Արամ Ավագյանի նոր մենեջերը մեծ ակնկալիքներ ունի հայ բռնցքամարտիկի առաջիկա մենամարտից

17:51, 19 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի նախկին անդամ, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Արամ Ավագյանը մարտի 13-ին ԱՄՆ-ի Դետրոյթ քաղաքում կանցկացնի հերթական մենամարտը պրոֆեսիոնալ ռինգում։ Փետրվարի 17-ին կայացած ասուլիսի ժամանակ հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկը հայտարարեց, որ նոր պայմանագիր է կնքել «Սալիտա» պրոմոութերական ընկերության հետ։ Ավագյանի նոր մենեջերը Խաչատուր Խաչատրյանն է, ով էլ հենց զբաղվել է Ավագյանի պայմանագրի և մենամարտի հարցերով։

«Արմենպրես»-ը հետ զրույցում Խաչատրյանը խոսել է մենամարտի և համագործակցության մանրամասների մասին։

-Պարոն Խաչատրյան, ինչպե՞ս սկսվեց Ձեր համագործակցությունն Ավագյանի հետ։

-Արամին առաջին անգամ տեսել եմ նրա վերջին մենամարտի ժամանակ։ Տպավորված էի նրանով։ Այնուհետև սոցիալական կայքի միջոցով ծանոթացանք։ Սկզբում ընկերական հարաբերություններ ունեինք, իսկ հիմա արդեն գործնական։ Ինձ դուր եկավ Արամի մոտեցումը բռնցքամարտին։ Նրա համար կարևորը չեմպիոնական ճանապարհն է, ժառանգությունը, անունը, որը կթողնի իրենից հետո։ Այսպիսի բռնցքամարտիկները ոգեշնչում են։ Մոտ մեկ ամիս առաջ Արամի հետ արդեն անցանք գործնական հարաբերությունների դաշտ։ Նա չուներ գործող պայմանագիր և մենեջեր։ Ես իմացա դրա մասին և առաջարկեցի նրան օգնել։ Իհարկե օգնություն ասվածը պրոֆեսիոնալ մակարդակով և օրենքի ուժով։

-Քանի՞ տարվա համագործակցության պայմանագիր եք կնքել։

-Իմ և Արամ Ավագյանի միջև կա մենեջերական պայմանագիր՝ 7 տարի ժամկետով։ Ինչպես նաև աշխատանքային պարտավորությունների պայմանագիր՝ հաստատված նոտարով։ Նույն տևողության պայմանագիր էլ Արամը ստորագրել է «Սալիտա» պրոմոութերական ընկերության հետ՝ 5+2։

-Իսկ ինչո՞ւ ընտրեցիք հենց այդ ընկերությունը։

-Երբ Արամը դիմեց ինձ՝ մենամարտի համար ես ասացի նրան, որ մեկ մենամարտ անցկացնելու հնարավորություններ կան՝ լավ հոնորարով։ Սակայն ինքներդ էլ հասկանում եք, Ավագյանը այն բռնցքամարտիկը չէ, որ նախ մնա առանց պայմանագրի, մեկ անգամ գումար վաստակի և ամիսներով սպասի։ Նրա մոտիվացիան գումարը չէ, այլ, ինչպես ասացի, չեմպիոնական ուղին է և գոտիները։  «Սալիտա» պրոմութերական ընկերությանն էլ հենց Արամի նման բռնցքամարտիկներն են հետաքրքրում։ Նրանք, այսպես ասած, չեմպիոններ աճեցնելու քաղաքականություն ունեն։ Երբ նրանք ճանաչեցին Արամին, միանգամից մեկ մենամարտի փոխարեն առաջարկեցին ռեալ պայմանագիր՝ 5+2 տարի ժամկետով։ Կարծում եմ հասկանում եք, թե ինչի մասին է սա խոսում։ Ինքս համագործակցում եմ շատ հայտնի ընկերությունների հետ, ինչպես Եվրոպայում, այնպես էլ Ռուսաստանում և ԱՄՆ-ում։ Եվ Արամի համար լավագույն տարբերակն ենք ընտրել։

-Մարտի 13-ին կկայանա մենամարտը, որտեղ Ավագյանի մրցակիցը կլինի դոմինիկացի Դագուբետրո Ագուերոն։ Ինչպիսինն են Ավագյանի շանսերը ըստ Ձեզ՝ հաշվի առնելով մրցակցի  հաղթանակները (15/0) և Ավագյանի՝ գրեթե մեկ տարի չմենամարտելը։

-Ես ոչ մի վայրկյան կասկած չունեմ, որ Արամը հաղթելու է այդ մենամարտում։ Ոչ միայն ես, այլև «Սալիտա» պրոմոութերական ընկերությունում են վստահ, որ այստեղ հաղթողը Արամն է։ Նա հրաշալի բռնցքամարտիկ է, մենք նրա մեջ տեսնում ենք չեմպիոնի։ Նա շատ աշխատասեր է և կարող է դառնալ չեմպիոն՝ տիրանալով բոլոր գոտիներին։ Մենամարտին նա կնախապատրաստվի Դետրոյթում՝ աշխարհահռչակ Թայսոն Ֆյուրիի մարզչի հետ։

 

 

 

 


© 2009 ARMENPRESS.am