Լիլիթ Հովհաննիսյանին հաջողվել է արտերկրից վերադառնալ հայրենիք
13:54, 21 Ապրիլ, 2020ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը, որը «Dream World Tour»-ի համերգներով շրջագայում էր ամբողջ աշխարհում և կորոնավիրուսի տարածման պատճառով չէր կարողանում վերադառնալ Հայաստան, արդեն հայրենիքում է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Հովհաննիսյանը գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում: «Վերջապես վերադարձա:
Երբ ինքնաթիռը գետնից պոկվեց ու ուղևորվեց դեպի Հայաստան, զգում էի այն մեծ ուրախությունը, որը երևի զգում էր Բեն Աֆֆլեկը «Արգո» ֆիլմի վերջնամասում»,-գրել է Հովհաննիսյանը:
Մինչ վերոնշյալ գրառումը երգչուհին մեկ այլ հրապարակում էր արել՝ շեշտելով, որ Հայաստան վերադառնալն արդեն երազում է տեսնում: «Ավստրալիայից եկա Բրազիլիա (համերգիս համար) ու անորոշ ժամանակով ստիպված եմ մնալ այստեղ, քանի որ վաղու՜ց չվերթները հանվել են: #տունեմուզում»,-նշել էր նա:
«Dream World Tour»-ի համերգների 90 տոկոսն արդեն իրականացվել է, սակայն մի քանի կարևոր համերգ առջևում է: Կորոնավիրուսի պատճառով Հովհաննիսյանը հետաձգել է առաջիկա բոլոր մենահամերգները:
© 2009 ARMENPRESS.am