Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Այստեղ կյանքը հաղթել է մահին. ՀՀ նախագահը Գյումրիին ուրախությունը վերադարձնելու ժամանակն է համարում

Այստեղ կյանքը հաղթել է մահին. ՀՀ նախագահը Գյումրիին ուրախությունը 
վերադարձնելու ժամանակն է համարում

ԳՅՈՒՄՐԻ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ:   Գյումրիում 1988 թվականի անմեղ զոհերի հիշատակին նվիրված միջոցառումները մեկնարկեցին պատարագով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, առավոտյան հոգեհանգստի պատարագ մատուցվեց Շիրակի թեմի բոլոր եկեղեցիներում:

Սբ Աստվածածին կամ, ինչպես գյումրեցիներն են ասում, Սբ Յոթվերք եկեղեցում պատարագ մատուցվեց ձեռամբ Հայր Գարեգին  վարդապետ Հարությունյանի և օրհնությամբ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի:

Պատարագին ներկա էին ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը, մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, քաղաքական գործիչներ: Ինչպես միշտ, այս անգամ ևս թեմի եկեղեցիներն ու գերեզմանատները մարդաշատ են: Երկրաշարժից 31 տարի անց մարդիկ այցելում են աղետին զոհ գնացած իրենց հարազատների շիրիմներին: Մարդկանց հոսքը չի դադարում նաև դեպի «Շիրակ» գերեզմանատան անմեղ զոհերի եղբայրական գերեզման, իսկ 11:41-ին քաղաք այցելած բարձրաստիճան պաշտոնյաները, դիվանագիտական ու ուժային կառույցների ներկայացուցիչները՝ գյումրեցիների հետ միասին ծաղիկներ խոնարհեցին անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին և մեկ րոպե լռությամբ հարգեցին նրանց հիշատակը: Հուշակոթողի մոտ կատարվեց հոգեհանգստի կարգ՝  թեմակալ առաջնորդի ձեռամբ:

Աղետից 31 տարի անց առկա խնդիրներն իրենց պատճառներն ունեն: Լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանը՝ ընդգծելով երկրի առջև այս ընթացքում  ծառացած դժվարությունները: «31 տարիների ընթացքում ունեցել ենք նաև պատերազմ, հսկայական դժվարություններ, սահմանափակումներ: Սրանք օբյեկտիվ պատճառներն էին, բայց սրանց կողքին պետք  է հիշել նաև այս ողբերգությունն ապրած ժողովրդի համբերությունը: Ձեր բեռը ուսերին համբերատար տանում եք, հավանաբար՝ սպասելով այն օրվան, երբ մենք բոլորս միասին, որպես հայ ժողովուրդ կկարողանանք մեր հայացքն ամբողջովին ուղղել դեպի Ձեզ, դեպի հյուսիս»,-նշեց ՀՀ Նախագահը:

Արմեն Սարգսյանը հույս հայտնեց, որ այն ուշադրությունը, որ արդեն կա, կօգնի աղետի գոտու բնակիչներին վերականգնել նախկին ուրախությունն ու կորցրածը: «Եվ, ես հույս ունեմ, որ այն սերը, որ մեր սրտում պահել ենք 30 տարի, այն ջերմությունը, այն հոգատարությունն ու այն մեծ գնահատականը, որ ունենք Ձեր համբերատարության համար, Ձեր արժանապատվության համար, եկել է ժամանակը, որ վերադարձնենք: Ժամանակը եկել է, որ բոլորս միասին վերականգնենք այս հոյակապ քաղաքը՝ Գյումրին, նաև՝ Սպիտակն ու Վանաձորը: Նորից կյանք ու ուրախություն բերենք: Այստեղ կյանքն իրոք հաղթել է մահին»,-ասաց նախագահ Սարգսյանը:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]