Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Էդվարդ Միլիտոնյանը վերընտրվեց գրողների միության նախագահի պաշտոնում  

Էդվարդ Միլիտոնյանը վերընտրվեց գրողների միության նախագահի պաշտոնում

 

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի գրողների միության 19-րդ համագումարը տեղի ունեցավ հուլիսի 11-ին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ համագումարի օրակարգում Հայաստանի գրողների միության նոր նախագահի ընտրությունն էր, որի ընթացքում բաց քվեարկությամբ և ձայների ճնշող մեծամասնությամբ միության նախագահի պաշտոնում վերընտրվեց Էդվարդ Միլիտոնյանը:

Մինչ համագումարը սկսելը Միլիտոնյանը ներկայացրեց միության 4 տարիների կատարած աշխատանքը: Նա, մասնավորապես նշեց, որ հաշվետու ժամանակաշրջանում ՀԳՄ վարչության, նախագահության եւ աշխատակազմի աշխատանքը եղել է ամենօրյա եւ ամփոփվել է «Գրական թերթում»:

«Բոլոր ուղղություններով աշխատանքներ ենք տարել, որոնք պարբերաբար լուսաբանվել են նաեւ լրատվամիջոցներում: Այս ընթացքում վերանորոգվել է միության շենքի առաջին հարկը: Տեխնիկապես վերազինվել է դահլիճը: Վերանորոգվեց նաեւ Սեւանի հանգստյանը տունը, որը գտնվում էր խարխուլ վիճակում: Այսօր մեր հաշվեհամարին ունենք 5 միլիոն դրամից ավել գումար, որը գոյացել է ամենամյա մարաթոների միջոցով: Մոտ 10 մլն 500 հազար դրամ գումար մեր բարերարները նվիրել էին հիմնադրամի ֆոնդին:  40-ից ավելի գրողների աջակցել ենք բուժօգնություն ստանալ: Բազմաթիվ գրողների ուղարկել ենք գործուղումների: Մենք աշխատել ենք նաեւ համայնքներում: Միայն Հովհաննես Թումանյանի Թբիլիսի տան նորոգումն ու բացումը կարծում եմ հրաշալի նախաձեռնություն էր, որ սկսվել էր դեռեւս ՀԳՄ նախորդ նախագահի` Լեւոն Անանյանի օրոք: Մեր տնտեսությունը զարգացել է: Այնպես ենք անում, որ կարողանանք ինքներս լուծել մեր բոլոր հարցերը: Հաշվետու տարվա ընթացքում շուրջ 700 միջոցառում է անցկացվել: Շարունակելու ենք լավ ավանդույթները պահպանել: Նոր ծրագրեր էլ կան: Օրինակ նախաձեռնել ենք ամենամյա միջազգային գրական փառատոն անցկացնել: Այն կնպաստի ժամանակակից գրականության տարածմանը»,- ասաց ՀԳՄ նախագահը:

Գրողների միության անցած 4 տարիների աշխատանքը Արցախի գրողների միության նախագահ Վարդան Հակոբյանը բավարար գնահատեց: Նրա ձեւակերպմամբ` հայ գրական ընտանիքի մի փոքրիկ մասը ապրում եւ ստեղծագործում է Արցախում եւ այն համագործակցությունը, որ ստեղծվել է իրենց եւ ՀԳՄ կառույցի միջեւ` արդեն տվել է իր դրական արդյունքները:

«Մեծագույն առաջընթաց է, որ այսօր մենք ունենք միասնական հայ գրականություն եւ, որ այլեւս չեն տարանջատում Սփյուռքն ու Արցախը»,- իր ելույթում նկատեց գրողների միության քարտուղար Պետրոս Դեմիրճյանը: 

Միլիտոնյանը ՀԳՄ նախագահն է 2013 թվականից։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am