Նոր ծրագրով փնտրվում են էներգախնայողության մարտահրավերներին լուծում տվող ընկերություններ

14:16, 3 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) ImpactAim աքսելերատորը՝ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի, «Ինովացիոն լուծումների և Տեխնոլոգիաների կենտրոն» հիմնադրամի հետ համատեղ, հրավիրում է հայաստանյան եւ միջազգային տեխնոլոգիական ընկերություններին՝ դիմելու «Կլիմայի փոփոխության տեխնոլոգիական աքսելերատոր­2020» ծրագրին:  Ծրագրի շրջանակում հայտեր են ընդունվում էներգախնայողության ու վերականգնվող էներգիայի մարտահրավերներին լուծում տրամադրող ընկերություններից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ծրագիրն առցանց ասուլիսում ներկայացրեցին պատասխանատուները:

Ծրագրի թիրախում էներգախնայողության ու վերականգնվող էներգիայի հետեւյալ մարտահրավերներն են՝ արհեստական բանականությունը (ԱԲ) էներգիայի պահանջարկի կառավարման համար, արհեստական բանականության  միջոցով տվյալների վերլուծություն և որոշումների կայացում, պասիվ և խելացի կենսապայմաններ, արդյունավետ ջեռուցման և/կամ սառեցման լուծումներ. ջեռուցման և/կամ սառեցման տեխնոլոգիաներ, որոնք էներգաարդյունավետ են և մատակարարվում են վերականգնվող աղբյուրներից, ջրածնային էներգիա, անկախ էներգացանցին միացած վերականգնվող էներգիայի աղբյուրներ, կորուստների կրճատում՝ էներգիայի փոխանցման և ձևափոխման համակարգերում:

 Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինը նշեց, որ իրենց աշխատանքներում մեծապես կարևորում են էնրգախնայողությունը: «Ուզում ենք ավելի շատ տեխնոլոգիական նորարար լուծումներ գտնել, որոնք կօգնեն Հայաստանին էներգախնայողության միջոցառումներ իրականացնել՝ ունենալով տնտեսական ճիշտ հիմնավորում:  Մենք փնտրում ենք լուծումներ, որոնք կարող են օգնել, օրինակ, խելացի ձևով օգտագործելով էներգիայի կորուստները շատ մեծ չափով կրճատելուն ուղղված սենսորները, փնտրում ենք լուծումներ, որոնց գյուտը դեռ չի եղել, իսկապես նորարար տեխնոլուծումներ Հայաստանից և այլ երկրներից»,-ասաց նա:

 «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը համարում է, որ էներգետիկան էլ է տեխնոլոգիական ոլորտ: «Այսօր տարբեր տեխնոլոգիական լուծումների օգտագործմամբ մենք կկարողանանք ոչ միայն բարձրացնել արդյունավետությունը, այլ նաև ազգաբնակչության համար լուրջ խնայողություններ, լավ լուծումներ ձևավորել: Միջոցառումը գլոբալ է, հայտարարված է ամբողջ աշխարհով մեկ: Տարբեր երկրներից կազմակերպութուններ կարող են մասնակցել այս ծրագրին:

Մեզ ոգևորում է այն, որ այդ նախաձեռնությունը պիլոտային է, և դա արվում է Հայաստանում, այսինքն՝ երկրի նկատմամբ կա վստահություն»,-նշեց նա:

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) ImpactAim աքսելերատոր ծրագրի ղեկավար Ռուզաննա Սաֆարյանը ևս կարևորեց այն հանգամանքը, որ ծրագիրը գլոբալ մակարդակով է իրականացվում: «Մենք չենք խոսում միայն Հայաստանի մասին, մենք խոսում ենք Հայաստանում լուծումներ ստեղծելու և Հայաստանում կիրառելու մասին, բայց պետք է հաշվի առնել, որ կարևորագույն առավելություններից մեկն այստեղ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի միջազգային ցանցն է: Ունենք փորձագետների միջազգային ցանց, որոնք ամբողջ ծրագրի ընթացքում աշխատում և  աջակցում են այն կազմակերպություններին, որոնք անցնում են այս ծրագրով»,-նշեց Սաֆարյանը:

Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոն հիմնադրամի տնօրեն Արեգ Գևորգյանը նկատեց, որ նորարարությունների համար իսկապես լավ դաշտ է ստեղծվում: «Սպասում ենք թիմերի, որոնք սիրում են տվյալների հետ աշխատել, վերլուծել տվյալները: Էներգիայի ոլորտում ահռելի չափով տվյալներ են գեներացվում»,-ասաց նա ու հավելեց, որ շատ մեծ հնարավորություն են տեսնում հայաստանյան և ոչ հայաստանյան կազմակերպությունների համար:

Հայտեր կարող են ներկայացնել Հայաստանում և արտերկրում գործող, գաղափարի, նախասաղմնային, սաղմնային և զարգացման փուլում գտնվող գաղափարներով ստարտափները, ինչպես նաև կայացած ընկերությունները, որոնք առաջարկում են նորարարական լուծումներ էներգախնայողության և վերականգնվող էներգիայի ոլորտներում:

Հայտերի ընդունման վերջնաժամկետը հուլիսի 15-ն է: Հայտաձևը հասանելի է՝այստեղ: Ծրագրի տևողությունը 16 շաբաթ է: Մասնակիցները հնարավորություն կստանան աշխատել առաջատար բիզնես եւ տեխնոլոոգիական միջազգային մենթորների հետ: Նրանք կստանան խորհրդատվություն բիզնեսի զարգացման, ֆինանսավորման ռազմավարության եւ այլ ուղղություններով: Առավել խոստումնալից ընկերությունները կստանան հնարավորություն իրենց գաղափարներով ներկայանալու հանձնաժողովի առջեւ (այն կընտրի առավելագույնը մինչեւ 10 000 ԱՄՆ դոլար դրամական պարգեւի արժանի թիմերին), մասնակցելու ստարտափների համար նախատեսված միջազգային միջոցառումներին (ինչպիսիք են՝ WebSummit, Rise Conference եւ այլն), իրականացնելու պիլոտային նախագիծ՝ շուկայում ընդլայման համար, իրենց գաղափարները առցանց եւ/կամ դեմ առ դեմ ներկայացնելու համաշխարհային ներդրողներին, ծանոթանալու վենչուրային կապիտալին, ներդրումային ուղիներին եւ ֆինանսական աղբյուրներին:

 ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) ImpactAim «Կլիմայի փոփոխություն  տեխնոլոգիական աքսելերացիան» ֆինանսավորվում է Ռուսաստանի  Դաշնության և ՄԱԶԾ երկրներին տրվող ներդրումային նախաձեռնության  կողմից, Ասիական զարգացման բանկի վենչուրային ֆոնդի կողմից, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության աջակցությամբ:

Ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի ImpactAim աքսելերատորի, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (EIF), «Ինովացիոն  լուծումների և տեխնոլոգիաների կենտրոն» հիմնադրամի (ISTC) և Ինժեներական քաղաքի հետ համատեղ՝ ապահովելով և՛ տեխնիկական, և՛ բնապահպանական ենթակառուցվածքային օժանդակություն։ 

Աննա Գրիգորյան


© 2009 ARMENPRESS.am