Սոֆի Մխեյանը, Վիգեն Հովսեփյանն ու ԴերՀովան համատեղ տեսահոլովակ են ներկայացրել

12:04, 22 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոֆի Մխեյանը, Վիգեն Հովսեփյանն ու ԴերՀովան ժամանակակից ռիթմերով են ներկայացրել «Խորոտիկ, մորոտիկ» երգը, որի հիման վրա նկարահանված տեսահոլովակն արդեն համացանցում է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հոլովակի ռեժիսորն ու օպերատորը Ֆելիքս Շախտոյանն է: Տեսահոլովակում կլարնետ է նվագում Հարություն Չկոլյանը, դարբուկա՝ Կարո Սաղոյանը:

Սոֆի Մխեյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում կադրեր է հրապարակել հոլովակի նկարահանման ընթացքից՝ տաք ու պարային օր մաղթելով բոլորին:

Սա Սոֆի Մխեյանի և Վիգեն Հովսեփյանի առաջին համագործակցությունը չէ: Տարիներ առաջ նրանք երաժշտասերներին էին մատուցել «Մի քիչ» երգը, որը 2016-ին արժանացել է «Տարվա լավագույն դուետ» մրցանակին: Մխեյանը վաղուց է աշխատում նաև ԴերՀովայի հետ: Նրանց համատեղ գործունեությայն արդյունքում երգչուհին  երկրպագուներին բազմաթիվ գեղեցիկ երգեր է ներկայացրել:


© 2009 ARMENPRESS.am