Երգի պրեմիերա. Սևակ Խանաղյանը հրապարակել է «Բոց» (Пламя) ստեղծագործությունը

14:12, 15 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանաբնակ հայազգի երգիչ Սևակ Խանաղյանը, որը հատկապես մեծ ճանաչում ձեռք բերեց ուկրաինական «X ֆակտոր» նախագծից հետո, երաժշտասերներին է ներկայացրել  «Բոց» (Пламя) երգը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երգի երաժշտության հեղինակը Սամվել Վարդանյանն է, խոսքերը գրել են Էրիկ Կիրակոսյանն ու Ռուստամի Ֆարիդունը, գործիքավորումն իրականացրել է Ալեքսեյ Վարդանյանը: Երգը հասանելի է համացանցում:

Շաբաթներ առաջ Սևակը ներկայացրել էր նաև «Жди меня там» ստեղծագործության հոլովակը, որն ամբողջությամբ նկարահանվել է Հայաստանում:

Հեղինակ-կատարող Սևակ Խանաղյանը ծնվել է 1987 թվականին Հայաստանում` Տաշիրի մարզի Մեծավան գյուղում: Երաժշտության նկատմամբ հետաքրքրությունն առաջացել է այն ժամանակ, երբ լսել է հոր ակորդեոնով կատարումները: Ավարտել է տեղի երաժշտական դպրոցը: Դպրոցական տարիքում ընտանիքի հետ տեղափոխվել է Մոսկվա: Սովորել է Կուրսկի երաժշտական ուսումնարանի ակորդեոնի, Մոսկվայի պետական դասական էստրադային-ջազային ակադեմիայի վոկալի բաժիններում: Մասնակցել է «Գլխավոր բեմ», «Ձայն», «X ֆակտոր», «Եվրատեսիլ-2018» հեղինակավոր մրցույթներին:

Անժելա Համբարձումյան

Լուսանկարը՝ Սևակ Խանաղյանի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջից


© 2009 ARMENPRESS.am