ԱՀԿ-ն պատրաստ է ամբողջ ներուժով ու գործիքակազմով աջակցել Հայաստանին համավարակի դեմ պայքարում

19:47, 10 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեսազրույց է ունեցել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական գրասենյակի տնօրեն Հանս Կլյուգեի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, տեսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ աշխատանքները, ինչպես նաև վերջին ամիսներին օրակարգային հարց դարձած կորոնավիրուսային վարակի դեմ փոխգործակցության հնարավորությունները։

Արսեն Թորոսյանը ներկայացրել է կորոնավիրուսային հիվանդության առումով իրավիճակը Հայաստանում, կատարված ու ընթացիկ քայլերը, ինչպես նաև տեղեկացրել է նախատեսվող աշխատանքների մասին։

Զրույցն ընդգրկել է կողմերին հետաքրքրող հարցերի լայն շրջանակ՝ մարդկանց վարքագծային փոփոխությունների կարգավորումից մինչև նեղ մասնագիտական հարցեր։

ԱՀԿ-ի եվրոպական գրասենյակի տնօրեն Հանս Կլյուգեն կրկին պատրաստակամություն է հայտնել կազմակերպության ամբողջ ներուժով ու գործիքակազմով աջակցելու մեր երկրում գործադրվող ջանքերին՝ ինչը թույլ կտա հաղթահարելու համավարակի հետ կապված բոլոր խնդիրները։

«Հարկ է նշել, որ ԱՀԿ-ն առողջապահության բնագավառում կարևոր միջազգային գործընկեր է, ինչպես նաև մասնագիտական ու հրատապ բնույթի տեղեկությունների, խորհրդատվության և հանձնարարականների փոխանակման համաշխարհային հիմնական հարթակ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ 


© 2009 ARMENPRESS.am