Երևանի ավագանու նախկին անդամ Հենրիկ Հարթենյանի մանդատը փոխանցվեց Պավել Յուրիի Սարգսյանին

10:16, 11 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության նախկին անդամ Հենրիկ Հարթենյանի մանդատը Կենտրոնական ընտրական հանձնաժողովը փոխանցեց Պավել Յուրիի Սարգսյանին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ԿԸՀ արձանագրությունը փետրվարի 11-ին հրավիրված նիստում ընթերցեց հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:

«Հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2020 թ. փետրվարի 5-ի Երևանի ավագանու անդամ Հենրիկ Հարթենյանի ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու մասին արձանագրությունը և ղեկավարվելով «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքով՝ ԿԸՀ-ն արձանագրում է. ավագանու անդամի մանդատը տրվում է «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Պավել Յուրիի Սարգսյանին»,- ասաց Մուկուչյանը:

Հունվարի 26-ին Հենրիկ Հարթենյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջի «story» բաժնում տեղադրել էր Սարա Թովմասյան անունով օգտատիրոջ լուսանկարը և փորձել հանրության ուշադրությունը գրավել նրա վրա՝ գրելով, թե էջը ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի աղջկանն է: Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարություն էր տարածել դեպքի առնչությամբ. «Հարգելի քաղաքացիներ, խստորեն դատապարտում ենք ատելության խոսքի ցանկացած դրսևորում: Հայցում ենք ձեր ներողամտությունը կատարվածի առթիվ: «Իմ քայլը» խմբակցությունը կգումարի հրատապ նիստ, որից հետո հանդես կգանք հայտարարությամբ»:

Հունվարի 27-ին Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը խմբակցության անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Հենրիկ Հարթենյանին հորդորել էր վայր դնել ավագանու անդամի մանդատը, ինչին Հարթենյանը համաձայնել էր:


© 2009 ARMENPRESS.am