WCIT 2019 հայկական թիմը երկրորդ խոշոր տեխնոլոգիական կոնֆերանսը կկազմակերպի Մոսկվայում 

13:54, 28 Ապրիլ, 2020
ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ WCIT 2019 տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի հայկական թիմը  կազմակերպչական որակյալ աշխատանքի շնորհիվ միջազգային ճանաչում է ստացել և շուտով Մոսկավայում նախատեսում է կազմակերպել իր երկրորդ խոշոր տեխնոլոգիական կոնֆերանսը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «WCIT 2019 Yerevan»-ի կազմակերպչական թիմը։
«ՏՏ համաշխարհային 23-րդ համաժողովը հատկանշական ակնթարթ էր մեր երկրի համար, հնարավորություն՝ աշխարհի ուշադրությունը սևեռելու այն նորարարությունների վրա, որոնք ամեն օր ստեղծվում են հենց Հայաստանում: WCIT 2019-ը իսկապես կարևոր ու հիշարժան տեխնոլոգիական համաժողով էր, որի հիմքում թիմային մեծ ձգտումն էր, աշխատանքի որակն ու կատարման վարպետությունը: 
Համաժողովի գերազանց հաջողության հետևում մասնագետների հսկայական թիմ էր, որն աշխատում էր մեկ տեսլականի ու նպատակի համար: Սակայն WCIT 2019-ը Երևանում կայացավ հենց WCIT 2019- ՏՏ համաշխարհային 23-րդ համաժողովի կազմակերպչական կոմիտեի նախագահ, ԱՏՁՄ նախագահ, «UCOM»-ի համահիմնադիր Ալեքսանդր Եսայանի մեծ ջանքերի ու ներդրման շնորհիվ: Արդյունքում՝ Հայաստանը տեխնոլոգիական կոնֆերանսների նոր չափանիշ սահմանեց ամբողջ աշխարհում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
WCIT 2019 Yerevan-ը խոստանում է առաջիկայում մանրամասներ ներկայացնել Մոսկավում կազմակերպվող համաժողովի վերաբերյալ։
WCIT-2019 համաժողովն անցկացվել էր 2019 թվականի հոկտեմբերի 7-9-ը: Համաժողովին մասնակցել է ավելի քան 2500 մարդ 70 երկրից։ 
WCIT համաժողովին բացման խոսքով հանդես էր եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 
Համաժողովին հիմնական ծրագրին զուգահեռ համալիրի սրահներում գործում էին տաղավարներ, որտեղ տեղական և արտասահմանյան ընկերություններ ներկայացնում էին իրենց արտադրանքը։ 
Համաժողովին մասնակցել են System of a Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը և գործարար, «Reddit» կայքի և «Initialized Capital» վենչուրային ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը։ Համաժողովի ընթացքում ելույթ է ունեցել նաև աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը։

© 2009 ARMENPRESS.am