լուսամուտի կողմը նայելու:

Պապս ու կինը երկար, շա՜տ երկար նստեցին, հետո պապս վեր կացավ ու տուն մտավ, սկսեց մեղր լցնել, հետո մեզ ուղարկեց նկուղ իր բերք ու բարիքից բերելու, մի մեծ կողովի մեջ լցրեց ու ծանր-ծանր դուրս եկավ, կարծես երիտասարդացած լիներ, մի անհասկանալի փայլ կար աչքերում ու ավյուն ամուր բազուկներում: Տարավ դրեց կնոջ առաջ: Կինն ընդդիմանում էր, բայց պապս համոզիչ էր... Արդեն օրը մթնում էր, կինն ուզում էր հեռանալ, բայց պապս երկարաձգում էր, փորձում էր պահել՝ մի քիչ էլ... Հետո գրկեցին իրար ու փլվեցին նստարանին... Աչքիցս չի հեռանա էդ տեսարանը, ու թո՛ղ չհեռանա…

Բայց նա հեռացավ, ստեպ-ստեպ հետ նայելով: Պապս մի քանի քայլ արեց ճանապարհելու ու կանգնեց մնաց տեղում, երկար... Հետո տուն մտավ, ծերացած ու ջախջախված: Նստեց բազմոցին, ծխեց (չէր ծխում), հետո ասաց.

_ Ասեց, չէի կարող մեռնել, առանց քեզ տեսնելու...,_ էլի լռեց, _ ի՜նչ էլ սիրուն էր մնացել... հորիցդ էր հարցնում, ասում էր՝ կուզեի տեսնել... 

Էսպես նստեց ամբողջ երեկո ու էլ չխոսեց, մեկ-մեկ ծխեց... մենք էլ էինք լուռ: Տատս սենյակից դուրս չեկավ, պապս էլ չհիշեց նրան: Մենակ էդպես էլ չհասկացա, թե ինչու չհրավիրեց տուն, կարող էինք նստել, միասին ճաշել, չէ՞ որ տարիները անցել էին ու... բայց երևի մի շատ կարևոր բան դեռ թարմ էր, չանցած ու չխունացած՝ տարիներից, ու դա չթողեց պապիս, որ ներս բերի իր ծածուկ ու մխացող սերը էդ պատերից ներս: Բայց ինչո՞ւ, ինչու՞…

Չգիտեմ… 

Սույն պատմությունը հրապարակվել է «Մեկ անգամ Հայաստանում» մրցույթի շրջանակներում:

Մրցույթին կարող եք մասնակցել և Դուք, մանրամասներին ծանոթանալու համար խնդրում ենք անցնել հետևյալ հղումով:

«Մեկ անգամ Հայաստանում» մրցույթի շրջանակում ներկայացված պատմություններում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին և կարող են չհամընկնել «Արմենպրես»-ի տեսակետներին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]