Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

Փարաջանովի 95-ամյակի առթիվ ցուցահանդես է բացվել Ստամբուլում

Փարաջանովի 95-ամյակի առթիվ ցուցահանդես է բացվել Ստամբուլում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլի «Պերա» գեղարվեստական թանգարանում հայ կինոռեժիսոր, սցենարիստ Սերգեյ Փարաջանովի 95-ամյակին նվիրված մեծ ցուցահանդես է գործում, որը բացվել էր դեկտեմբերի 12-ին:

Հայ մեծ կինոռեժիսորը ծնվել է 1924 թվականի հունվարի 9-ին:

Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց, որ վերջին մոտ 30 տարվա ընթացքում այդ ցուցահանդեսն ամենամեծն ու նշանավորն է:

«Մեզ համար այս ցուցահանդեսը շատ կարևոր է, քանի որ Ստամբուլում առաջին անգամ է Հայաստանի պետական թանգարանի ցուցանմուշներով ցուցահանդես բացվում»,- ասաց Սարգսյանը և հավելեց, որ այն տևելու է մինչև 2019 թվականի մարտի 17-ը:

Տնօրենի խոսքով՝ միջոցառումը նախաձեռնել են թանգարանի սեփականատերերը:

«Ստամբուլի այդ թանգարանը մասնավոր է և պատկանում է մի մեծահարուստ ընտանիքի, և հենց իրենք էլ առաջարկել էին նմանատիպ ցուցահանդես կազմակերպել: Այն կոչվում է «Փարաջանովն ու Սարգիսը»: Սարգիսն ով արվեստագետ է, կոնցեպտուալիստ-նկարիչ, արմատներով Պոլսից է, սակայն այժմ  ապրում է Ֆրանսիայում: Նա շատ է սիրում Փարաջանովին»,- նշեց մեծանուն ռեժիսորի երևանյան թանգարանի տնօրենը:

Վերջինս ընդգծեց, որ «Պերա» թանգարանը 5-հարկանի է և 4-րդ հարկում Փարաջանովի ցուցահանդեսն է, իսկ 5-րդում Սարգիսը Փարաջանովին ու նրա «Սայաթ-Նովա» ֆիլմին նվիրված ինստալյացիա է արել:

Թողարկվել է նաև մեծ կատալոգ՝ անգլերեն և թուրքերեն լեզուներով:

«Ցուցադրույթը շատ գեղեցիկ է ստացվել, այն իրականացրել է Թուրքիայի ամենանշանավոր ձևավորող-նկարիչներից մեկը: Երևանից 75 նմուշ ենք տարել Ստամբուլ, ինչն էլ վկայում է այն մասին, որ սա Փարաջանովին նվիրված ամենամեծ ցուցահանդեսն է, որ երբևէ արվել է: Բացի ցուցանմուշներից, թանգարանում տեղադրված է 40 էկրան, որոնց վրա ցուցադրվում են կինոռեժիսորի ֆիլմերը»,- պատմեց Զավեն Սարգսյանը և հավելեց, որ ցուցահանդեսն օրական 400 այցելու է ունենում:

...Հունվարի 9-ին, հենց Փարաջանովի ծննդյան օրը Սարգսյանը մի շարք արվեստագետների է հրավիրել ռեժիսորի երևանյան թանգարան՝ հիշելու և նշելու կինոռեժիսորի 95-ամյակը: Նրանք նաև այցելելու են Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու Փարաջանովի հիշատակին:

«Հիմնականում հրավիրված են այն մարդիկ, ովքեր ճանաչել են նրան, թանգարանի հետ կապեր ունեն, բայց կանչել եմ նաև ավելի երիտասարդ արվեստագետների, որպեսզի լինի այդ սերնդափոխությունը: Կարծում եմ, որ անպայման պետք է երիտասարդ սերնդին էլ փոխանցել Փարաջանովի մասին մեր գիտելիքները»,- ասաց թանգարանի տնօրենը:

Նա անդրադարձավ նաև Ուկրաինայի հայ համայնքի անդամներին, ովքեր նույնպես բավականին հետաքրքրված են Փարաջանովի ստեղծագործական գործունեությամբ:

«Ուկրաինայի Լուգանսկի մարզի Ալչևսկ քաղաքում, որի ճամբարում երրորդ անգամ բանտարկված է եղել Սերգեյ Փարաջանովը, հունվարի 9-ին նշելու են նրա ծնունդը, փակցնելու հուշատախտակ: Ալչևսկում նաև ապրում է մի մարդ, ով ազգությամբ թաթար է, կինն էլ ծնունդով Աղդամից է՝ ադրբեջանուհի, տեղի դպրոցում Սերգեյ Փարաջանովի անվան փոքրիկ թանգարան է ստեղծել»,- եզրափակեց Զավեն Սարգսյանը:

Սերգեյ Փարաջանովը ծնվել է 1924 թվականի հունվարի 9-ին Թիֆլիսում: Ավարտելով միջնակարգ դպրոցը՝ նա ընդունվում Թիֆլիսի երկաթուղային տրանսպորտի ինժեներական ինստիտուտի շինարարական ֆակուլտետ։ Մեկ տարի անց հեռանում է ինստիտուտից և ընդունվում միանգամից երկու բուհ՝ Թիֆլիսի կոնսերվատորիայի վոկալի բաժին և Օպերային թատրոնին կից գործող պարային ուսումնարան։

Այնուհետև սովորում է Մոսկվայի կոնսերվատորիայում` Նինա Դորլիակի դասարանում։ Այնտեղ սովորելուն զուգահեռ՝ Փարաջանովը 1946 թվականին ընդունվում է նաև Մոսկվայի կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի ռեժիսուրայի ֆակուլտետ։

Փարաջանովի դիպլոմային աշխատանքը կարճամետրաժ «Անդրիեշ» ժապավենն էր։ Չորս տարի անց նա ռեժիսոր Յակով Բազելյանի հետ Ալ. Դովժենկոյի անվան կինոստուդիայում նույն սյուժեով, նույն անվամբ ֆիլմի լիամետրաժ տարբերակն է նկարահանում։

Նրա ստեղծագործությունները բարձր են գնահատել ժամանակի մեծագույն ռեժիսորներ Ֆեդերիկո Ֆելինին, Անդրեյ Տարկովսկին և այլք:

Հանրությանը լայնորեն հայտնի են նրա «Նռան գույնը», «Մոռացված նախնիների ստվերները», «Սուրամի ամրոցի լեգենդը», «Աշուղ Ղարիբ» և այլ ֆիլմեր: Փարաջանովն արժանացել է բազմաթիվ միջազգային, հայրենական մրցանակների:

Լիլիթ Դեմուրյան

Լուսանկարները տրամադրեց Զավեն Սարգսյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]