«Եվրատեսիլ 2020»-ը չեղարկվել է

17:43, 18 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրատեսիլ 2020» երգի միջազգային մրցույթը չի կայանա:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին պաշտոնական գրառում է տարածել Եվրոպական հեռարձակողների միությունը: 

Հաղորդագրությունում նշվում է, որ կազմակերպիչները նախորդ մի քանի շաբաթվա ընթացքում փորձել են մրցույթի անցկացման բազմաթիվ այլընտրանքային լուծումներ գտնել, սակայն COVID-19-ի արագ տարածումը Եվրոպայում և այլ երկրներում կանխել է իրենց նախաձեռնությունները:

«Եվրատեսիլ 2020»-ին Հայաստանը պետք է ներկայացներ հունահայ երգչուհի Աթենա Մանուկյանը «Chains On You» երգով, որի հոլովակն օրերս ներկայացվեց երաժշտասերներին:

Մրցույթը պետք է տեղի ունենար Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում: Մրցույթի կիսաեզրափակիչ փուլերը պետք է անցկացվեին մայիսի 12-14-ին, իսկ եզրափակիչը` մայիսի 16-ին:

 

 


© 2009 ARMENPRESS.am