1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը դատապարտել է Ստամբուլում «Եվա» ֆիլմի ցուցադրությունն արգելելու որոշումը

Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը դատապարտել է Ստամբուլում «Եվա» 
ֆիլմի ցուցադրությունն արգելելու որոշումը

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը Ստամբուլում հայ-իրանական համատեղ արտադրության «Եվա» ֆիլմի ցուցադրությունն արգելելու մասին որոշումը դատապարտող հայտարարություն է տարածել: «Արմենպրես»-ը ներկայացնում է հայտարարությունն ամբողջությամբ:

«Ինչպես տեղեկացանք, Թուրքիայի իշխանություններն արգելել են հայ-իրանական համատեղ արտադրության «Եվա» ֆիլմի ցուցադրությունը Ստամբուլում անցկացվող կանանց «Ֆիլմմոր» 16-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում, որպես պատճառաբանություն ունենալով մեկ այլ երկրի՝ Ադրբեջանի իշխանությունների պահանջները, կապված «Եվա» ֆիլմի նկարահանումների մի մասն Արցախի Հանրապետությունում իրականացնելու հետ:

Ցավում ենք, որ թուրքական իշխանությունները՝ դառնալով Արցախի հարցում Ադրբեջանի շարունակական անհեռանկար քաղաքականության անմիջական կրողը, անթույլատրելիորեն քաղաքականացնում են մշակութային շփումները, կոպտորեն միջամտում են միջազգային կինոփառատոնի գործերին, գրաքննության ու արվեստի ազատության սահմանափակման միջոցներ են կիրառում կինոաշխարհում:

Հիասթափեցնող է այն հանգամանքը, որ թե ադրբեջանական, թե նրա պատանդի կարգավիճակում հայտնված թուրքական իշխանությունները չեն գիտակցում, որ մշակութային փոխգործակցությունը, մշակութային երկխոսությունը հանդիսանում է այսօր աշխարհում իշխող արժեքային համակարգի բաղկացուցիչ մաս և այդ կարգի գործողություններով իրենց դուրս են դնում աշխարհի մշակութային քարտեզից:

Ադրբեջանը շարունակում է հետապնդել մի քաղաքականություն՝ խոչընդոտել ցանկացած երևույթ, որը որևէ կերպ առնչություն ունի Արցախի Հանրապետության հետ, չհասկանալով, որ այդ քաղաքականությունը դատապարտված է և չունի ապագա, իսկ Արցախի Հանրապետությունն ազատ է իր քաղաքականությունը՝ այդ թվում և մշակութային, իրացնելու գործում:

Հայաստանի կինոգործիչների և հասարակության համար անթույլատրելի է և անհասկանալի այս մոտեցումը, քանի որ հայաստանյան ամենատարբեր միջազգային կինոփառատոների շրջանակներում բազմիցս ցուցադրվել են թե թուրքական, թե ադրբեջանական ինչպես համատեղ, այնպես էլ զուտ տեղական արտադրության ֆիլմեր:

Հայաստանի իշխանությունները երբեք արգելք չեն հանդիսացել, չեն գրաքննել մշակութային համագործակցության ոլորտը, չեն կասեցրել մշակութային երկխոսության կայացումը, չեն սահմանափակել կինոաշխարհի իրավունքը՝ դիտել, ճանաչել, հասկանալ այն ամենը, ինչ կատարվում է կինոմշակույթի ասպարեզում:  

Խստորեն դատապարտելով թուրքական իշխանությունների նման գործողությունները, կոչ ենք անում ձեռնպահ մնալ արվեստը՝ տվյալ պարագայում կինոն և միջազգային կինոփառատոնը քաղաքական անհեռանկար նպատակներին ծառայեցնելու գործին, հասարակությունը չպահել այլատյացության մթնոլորտում, որը կարող է լուրջ վտանգ հասցնել մշակութային հետագա համագործակցությանը:      


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]