Հանձնաժողովը հավանություն տվեց տիեզերական գործունեությանը հարկային արտոնություն տալու նախագծին

12:07, 26 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ հավանություն տվեց կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագծին, որով առաջարկվում է բարձր տեխնոլոգիական ընկերություններին տիեզերական ոլորտում գործունեություն ծավալելու համար տալ հարկային արտոնություն:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Տիեզերական գործունեության մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը հանձնաժողովի քննարկմանը ներկայացրեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:

«Նախագիծը բարձր տեխնոլոգիական ընկերություններին տիեզերական ոլորտում գործունեություն ծավալելու համար հարկային արտոնություն տալու և տիեզերական ոլորտում գործունեությունը լիցենզավորման ենթակա ոլորտ դարձնելու մասին է»,-հիշեցրեց Արշակյանը:

Առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում նախագծում կատարվել են որոշակի տեխնիկական շտկումներ:

Տիեզերական գործունեության մասին օրենքի նախագծով կարգավորվում են ՀՀ-ում տիեզերական գործունեության կազմակերպման և իրականացման հետ կապված հարաբերությունները: Սահմանվում են տիեզերական գործունեության, տեխնիկայի, օբյեկտների, ենթակառուցվածքների և տիեզերական տարածության հասկացությունները:

 Նախագիծը քվեարկությամբ արժանացավ հանձնաժողովի դրական եզրակացությանը:


© 2009 ARMENPRESS.am