Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մելանյա Վարդանյան. Մեկ անգամ Հայաստանում

 Մելանյա Վարդանյան. Մեկ անգամ Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ

Երբ ծնվեց տղաս, ես ոչ միայն ուրախացա, այլ նաև լցվեցի շնորհակալության վիթխարի զգացողությամբ. մենք չորս քույր էինք, գումարած, որ իմ առաջնեկն էլ էր աղջիկ, և խեղճ հայրս, որի աչքն արդեն երկու տասնամյակ արու զավակի ճամփին էր ու երազանքի ամպերին, վերջապես տղա թոռ ունեցավ։ Մի «համաշխարհային» քեֆ կազմակերպվեց Վարդենիսի մեր տան բակում. ով կար-չկար եկել էր շնորհավորելու։ Առատորեն հոսում էր տնական գինին, թարմ մսից սարքած քյուֆթան ու լավաշը, հաճարով փլավն ու մամայի կլոր գաթաները, տատիկի արիշտան ու ժաժիկը, մոթալ պանիրն ու մածունը, մեր բոստանի թարմ թարխունն ու կոտեմը, գառան խորովածն ու քույրերիս տաշի-դըխկլը բոլորի սրտին ու քիմքին էին հաճո: Հորս ուրախությանը չափ չկար, քեֆը լա՜վ-լա՜վ էր, երբ աչքն ընկավ դարպասից դեպի ներս նայող, բայց մտնել չհամարձակվող տղային։
-Բալա ջան, արի', արի', տենամ վո՞նց ես,- բարբառով ու ձեռքի շարժումով նա կանչեց շեկ, բիզ-բիզ մազերով, կարճ տաբատ հագած ուսապարկով տղային։ Տղան անհամարձակ ներս մտավ՝ իր հետ բերելով նաև մի փոշեկոլոլ հեծանիվ: Հայրս ծիծաղելով ասաց. 
-Էս ավտո էլ ունե՞ս...

Ծիծաղեցինք, տղան էլ ժպտաց. նա հասկացավ, որ մարդիկ այստեղ անչար են, սրտաբաց... Հարցերի տարափ տեղալով, բայց պատասխան այդպես էլ չլսելով՝ մերոնք նրա համար արագ-արագ սեղանի մոտ տեղ բացեցին, ափսեն լիքը լցրին, ու երբ մի փոքր «դինջացավ», հիշեցին, որ տղայի անունն անգամ չգիտեն. 
-Անունդ ի՞նչ ա, բալա ջան։
Տղան գլխով արեց, բայց ոչինչ չասաց:

-Դու վի՞ տղեն ես...
Նա ժպտաց, բայց նորից չպատասխանեց։ Հայրս գլխի ընկավ, որ տղան հայերեն չի հասկանում։ Այդ ժամանակ նա կանգնեց, մատը հերթով իր ու տղայի կրծքին դնելով, Ռոբինզոնի պես ասաց. 
-Ես՝ Արամ հոպար, դու` ո՞վ...
Վերջապես «Ուրբաթը» հասկացավ.
-Օղելիան։ 
-Ի՞նչ...
Հիմա էլ տղան մատը դրեց կրծքին.
-ժըմապել Օղելիան, վուզապել Աղամ օպաղ...
Վերջապես հայրս հասկացավ, որ «Օղելիան»-ը անուն է, և որ տարօրինակ անունով այս տղան ֆրանսիացի է։ Հետո կանչեց Երևանում ֆրանսերեն սովորող ու արձակուրդ եկած մեր հարևան Նարինին և...անցավ մանրամասներին։ Շուտով իմացանք, որ Օղելիանը կամավոր է, լսելով Վարդենիսի`ադրբեջանական ուղղաթիռի կողմից ռմբահարման մասին և իմանալով, որ Վարդենիսը  ֆրանսիական Ռոմանի քույր քաղաքն է, որոշել է գալ և օգնել վարդենիսցիներին։ Հասել է Երևան, իսկ այնտեղից էլ հեծանիվով` 170 կմ քշելով` վերջապես հասել է Վարդենիս ու ճանապարհամերձ մեր բակի երգ-պարի ձայնը լսել է ու...
Անհնար է նկարագրել հորս դեմքի հիացմունքաշնորհակալախառն արտահայտությունը։ Նա գրկեց Օղելիանի ուսերը, ճակատը համբուրեց ու հայտարարեց, որ նա ոչ մի հյուրանոց էլ չի գնա, այլ կմնա մեր տանը...Ֆրանսիացին շա՜տ զարմացավ հայ մարդու սրտաբացության, հյուրին այսպես արժևորելու վրա, դրանից առաջ նա զարմացել էր տղա-թոռ ունենալու կապակցությամբ կազմակերպված այսքան մեծ տոնախմբության վրա, հետագայում նաև զարմանալու էր Զատկին քաղաքի ջահելության «սրբեր» գնալու աշխուժության, շաբաթը մեկ կազմակերպվող տոնավաճառի, Վարդավառին իրար ջրելու սովորույթի, Սվարդան ժայռից բխող սառցե ջրի, լավաշ թխող տատիկի ճարպկության, հարիսա խփող տղամարդկանց թափի, կանաչիներից եկող բույրի, կիլոգրամով վաճառվող այդքա՜ն էժան ու համեղ վարունգի, եղբոր կամքն աստվածացնող քույրերի, բոլորի տներում առկա գրքերի, Ֆրանսիայի պատմության` կոնկրետ Նապոլեոնի ու Գավրոշի մասին իմացող այդքան շատ գիտակների վրա...

Օղելիանը գիտնական է այժմ, նա ապրում է Թուլուզ քաղաքում, դասավանդում է տեղի համալսարաններից մեկում և երբեք առիթը բաց չի թողնում իր ուսանողներին ցուցադրելու Արարատի, Վարդենիսի եկեղեցու, Մաքենյաց վանքի, Անուշ տատիս գործած նախշազարդ գորգի և Սվարդանի ժայռից բխող աղբյուրի նկարները։ Անցյալ տարի նա Հայաստան էր եկել ծնողների և ընկերների հետ։ Նրա վարդենիսցի աները ամեն ինչ տեսած և փորձած եվրոպացիների այդ խմբին տարել էր Քարվաճառ՝ Ջերմաջրի բնական ավազանի տաք ջրերում «քիչիկ մը շոգեհարվելու» և զարմանքի նրանց պաշարը համալրելու համար։

Սույն պատմությունը հրապարակվել է «Մեկ անգամ Հայաստանում» մրցույթի շրջանակներում:

Մրցույթին կարող եք մասնակցել և Դուք, մանրամասներին ծանոթանալու համար խնդրում ենք անցնել հետևյալ հղումով:

«Մեկ անգամ Հայաստանում» մրցույթի շրջանակում ներկայացված պատմություններում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին և կարող են չհամընկնել «Արմենպրես»-ի տեսակետներին:

 

                                                                                                                            


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]