1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Գայանե Պապիկյան. Մեկ անգամ Հայաստանում

Գայանե Պապիկյան. Մեկ անգամ Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ

Ինչ կարող է պատմել մի մարդ, ով  հասցրել է լինել տասնմեկ երկրում և բազմաթիվ քաղաքներում: Ինձ ուղեկցել են տասնյակ զբոսավարներ, որոնց հանդեպ  ոչ միշտ, բայց ունեցել եմ մի տեսակ «ձանձրալի» վերաբերմունք: Իհարկե, իմ զբոսաշրջիկային կյանքում շատ պատմություններ են եղել, բայց սա կապված է Գյումրիի հետ, որտեղ ծնվել և բնակվում եմ: Ի դեպ, չմոռանամ ողջունել և ասել, որ ես Գայանեն եմ ու, ի տարբերություն զբոսավարների հանդեպ նախկինում ունեցած իմ վերաբերմունքին, այժմ ինքս եմ ընտրել զբոսավարի մասնագիտությունը՝ փորձելով կոտրել արդեն ձևավորված «ձանձրացնող»  զբոսավարների կարծրատիպը:    

Այդպես՝ կարծրատիպեր փոխելով էլ մի անգամ «փչացրեցի»  Գյումրիում քաղաքային տուրերից մեկը, որն ինքս էի վարում: Հերթական տուրն անցկացնում էի Երևանի ավագ դպրոցներից մեկի բարձր դասարանցիների խմբի հետ: Դե, ինչպես գիտենք, Գյումրին Հայաստանի և ոչ միայն, հնագույն քաղաքներից մեկն է՝ իր պատմամշակութային, ճարտարապետական, հնագիտական ժառանգությունով, կոլորիտային առանձնահատկություններով: Տուրի ընթացքում, իհարկե, զբոսնեցինք քաղաքի հնագույն փողոցներով, ծանոթացանք հին հատվածների շենքերին, դրանց պատմություններին, «Մայր Հայաստան»  հուշահամալիրին, այցելեցինք պատմական կառույցներ, զննեցինք «Սև ամրոցը», քայլեցինք դեպի «Սլաբոդկա» թաղամաս և  «Պլպլան ժամ» կոչվող ռուսական եկեղեցի, մտանք թանգարաններ, հոգևոր բավարարվածություն ստացանք Յոթ Վերք, Ամենափրկիչ, և Կաթոլիկ եկեղեցիներ այցելությամբ: Քանի որ Գյումրին նաև հումորի քաղաք է, «ծանոթացանք» քաղաքի հումորիստների՝ Ծիտրո Ալեքի, Պոլոզ Մուկուչի հետ, պատմեցինք անեկտոդներ, մի խոսքով՝ մի լավ ծիծաղելով, Գյումրիին բնորոշ շախով շրջեցինք քաղաքում:  

Երեխաների ամեն պահի հարցակոխ անելը մեծ ոգևորություն էր տալիս ինձ՝  քաղաքիս մասին հնարավորինս շատ բան պատմելու և ծանոթացնելու համար: Մութն արդեն ընկնում էր, և մենք հասել էինք Ռուսթավելի նորակառույց փողոց: Զբոսնելուց երեխաներն արդեն հոգնել էին, ահավոր ծարավել, սովածացել, բայց մենք դեռ չէինք վերջացրել քաղաքին ծանոթանալն ու վերջնակետին հասնելու համար դեռ շատ ունեինք: Գյումրին նաև հայտնի է իր ցայտաղբյուրներով, որոնք հին պատմություն ունեն: Ճիշտ է, դրանք շատ են քաղաքում, բայց հակառակի պես այդ օրը ցայտաղբյուրներից մի քանիսը չէր աշխատում, փողոցի այդ հատվածում էլ ցայտաղբյուր չկար, իսկ ծարավն արդեն անտանելի էր դառել երեխաների համար: Այդ պահին երեխաներից մեկը կատակով  բարձրաձայնեց. «Բա ասում են Գյումրին հյուրընկալ քաղաք է, արդեն ինչքան ժամանակ է ջուր ենք ուզում, բայց չկա, էդ ինչ հյուրընկալ քաղաք եք, երբ ջուր էլ չեք տալիս հյուրերին»: Այո, «բողոքն» հասավ հասցեատիրոջը: Լսելով այդ բառերը՝ մտածեցի տեր կանգնել գյումրեցու թասիբին և ապացուցել, որ Գյումրին, իրոք, հյուրընկալ քաղաք է և բաց է բոլոր այցելուների համար: Ճիշտ է, գիտակցում էի, որ իրավունք չունեմ շեղվելու մեր երթուղուց, բայց որպես գյումրեցի որոշեցի «փչացնել» տուրը, փոխել ելքը և մի բան մոգոնել:

Որոշեցի թակել առաջին իսկ դուռը և ջուր խնդրել մեր համար: Բախեցինք մի քանի անգամ, բայց  դուռը բացող չկար: Երեխաների հուսահատությունն ու իմ թասիբի «ոտնահարումը» ահավոր էր: Բայց ահա, մի քանի քայլ հետո երեխաներից մեկը բղավեց, որ դուռը բացվում է: Մի բարեհամբույր կին փոքրիկի հետ բացեց դուռը, մենք բացատրեցինք իրավիճակը, և նա բերեց մի մեծ, շատ մեծ անոթով լի ջուր: Երեխաները խմում ու խմում էին, խմում ու խմում էին անհագ ցանկությամբ: Մի քանի անգամ ջուրը բերելուց հետո մեզ գրեթե ստիպողաբար հրավիրեցին իրենց տուն: «Եկել եք մեր տուն ջուր գուզեք, ըբը մենք ձեզի մենակ ջրով բաց կթողնի՞նք» վրդովված տոնով բացականչեց տանտիկինը: Մեր բախտից սեփական տան բակում  կար նաև հացի փուռ, որտեղ տաք-տաք հաց էին թխում: Հացի հոտը մեզ այլևս բաց չթողեց:

 Հենց այդ պահին քսան հոգով ակամա ներգրավվեցինք հացի թխման գործընթացի մեջ, արդեն ալյուրոտված ձեռքերով ու խմորախառը դեմքերով սկսեցինք ինքներս գլուխ հանել հացաթխման արարողությունից: Մեր միջամտությամբ  հացն արդեն  պատրաստ լինելուց հետո մնում էր միայն համտեսել տաք մատնաքաշը, որը հազվադեպ է հանդիպում երևանյան խանութներում: Այսպես, ծարավի մղումին հետևելով՝ ոչ միայն հագեցրեցինք ծարավի ու սովի զգացողությունը, այլև երեխաներն իրենք իրենց մաշկի վրա զգացին թե՛ կոլորիտային այս քաղաքի համն ու հոտը բառիս բուն իմաստով և թե հյուրընկալության ջերմությունը: Համոզվեցին, որ քաղաքը ոչ միայն շենքերն ու փողոցներն են, այլև այնտեղ բնակվող հասարակ բնակիչներն իրենց առօրեական վիճակներով, թասիբով ու հյուրընկալությամբ:

Սույն պատմությունը հրապարակվել է «Մեկ անգամ Հայաստանում» մրցույթի շրջանակներում:

Մրցույթին կարող եք մասնակցել և Դուք, մանրամասներին ծանոթանալու համար խնդրում ենք անցնել հետևյալ հղումով:

«Մեկ անգամ Հայաստանում» մրցույթի շրջանակում ներկայացված պատմություններում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին և կարող են չհամընկնել «Արմենպրես»-ի տեսակետներին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]