1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հենրիկ Ղուկասյան. Փոխայցելություն

Հենրիկ Ղուկասյան. Փոխայցելություն
ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ

Ինձ հանձնարարված էր Կիեւից ժամանած մեր գործընկերներին ներկայացնել Երեւանը: Նպատակահարմար համարեցի շրջագայությունն սկսել Ալեքսանդր Թամանյանի արձանի մոտից: Քանդակագործ Արտաշես Հովսեփյանի գլուխգործոցի մոտ՝ Թամանյանի կենսագրությունն ու ստեղծագործական գործունեությունը հիմնական տվյալներով, իսկ քանդակի հեղինակին հակիրճ ներկայացնելուց հետո շարժվեցինք դեպի Կասկադի վեհաշուք սանդուղքը: Ճանապարհին՝ սանդուղքն ընդմիջող հարթակների վրա, հերթական կարճատեւ դադարների ժամանակ, խոսեցինք «Գաֆէսճեան» թանգարանի բացօթյա և ներսի սրահներում ցուցադրվող նյութերի մասին: Ի վերջո, հասանք Հայաստանի խորհրդայնացման 50-ամյակին նվիրված հուշակոթողի վերին հարթակը: Սա շահավետ կետ է Թամանյանի «Արեւային քաղաքի» մտահղացումն ընկալելի ներկայացնելու համար: Հայացքդ Հին Նորքից աջ պտտելիս, բացվում է քաղաքի համայնապատկերը՝ Օղակաձեւ զբոսայգի, հյուսիս-հարավ առանցքի վրա Օպերայի ու բալետի թատրոն, Հանրապետության հրապարակ, մշուշվող հեռվում՝ Սասունցի Դավթի հրապարակ, մեզանից աջ՝ Մաշտոցի պողոտա, Մատենադարան, գրերի գյուտ, ձեռագրեր… ակամայից հանգում ես Ծիծեռնակաբերդի բարձունքին՝ Մարզահամերգային համալիր, Եղեռնի զոհերի հուշարձան,1915-1923 թվականներ,  և… հարցերի տարափ, այցելելու բուռն ցանկություն:                                                                                 

Եղեռնի զոհերի hուշարձան բարձրանալիս պատմում էի երիտթուրքերի, ապա և Աթաթուրքի կազմակերպած պետական ոճրագործության առանձին դրվագներ, զինվել հասցրած բնակավայրերում թուրքական կանոնավոր բանակի դեմ մղված ինքնապաշտպանական մարտերի, «հայկական Նեմեսիսի» մասին: Երբ հասանք Սգո ուղու եզրին, խոսքս ավարտելու համար, կանգ առա: Մինչ այդ կաթկթող անձրեւն սաստկացավ, և բոլորը համարյա միաժամանակ բացեցին հովանոցները: Ես նրանց մեջտեղում կանգնած և խոսում էի, և ափսոսում, որ այդ տեսարանը մի բարձր կետից նկարող չկար: Ասելիքս ավարտեցի, և գլխիկոր, լռելյայն քայլեցինք դեպի հուշարձան: Հավերժական կրակի մոտ ծաղիկներ դնելուց ու խոնարհումից հետո իջանք դեպի Նոր Կիլիկիա, «Հրազդան» մարզադաշտ, «Արարատ-1973», ապա և կոնյակի, գինու, գարեջրի գործարաններ... Այժմ հարցերի տեղատարափ էր մեր անցյալին, մշակույթին, հային ու Հայաստանին վերաբերող ամեն ինչի մասին:  

   Հաջորդ առավոտյան տնօրենը հայտնեց, որ հյուրերին այսօր էլ պիտի ուղեկցեմ Վաղարշապատ-Սարդարապատի հուշահամալիր: Ես առարկեցի. «Երեկ ասացիք, որ յուրաքանչյուրս մեկական օր…»: Նա հեգնախառը ժպտաց. «Քեզ ով էր ասում այնքան լավ ներկայացնես, որ նրանք միայն քո ուղեկցությունը պահանջեն»: «Իսկ իմ գործե՞րը. . . »:

… Մեր հյուրերի մեկնելուց մեկ-երկու ամիս անց նույն հիմնարկից ժամանեց ևս մի մասնագետ՝ տնօրենի խնդրագրով, որ ուղեկցեմ իրենց առաջատար ճարտարապետին:

Նորերս բարեկամացած կիեւցիների՝ հրաժեշտի պահին արված հրավերով Կիեւ այցելելս հարմար գտա կատարել հերթական արձակուրդիս վերջին օրերին:  

Քաղաքի կենտրոնում՝ «Կիեւ» հյուրանոցի ընդարձակ համարներից մեկում գիշերելուց և առավոտյան նախաճաշելուց հետո, մինչեւ քաղաքում շրջագայելս, հարկ համարեցի երախտագիտությունս հայտնել հյուրանոցում տեղ ապահովելու համար: «Կիեւնախագիծ» ինստիտուտի նախասրահից զանգահարեցի մեր հյուրերի խմբի ղեկավարին: Մի քանի վայրկյանից ինձ շրջապատեց Երեւան այցելածների, թերևս, ամբողջ խումբը: Ձեռքսեղմումներ, ողջագուրանք... Պնդեցին մի քանի րոպեով մտնել տնօրենի մոտ, քանի որ իմ մասին շատ են պատմել, և նա ուզում է անպայման ծանոթանալ: Հիրավի, տնօրենի ընդունելությունը ջերմ էր: Նրա հանձնարարականով՝ իմ շրջագայության արդյունավետությունն ապահովելու էին Երեւան այցելած խմբից երեք ուղեկցող՝ տնօրենին սպասարկող ավտոմեքենայով:                                                                  

Երկրորդ թե երրորդ օրը մայրուղիներից մեկի վրա, անսպասելիորեն մեքենայի ընթացքը դանդաղեցրին՝ ասֆալտի ծածկույթի մեջ ընդելուզված խճանկարը ցույց տալու համար: Այդ օրն ուղեկցողներից ճարտարապետն ասաց, որ դա անաստվածության շրջանում հիմնովին ավերված եկեղեցու հատակագիծն է: Նրա կողքին նստած երիտասարդ աղջիկը, ներողություն խնդրելով, նշեց կառուցման տարեթիվը: Ճարտարապետը ներողամտորեն ժպտալով հարցրեց. «Դուք այդքան լա՞վ գիտեք մեր պատմությունը»: Աղջիկն ասաց. «Երեւանից հետո ես ամաչեցի, որ այնքան չգիտեմ, որ կարողանամ այնպես ներկայացնել, ինչպես անում էր մեր թանկագին հյուրը: Վերադարձից հետո սկսեցի կարդալ ու կարդալ . . .»:  

Սա եղավ մեր հյուրերին հատկացրածս ժամանակի ամենաբարձր գնահատականը:    

Սույն պատմությունը հրապարակվել է «Մեկ անգամ Հայաստանում» մրցույթի շրջանակներում:

Մրցույթին կարող եք մասնակցել և Դուք, մանրամասներին ծանոթանալու համար խնդրում ենք անցնել հետևյալ հղումով:

«Մեկ անգամ Հայաստանում» մրցույթի շրջանակում ներկայացված պատմություններում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին և կարող են չհամընկնել «Արմենպրես»-ի տեսակետներին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]