Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Մարինե Ամիրյան. Մեկ անգամ Հայաստանում

Մարինե Ամիրյան. Մեկ անգամ Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ

Սեպտեմբերյան արևոտ, ես կասեի՝ հարիսայաբույր օր էր: Տոնախմբությունը բազմամարդ էր` ինչպես միշտ: Մուսա լեռան հերոսամարտը հավերժացնող հուշահամալիրի տարածքում դհոլ-զուռնայի ոգեկոչող երաժշտության ներքո ազգային տարազով խմբի պարին խառնվում էին նաև ներկաները: Պարն ավելի շատ մարտական շուրջպար էր հիշեցնում, իսկ թմբուկի ու շեփորի միախառնված հնչյուններն արտահայտում էին ինքնապաշտպանական պայքարի հաղթական ոգին: Մինչ քահանայի օրհնությամբ բաժանվում էր ավանդական հարիսան, մտածում էի, թե այս սննդարար կերակուրը որքան մարդու կյանք էր փրկել: Մտամոլոր շուրջս էի նայում, երբ ձեռքումս հայտնվեց ափսեով լի հարիսա: Մուսալեռցի տարեց տղամարդ էր, ժպտաց և ասացվածքը, փոքր-ինչ ձևափոխելով, հիշեցրեց. ՙԱլամէյն ծուառ իշօղ` քաղցուզ գըմընու»: Նշանակում է` ուրիշի ձեռքին նայես, սոված կմնաս: Մի փոքր ծխահամ էր զգացվում, հավանաբար օջախի կրակի վրա էր եփվել, բայց համեղ էր: Սա այն կերակուրն է, որը պիտի տաք-տաք ուտես, երբ սառչում է, տաքացնելուց հետո համը փոխվում է:    

Իմ ուշադրությունն էր գրավել մի ամերիկացի զբոսաշրջիկ, ով փորձում էր հասկանալ, թե ինչ էր կատարվում: Ծանոթացանք`անունը Մայքլ էր, առաջին անգամ էր Հայաստանում: Նրա խոսքից հասկացա, որ մինչ այդ կարծում էր, թե հարիսան թուրքական ազգային ճաշատեսակ էր, քանի որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն էր ճանաչել…

Այլայլվեցի, ճիշտ էր ասում, միայն թե ցորենը սանդի մեջ ծեծելով ձավար կամ կորկոտ ստանալու հայերի հմտությունը հին պատմություն ունի, չէր կարող այլ երկրի ազգային ուտեստ համարվել: Ցանկանում էի ներկայացնել մեր ազգային կերակրատեսակի խորհուրդն ու նշանակությունը, բայց անգլերենով դժվարանում էի բացատրել: Ուղեկցեցի հարիսա եփելու պատիվն ունեցող 14 մուսալեռցիների ժառանգներից մեկի` Պետրոսի մոտ, ով անտեսելով, որ զբոսաշրջիկը հայերեն չի հասկանում, սկսեց պատմել Սվեդիայի հայերի հերոսամարտի մասին: Այնքան պատկերավոր էր նկարագրում Կիլիկիայի Մուսա լեռան շրջակա գյուղերի բնակիչների 53 օր տևած ինքնապաշտպանական պայքարը, ասես մաքառել էր այն 5000 մուսալեռցիների հետ, տեսել փրկության շտապող ֆրանսիական նավերը և հանգրվանը Պորտ Սաիդում, այնուհետև նրանց ապաստանը Լիբանանում, Սիրիայում, մյուս մուսալեռցիների հաստատումը Հայաստանում և Մուսալեռ գյուղի հիմնադրումը:

Զարմանալի տպավորիչ, գունեղ և յուրովի էր ներկայացնում պատմությունը, նույնիսկ սկսեցինք նրա աչքերով տեսնել…

«Հարի΄ր սա` հարիսա». ուրախության ու տխրության առիթներին ցորենից ու մսից պատրաստվող այս կերակուրը հայերիս խոհանոցում իր պատվավոր տեղն ունի: Այսօր որպես մուսալեռցիների փրկության մատաղ էր մատուցվում և, միաժամանակ, 18 զոհերի հոգեհացն էր: Այս տարի Մեծ եղեռնի տարելիցի հետ կապված կաթսաների քանակը մեկով ավելացել էր: 

Հուշարձանն ասես կենդանացավ, մեր դիմաց անառիկ ամրոցի նման Մուսա լեռն էր, որի մոտ հնչում էր մուսալեռցու երգը.

«Մուսա լերան գիւղերէն Այնճար եկած ենք,

Անտանելի նեղութիւններ կրած ենք,

Ազգին համար թուրքերուն դէմ կռուած ենք,

Մեր հայկական դրօշին նուիրուած ենք:

Մենք մեր դրօշակը միշտ բարձր պիտ պահենք,

Հայ ծնած ենք, ախպէր ջան, պէտք է հայ մեռնինք»…

Մայքլի զարմացած հայացքը վկայում էր այն մասին, որ նույնիսկ առանց բառերի հասկանում էր, թե ինչի էր ականատես լինում: Լուսանկարում էր ամեն ինչ, նույնիսկ շրջակայքի վրաններում գտնվող մարդկանց: Չէի հասկանում, սրտի՟ս, թե՟ թմբուկի զարկերն էի լսում, խռովված վիճակում էի, ասես քիչ առաջ էր հերոսամարտը տեղի ունեցել…  

Թվում էր, թե ոչինչ չէր կարող զարմացնել շատ բան տեսած ամերիկացուն, բայց մեկ օրում այնքան բան իմացավ, հուշակոթողի մոտ հյուսվեց մի ազգի պատմության փառահեղ դրվագ, կարծում եմ` հավատաց…

Չտեսա, թե այդ պահին ով նրան նվիրեց, չկարողացա շնորհակալություն հայտնել. Մայքլի ճամփորդական պայուսակում տեղ գտավ Ֆրանց Վերֆելի հանրահայտ ստեղծագործությունը` «Մուսա լեռան 40 օրը»: Նրա հայացքից կարծես հասկացա, որ էլի կվերադառնա...

Սույն պատմությունը հրապարակվել է «Մեկ անգամ Հայաստանում» մրցույթի շրջանակներում:

Մրցույթին կարող եք մասնակցել և Դուք, մանրամասներին ծանոթանալու համար խնդրում ենք անցնել հետևյալ հղումով:

«Մեկ անգամ Հայաստանում» մրցույթի շրջանակում ներկայացված պատմություններում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին և կարող են չհամընկնել «Արմենպրես»-ի տեսակետներին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]