«Մեկ անգամ Հայաստանում» մրցույթի արդյունքներն ամփոփվել են, հայտնի են հաղթողների անունները
ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենիա» ավիաընկերության, «Արմենպրես» լրատվական գործակալության և ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի հայտարարած «Մեկ անգամ Հայաստանում» ուշագրավ և իրական պատմությունների մրցույթն ամփոփել է արդյունքները:
Եվ այսպես. «Պատմություն, որի կենտրոնում Հայաստան այցելած զբոսաշրջիկն է» անվանակարգում հաղթող է ճանաչվել Մերի Զոհրաբյանը, իսկ «Պատմություն, որի հերոսը հեղինակն է» անվանակարգում հաղթող է ճանաչվել Նանե Հայրապետյանը: Նրանք կստանան մեկական ավիատոմս Երևան-Բեյրութ-Երևան կամ Բեյրութ-Երևան-Բեյրութ ուղղություններով:
Հատուկ մրցանակներ կստանան մրցույթին մասնակցած Մհեր Տէր Դավիթեանը, Աննա Գևորգյանը, Գայանե Սարգսյանը և Լիանա Եղիազարյանը:
Մրցանակաբաշխության օրվա մասին կտրամադրվի հավելյալ տեղեկատվություն:
Մրցույթը մեկնարկել էր 2017 թվականի դեկտեմբերի 21-ին: Ստացվել էին մի քանի տասնյակ պատմություններ: Պատմությունների միջոցով նորովի էր ներկայացվում Հայաստանի զբոսաշրջային գրավչությունը, բացահայտվում աշխարհում հնագույն երկրներից մեկի հայտնի ու դեռևս անհայտ կողմերը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում