1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Աննա Գալստյան. Մեկ անգամ Հայաստանում

Աննա Գալստյան. Մեկ անգամ Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ

Ես միշտ մտածել եմ, որ ինձ հայրենասեր համարել չեմ  կարող: Մեծացել եմ ընտանիքում, որտեղ  հորիցս անընդհատ լսել եմ, որ Հայաստանն աշխարհի ամենալավ երկիրն է, և հայրենիքից հեռանալու մասին խոսք անգամ լինել չի կարող: Նույնն էին ասում մայրիկս, տատիկս ու պապիկս… Իսկ ես  ամաչում էի, որ այդպես չեմ մտածում:

Երբ  1988-ին սկսվեց  ազգային-ազատագրական շարժումը, ես փոքր չէի, մոտ 13 տարեկան էի: Մեր տանն աննկարագրելի ոգևորություն էր տիրում: Հայրս անընդհատ ասում էր, որ եկել է Ղարաբաղն  ազատագրելու պահը…

Արցախի մասին իմ պատկերացումները շատ հակասական էին ու աներևույթ` ևս 20 տարի… մինչև այն պահը, երբ մեր միկրոավտոբուսը կանգ առավ դեպի Ստեփանակերտ տանող վերջին ոլորանի վրա:

Անընդհատ մտքումս պատկերացնում էի, թե ինչ եմ տեսնելու: Բայց ամենավառ պատկերացումներումս անգամ չէի կարող տեսնել այն, ինչ տեսա… Ու, երևի թե,  մինչև կյանքիս վերջին վայրկյանը կհիշեմ այդ տեսարանը: Աննկարագրելի շքեղ բնություն ու արևի տակ փայլփլող հազարավոր տանիքներ… Սաղարթախիտ ծառերի արանքից տները ուրախ ծիկրակում էին: Կարծես, ժպտում էին ու բարի գալուստ մաղթում  հյուրերին: Այս ի՜նչ հրաշք բնություն է… Ի՜նչ գեղեցիկ տեսարան…Միայն մի բան էի մտածում.  «Ինչպես մենք կարող ենք այս հողից թեկուզ մի թիզ զիջել որևէ մեկին: Նման բան լինել չի կարող»:

Արցախում ամեն ինչ մի տեսակ  ուրիշ է. օդը, ջուրը, բնությունը, մարդիկ: Մի յուրահատուկ ձգողություն կա այստեղ: Ուզում եմ հասկանալ, թե դա ինչն է:

Երբ քայլում էի Շուշիի փողոցներով, կարծես զգում էի այն ամենը, ինչ այդտեղ կատարվել է: Ահա արհեստագործների փողոցը: Հենց այստեղ են իրենց փոքրիկ, բայց սեփական գործն ունեցել կոշկակարները,  դերձակները ,  մսագործներն ու փալանչիները:  Նրանք, իհարկե, այսօր չկան, բայց փողոցի երկայնքով մեկ ձգվող   նկարներն ավելի քան խոսուն էին: Մի պահ անգամ ինձ թվաց, թե կոշկակար Վաղոն կանչում է.

-Մատաղ էնիմ, համեցեք ներս…

Իսկ  հարևան խանութից այդ պահին լսվում է կլորիկ փորով, կարմրաթուշ, թավ բեղերով մսագործ Արմենակի ոգևորված ձայնը.

- Վայ, ջանետ մատաղ, սվեժի մորթած, լյավ մես ա… Վար տանես, օտես, փուշմունյան չես…

Ու շուրջը մարդիկ են, եռուզեռ ու քաղաքային աղմուկ…

Սթափվեցի, երբ լսեցի անունս… Մի տատիկ, բարի ու շատ ջերմ աչքերով, բոլորիս հրավիրում էր իր տուն՝ ժենգյալով հաց ուտելու: Մտանք` իբր 5 րոպեով: Հենց էդ պահից հասկացա, որ մանկությանս ընկերուհին ու հատկապես նրա մայրիկը իսկական ղարաբաղցու ամենաիսկական կերպարներ էին: Եթե անգամ դու սոված չես, անպայման պիտի օգտվես այն ամենից, ինչ ինքն է պատրաստել՝ ժենգյալով հաց, հետո կարտոֆիլ՝ աշխարհի ամենահամով թթուների տեսականիով՝ սխտորի թթու, բազուկի ու շուշանի անմահական թթուներ, էսքանից հետո էլ՝ մի քիչ  «թոթի օղի չփորձելը» ուղղակի վիրավորանք է տանտիրոջը: Էլ չեմ խոսում մրգերի ու չրերի անմահական տեսականու մասին:

 Ու չնայած առաջիկա մի քանի օրերին Արցախում շատ անհավանական, գեղեցիկ ու հետաքրքիր բաներ տեսա, բայց հասարակ ղարաբաղցի տատիկի հյուրընկալ ու շատ «համեղ տանը» հասկացա, որ տարօրինակ ձգողականության ուժը ՄԱՐԴՆ է… Մարդու այն տեսակը, որի հետ մի անգամ հանդիպելուց հետո անընդհատ ուզում ես վերադառնալ… Այդպիսին ենք մենք՝ հայերս: Մեր համար հյուրին ջերմորեն ընդունելը, հյուրասիրելն  ու ճանապարհելը ամենաառաջին ու կարևոր բանն է: Հենց սա է, որ մեզ առանձնացնում է բոլորից… Հենց սա է, որ մեկ անգամ Հայաստան այցելող յուրաքանչյուրին ստիպում է վերադառնալ էլի, էլի ու էլի… Ինչպես ես՝ Արցախ… Ուզում եմ գնալ էլի, էլի ու էլի…

Ես միշտ մտածել եմ, որ ինձ հայրենասեր համարել չեմ կարող: Բայց ոչ հիմա… Եթե սա չէ հայրենասեր լինելը, ապա էլ ո՞րն է…

Սույն պատմությունը հրապարակվել է «Մեկ անգամ Հայաստանում» մրցույթի շրջանակներում:

Մրցույթին կարող եք մասնակցել և Դուք, մանրամասներին ծանոթանալու համար խնդրում ենք անցնել հետևյալ հղումով:

«Մեկ անգամ Հայաստանում» մրցույթի շրջանակում ներկայացված պատմություններում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին և կարող են չհամընկնել «Արմենպրես»-ի տեսակետներին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]