Լեգենդի ծնունդն, անմահությունը.եթե կինը մտքին դնի, կհասնի ուզածին, անգամ հանրության առջեւ մերկանալով

09:40, 12 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1040 թ. հուլիսի 10—ին Քովենթրիի բնակիչներն իմացան, բայց ականատես չեղան մի հազվագյուտ ու հրաշք տեսարանի, քանզի դուռ ու լուսամուտ փակել, վարագուրել եւ մտել էին տները, ու ոչ ոք չէր փորձում քիթն անգամ հանել վարագույրի ճեղքից. փողոցներով պիտի անցներ նրանց սիրելի տիրուհին՝ լեդի Գոդիվան՝ մորեմերկ, որքան հնարավոր է՝ վարագուրված երկար ու շիկահեր վարսերի ջրվեժով։ Նա անցնում էր հարազատ քաղաքի փողոցներով՝ անթամբ ձիուն հպարտ բազմած, եւ չէր երկնչում իր մերկությունից. հպատակները նրան այնքան էին հարգում, որ իրենց թաքուն հայացքներով անգամ չէին վիրավորի նրա մերկությունը... Իսկ տիրուհին մերկացել էր հանուն իրենց՝ Քովենթրիի բնակիչների... Նա կատարում էր հարբած ամուսնու պայմանը, որով ամուսինը խոստացել էր թեթեւացնել բնակիչների՝ չափից դուրս ծանր հարկերի բեռը՝ կնոջ առջեւ հեգնանքով դնելով այն ժամանակների համար մի չլսված պայման, որի իրագործմանը աչքով էլ տեսներ՝ չէր հավատա ու չէր էլ կարող պատկերացնել, որ կինը՝ խելքով խորամանկ, նաեւ այն աստիճան հետամուտ կլինի իր նպատակին, որ կկատարի հարբած ամուսնու պայմանն ու, մորեմերկ դուրս գալով քաղաք, կստիպի կատարել խոստումը։

Պատմում են, թե տեսարանի միակ «երջանիկ» ականատեսը քաղաքի բնակիչներից եղել է ոմն Թոմ, որ, չդիմանալով գայթակղությանը, անտեսել է տանը փակվելու տիրուհու հորդորը եւ, բացելով պատուհանը, հետեւել քաղաքով մեկ շրջող մերկ տիրուհուն։ Սակայն չհասցնելով բավարարել հետաքրքրասիրությունը՝ անմիջապես կուրացել է։ Կա վարկած, որ այդ Թոմը ոչ այլ ոք էր, քան հենց ինքը՝ տիրուհու ամուսինը՝ կոմս Լեոֆրիկը, որ, տեսնելով կնոջ խիզախությունն ու համառությունը, անմիջապես կատարել է տված խոստումը եւ քաղաքն ազատել հարկային բեռից՝ թողնելով միայն ձիերի համար գանձվող տուրքերը։

Այս մասին մեկուկես դար անց վկայում է բենեդիկտյան աբբայության վանական Ռոջեր Վենդովերցու ժամանակագրությունը, իսկ սրանից էլ հարյուր տարի անց պատմաբան Ռանուլֆ Հիգդենն այս պատմությունը ներառում է իր «Համակողմանի ժամանակագրություն» գրքում՝ հավելելով որոշ մանրամասներ, այդ թվում այն, որ, իսկապես, Լեոֆրիկը քաղաքն ազատել էր ամեն տեսակ հարկերից, բացի ձիերի համար գանձվող տուրքերը։ 18—րդ դարի վերջին Էդուարդ թագավորը ցանկություն է հայտնում պարզել ճշմարտությունը լեգենդի մասին։ Նրա կարգադրությամբ՝ տարեգիրների հետազոտությունը հաստատում է, որ, սկսած 1057 թվականից, երբ վախճանվել է կոմս Լեոֆրիկը, Քովենթրիում իսկապես երկար տարիների ընթացքում հարկեր չեն գանձվել։

Համադրելով պատմության թվականներն ու իրական հանգամանքները՝ ուսումնասիրողները հանգել են այն եզրակացության, որ պատմությունն ավելի շուտ լեգենդ է, քան իրողություն։ Հարց է առաջանում՝այդ դեպքում ինչո՞ւ է ծագել լեգենդը, եւ ի՞նչ կապ կա իրողության ու լեգենդի միջեւ։ Եթե հարցը մնում է բաց մեզ հայտնի աղբյուրներում, կարող ենք հետեւել ձեռքի տակ եղած նյութերի տրամաբանությանը եւ հանգել ճշմարտությունից ոչ հեռու եզրակացության. փաստն այն է, որ մենք իսկապես գործ ունենք իրական, պատմական անձերի հետ, իրական աշխարհագրության եւ իրական իրադրության. այն է՝ կոմս Լեոֆրիկն ու կոմսուհի Գոդիվան Քովենթրիի տերերն էին։ Նրանց տիրապետության ժամանակ Քովենթրին ծաղկուն ու հարուստ քաղաք էր, եւ պատմաբաններն անհնար են համարում, որ նրա բնակիչները կարող էին լինել ծանր հարկային բեռի տակ, ավելին՝ հայտնի է, որ 1043 թ. Լեոֆրիկը կառուցել է բենեդիկտյան մենաստանը, որի շնորհիվ Քովենթրին փոքրաքանակ բնակավայրից վերածվել է միջնադարյան անգլիական չորրորդ մեծության քաղաքի։ Լեոֆրիկը մենաստանին նվիրել է հողեր եւ 24 գյուղ, իսկ լեդի Գոդիվան մենաստանին այնքան ոսկի, արծաթ ու թանկարժեք քարեր է նվիրել, որ Անգլիայի ոչ մի մենաստան հարստությամբ չէր կարող համեմատվել նրա հետ։ Գոդիվան այնքան բարեպաշտ էր, որ երբ ամուսնինը մահվան մահճում էր, նրա ողջ հարստությունը փոխանցում է եկեղեցուն, որտեղ եւ հետագայում «հանգրվանում» են նրանց շիրիմները։

Վերոհիշյալ հանգամանքն էլ նկատի առնելով՝ ուսումնասիրողները առավել հակված են պատմության՝ լեգենդ լինելուն, քան իրողությանը՝ հավելելով, թե այն ժամանակների համար վաթսունամյա կնոջ մերկանալը եւ քաղաքով շրջելը այնքան էլ իրական ու տեսարժան չէր լինի (լեդի Գոդիվան ծնվել է 980 թվականին, իսկ դեպքը վերագրվում է 1040—ին)։ Այդ դեպքում դեռ հարց է մնում, թե ինչու է ծագել լեգենդը եւ ինչու է հատկապես կապված լեդի Գոդիվայի խիզախության հետ։ Բանն այն է, որ, ինչպես նշվեց վերը, Քովենթրիի բնակիչները հարկային բեռից ազատվել են ավելի ուշ՝ 1057 թվականին, այսինքն՝ Լեոֆրիկի մահվանից հետո, երբ քաղաքն սկսել է միանձնյա կառավարել կոմսուհի Գոդիվան, հետեւաբար եւ հարկային բեռից բնակիչների ազատումն անմիջապես կապված է նրա անվան հետ եւ նրանով էլ պիտի խորհրդանշական դառնար։ Եվ, այնուամենայնիվ, լեգենդի ծագումը դեռ բացատրություն է պահանջում՝ ինչո՞ւ...

Պատմությունը հարուստ է հարկային բեռի տակ տքնող ժողովուրդների անելանելի կացությամբ ու օրինակներով, եւ զարմանալի չէ, որ նույն՝ բենեդիկտյան մենաստանի վանական Ռոջեր Վենդովերցին մեկուկես դար անց հիշել է այդ մենաստանը հիմնողներին ու նրանց շռայլ տիրակալության ժամանակները, երբ ժողովուրդն ապրում էր ուրախ ու ապահով, եւ հեռու չենք լինի իրականությունից՝ կարծելով, թե Վենդովերցու ժամանակ հարկային բեռն սկսել է ճնշել մենաստանին ու Քոնվենթրիի բնակիչներին, եւ նա փորձել է լեգենդի միջոցով բան հասկացնել ժամանակի իշխանություններին։ Չմոռանանք, որ բարի տերերի եւ լեգենդի իրողության մասին պատմությունը հետաքրքրել է ոչ միայն պատմությունն ուսումնասիրողներին, այլեւ Էդվարդ թագավորին, ով, հավանաբար, նույնպես բախված է եղել հարկային խնդրի հետ։ Այնպես որ, Ռոջեր Վենդովերցուն հաջողվել է պատմական փաստերի համադրության գեղարվեստական ներկայացման օրինակով շարժել մարդկանց հետաքրքրությունն ու շահագրգռությունը հարցի նկատմամբ։

Եվ, իսկապես, լեգենդն այնպիսի ժողովրդականություն վայելեց, որ դարձավ տոնակատարության առիթ. 1678 թվականից սկսած՝ Քովենթրիի բնակիչներն ամեն տարի՝ մինչ օրս, նշում են լեդի Գոդիվային նվիրված տոնը։ Օրվա ընթացքում տեղի է ունենում կառնավալ՝ երաժշտության ու երգի ուղեկցությամբ, իսկ երեկոյան՝ հրավառություն։ Կառնավալի մասնակիցները զուգվում են 11—րդ դարի զգեստներով եւ մայր տաճարի ավերակներից սկսում երթը այն ուղղություններով, որոնցով ենթադրաբար շրջայց է կատարել կոմսուհի Գոդիվան։ Փառատոնի եզրափակիչ մասը տեղի է ունենում քաղաքի կենտրոնական այգում, որտեղ լեդի Գոդիվայի արձանն է՝ հերարձակ, երիտասարդ ու գեղեցիկ, անթամբ ձիու վրա՝ զույգ ոտքերը կախած ձիու ձախակողմում։ Այն, որ արձանը բացվել է 1949 թ. հոկտեմբերի 22—ին, վկայում է բոլոր ժամանակներում խնդրի գոյության ու ժողովուրդների համար՝ կարեւորության մասին, եւ զուր չէ, որ Քովենթրիի երիտասարդ գեղեցկուհիները Գոդիվային նվիրված տոնակատարությանը միմյանց հետ մրցում են 11—րդ դարի զգեստներով եւ նրա տեսքով՝ արձակ, երկար ու անպայման շիկահեր վարսերով, որպես եւ Գոդիվային պատկերում են ստեղծագործողները։

 

Էլեոնորա ՆԵՐՍԻՍՅԱՆ


© 2009 ARMENPRESS.am