1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Դարձ ի շրջանս յուր» գրքում Լևոն Ազրոյանը զետեղել է իր ակնարկները հայտնի մարդկանց մասին

«Դարձ ի շրջանս յուր» գրքում Լևոն Ազրոյանը զետեղել է իր ակնարկները հայտնի 
մարդկանց մասին

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լույս է ընծայվել անվանի լրագրող, «Արմենպրես» լրատվական գործակալության աշխատակից Լևոն Ազրոյանի «Դարձ ի շրջանս յուր» ժողովածուն, որում լրագրողն ընդգրկել է շուրջ յոթանասուն ակնարկ: Գիրքը բաղկացած է հինգ գլխից: Առաջինում ներառված են ակնարկներ գրողների, արվեստի գործիչների, մշակութային օջախների մասին: Երկրորդ գլխում տեղ են գտել գիտության ու լրագրության բնագավառների երևելի անձանց վերաբերող նյութերը: Առանձին գլուխներ են հատկացված քաղաքական ու զինվորական գործիչներին, անվանի մարզիկներին, հերոս օդաչուներին և ավիացիայի այլ նվիրյալների:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հեղինակը գրքում նշել է, որ թատերասեր ընթերցողը սիրով կկարդա Թիֆլիսի հայկական թատրոնի ստեղծման, այդ թատրոնի հիմնադիրներից մեկի` Գևորգ Չմշկյանի մասին ակնարկները: «Համոզված եմ, որ ընթերցողն անտարբեր չի մնա մեր թատրոնի մեկ այլ երևելի դերասանի` Բաբկեն Ներսիսյանի  ու նրա Տիգրան որդու  մասին ակնարկների նկատմամբ: Հայտնի է, որ ամեն ոք ինքն է կերտում իր կենսագրությունը: Կարևորն այն է, որ այդ կենսագրությունն ուսանելի լինի սերունդների համար, օրինակ ծառայի հայրենանվեր գործեր արարելիս: Ներկայացված հերոսներից յուրաքանչյուրը վառ անհատականություն է, մեծ հայրենասեր ու իր գործի նվիրյալը, ուստի նրանց կենսագրությունն ընդօրինակելի է մյուսների համար: Մարտիրոս Սարյան ու Հովհաննես Բաղրամյան, Կարեն Դեմիրճյան ու Էդուարդ Շևարդնաձե, Յակով Զարոբյան և Անդրեյ Սախարով… Ահա իմ ակնարկների հերոսների ոչ լրիվ ցանկը»,-գրել է Ազրոյանը:

Խոսելով վերնագրի մասին` Ազրոյանը  պատմել է, որ  դրա ընտրությունը կապված է այն բանի հետ, որ ինքը երկար տարիներ աշխատել է Հայաստանի հեռագրական գործակալությունում, այնուհետև նշանակվել է ՀՀ կառավարության մամուլի ծառայության  ղեկավարի տեղակալ, դասավանդել տարբեր բուհերում և 2016 թվականին «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանի առաջարկությամբ վերադարձել է «Արմենպրես»:  Այդպես է կայացել հեղինակի «դարձ ի շրջանս յուրը»:

Ազրոյանը գիրքը նվիրել  է «Արմենպրես» պետական լրատվական գործակալության 100-ամյակին և այդ գործակալության բոլոր ժամանակների լրագրողներին:

Նա իր խոր երախտագիտությունն է հայտնել բարերար Սերգեյ Վանցյանին գրքի հրատարակմանը նյութապես սատարելու համար:

Լևոն Ազրոյանը ծնվել է Թբիլիսիում` գրող, հրապարակախոս Կորյուն Ազրոյանի ընտանիքում: Սովորել է Պուշկինի անվան մանկավարժական ինստիտուտի պատմաբանական ֆակուլտետում: Աշխատել է «Սովետական Վրաստան» թերթի խմբագրությունում: 1966 թվականին տեղափոխվել է Հայաստան և աշխատանքի անցել Հայաստանի հեռագրական գործակալությունում (ներկայումս` «Արմենպրես»):

Լևոն Ազրոյանը լուսաբանել է կարևոր հասարակական-քաղաքական և մշակութային իրադարձություններ ինչպես Հայաստանում, այնպես էլ երկրի սահմաններից դուրս: Նա միակ հայ լրագրողն է, որը ՏԱՍՍ-ի բրիգադի կազմում լուսաբանել է Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության համագումարներից մեկը:

Ազրոյանի հոդվածներն ու մանրապատումները, ռեպորտաժներն ու հարցազրույցները տպագրվել են Հայաստանի և Սփյուռքի թերթերում, հաղորդվել են ռադիոյով և հեռուստատեսությամբ: Նա հեղինակ է տասնմեկ գրքի, որոնցից են «Ժամանակի հետահայաց ուղիներում», «Մարդիկ, իրադարձություններ, ճակատագրեր», «Կարոտը կրկին տարավ էրգիր» և այլ գործեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]