1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Նոր գրքեր, համերգներ, վարպետության դասեր. Երևանում մեկնարկեց Գրքի երրորդ փառատոնը

Նոր գրքեր, համերգներ, վարպետության դասեր. Երևանում մեկնարկեց Գրքի երրորդ 
փառատոնը

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրքի երևանյան երրորդ փառատոնը, որի շրջանակում նախատեսվում են հայ, արտասահմանյան հեղինակների գրքերի շնորհանդեսներ, դասախոսություններ, բանախոսություններ գրատպության, հրատարակչական գործի վերաբերյալ, հանդիպումներ հասարակական, մշակութային գործիչների հետ և այլ միջոցառումներ, մեկնարկեց նոյեմբերի 22-ին Հայկական բարեգործական ընդհանուր միությունում: Բացմանը համերգով հանդես եկան «Ագապէ» կամերային երգչախումբը և «Երևան» լարային քառյակը:

«Այս փառատոնը Երևանի զարդն է: Արժե, որ այն շրջի նաև Հայաստանի մարզերում: Վստահ եմ, որ այն մեծ խթան հանդիսացավ ընթերցանության աշխուժացման համար: Կարծես թե ընթերցելը հիմա մոդայիկ է դարձել: Այն ակտիվությունը, որն այս օրերին տիրում է գրադարաններում, գրախանութներում, հրաշալի է: Փառատոնը գեղագիտության մասին է, և մարդկանց համախմբում է բարձր արժեքների շուրջ: Այստեղ նաև հումոր կա. Երևանյան գրքի փառատոնը առաջ բերեց նոր արտահայտություններ` «գրքախառնվել», «գրքոտ աղջիկ» և այլն»,-«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը:

Գրքի երևանյան փառատոնի շրջանակում անցկացվում է ցուցահանդես-տոնավաճառ, որին մասնակցում են 37 հրատարակչություն, գրախանութ և կազմակերպություն: Գրքերը վաճառվում են մինչև 40 տոկոս զեղչով։

«Դարակ» հրատարակչության տնօրեն Աշոտ Գաբրիելյանը, խոսելով փառատոնի կարևորության մասին, ասաց, որ այն տարեցտարի ավելի կազմակերպված ու որակյալ բնույթ է ձեռք բերում: «Մարդիկ սպասում են փառատոնին` նոր գրքերի ծանոթանալու համար: Ամեն տարի ավելանում են հրատարակչությունները, գրքերի շուկան ավելի բազմաժանր ու բազմաբովանդակ է դառնում»,-շեշտեց նա:

Անդրադառնալով «Դարակ»-ի տեսականուն` Գաբրիելյանը նշեց, որ ներկայացրել են մի քանի մատենաշար: «Գեղագիտակ» մատենաշարով մանկապատանեկան գրականության բացն ենք փորձում լրացնել: Ցուցադրել ենք նաև «Վերադարձ», «Ժամանակ», «Սիրավեպ» մատենաշարերը»,-տեղեկացրեց հրատարակչության տնօրենը:

«Էդիթ պրինտ» հրատարակչության հասարակայնության հետ կապերի պատասխանատու  Ռոզա Գրիգորյանն էլ ընդգծեց, որ իրենք, մասնավորապես, վերջերս լույս տեսած գրքերն են ներկայացրել:

«Այստեղ է Գալուստ Գյուլբենկյանի մասին պատմող «Պարոն հինգ տոկոս»  գիրքը, Ալեքսիս Օհանյանի «Առանց թույլտվության» ստեղծագործությունը, տպարանից հենց նոր բերել ենք Ժյուլ Վեռնի «Քսան հազար լյո ջրի տակ» գիրքը` հետաքրքիր նկարազարդմամբ: Ցուցադրել ենք նաև «Անգլիական դասականներ» շարքը, որը  մեծ պահանջարկ ունի: Գրքերը նոր նկարազարդումներով են, գեղեցիկ շապիկներով»,-պատմեց նա:

Գրիգորյանի խոսքով` «Էդիթ պրինտ»-ը երրորդ անգամ է մասնակցում այս նախաձեռնությանը: «Մենք շատ ենք կարևորում նման միջոցառումները, որովհետև դրանք նպաստում են գրքի հանդեպ հետաքրքրության մեծացմանը: Այս մասին են վկայում նաև «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» նախագծի արդյունքները»,-եզրափակեց Ռոզան:

Փառատոնի շրջանակում հայտարարվել էր գրական մրցույթ, որին ներկայացվել է 87 հայտ՝ 43-ը «Պոեզիա», 34-ը «Արձակ», 10-ը «Դրամատուրգիա» անվանակարգերում։

«Մենք շատ ներկայացուցչական ժյուրիի կազմ ունենք. գրաքննադատ, արձակագիր Ալեքսանդր Թոփչյան, պոետ Տիգրան Պասկևիչյան, գրականագետներ Քրիստինե Հովհաննիսյան, Ալվարդ Սեմիրջյան, Տիգրան Սիմյան, Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի ռեժիսոր Գրիգոր Խաչատրյան, կինոգետ Դավիթ Մուրադյան, Պատանի հանդիսատեսի թատրոնի գեղարվեստական ղեկավար Դավիթ Հարությունյան:

Արդյունքներն ամփոփվելու են  փառատոնի փակման օրը`նոյեմբերի 24-ին: Վեց հաղթող են լինելու, ամեն անվանակարգում՝ երկուսը: Բոլոր մրցանակակիրները ստանալու են 400-հազարական դրամ»,-տեղեկացրեց կազմակերպչական թիմի անդամ Անի Հովնանը:

Գրքի երևանյան փառատոնն անցկացվում է 2017 թվականից։ Նպատակն է խթանել ընթերցանությունը, ժամանակակից գրականության նկատմամբ հետաքրքրությունը, գրող-գրական գործակալ-հրատարակիչ-ընթերցող շղթայի ամրացումը, նոր հրատարակությունների մասին տեղեկացնելը,  նոր գրականության ստեղծմանը նպաստելը։

Փառատոնը հնարավորություն է տալիս բա­ցա­հայտել տաղանդավոր ստեղծագործողների և նպաստում է նրանց առաջխա­ղաց­մանը։

Փառատոնը կյանքի է կոչվում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]