Շվեդիան պետք է նպաստի հայ-ադրբեջանական նոր արյունալի հակամարտության կանխմանը. Արին Կարապետ

13:24, 16 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունն արդեն իսկ կյանքեր է խլել, հիմա նորից պատերազմի շեմին ենք և պետք է պայքարենք հանուն խաղաղության։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Շվեդիայի խորհրդարանի հայ պատգամավոր Արին Կարապետը։

«Վերջերս ադրբեջանական զինվորականները հարձակվել են Հայաստանի սահմանային հենակետի վրա և արկեր արձակել բնակավայրերի ուղղությամբ: Երկու կողմերից եղել է փոխհրաձգություն, և կա ևս մեկ արյունալի հակամարտության վտանգ։ Վերջին օրերի իրադարձությունները պետք է դատապարտվեն, և երկու երկրները պետք է վերադառնան բանակցությունների սեղան: Պատերազմը միայն մարդկային տառապանքների կհանգեցնի»,- գրել է Կարապետը։

Պատգամավորի կարծիքով՝ Շվեդիան կարող է և պետք է այժմ գործի և նպաստի նոր արյունալի հակամարտության կանխմանը:

«Մենք ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ ենք, որը հատուկ ստեղծվել է 1990-ականների պատերազմի ընթացքում երկու երկրների միջև միջնորդության համար: Դրա միջոցով կարող ենք կառուցողական լինել և զսպվածության կոչ անել:

Այժմ մենք պետք է դատապարտենք բռնությունները և ակտիվորեն աշխատենք սահմանի երկայնքով ժամանակակից վերահսկողության տեխնոլոգիաների տեղակայման ուղղությամբ: Սա հնարավորություն է տալիս անկախ երկրներին վերահսկել հակամարտությունը իրական ժամանակում և նպաստում է հաշվետվողականությանը: Տեղում դիտարկելիս շարունակական դիմակայության ռիսկը նվազում է: Ի վերջո, դա կարող է հանգեցնել հակամարտության քաղաքական ճանապարհով լուծմանը, այլ ոչ թե ռազմական, որն էլ համարվում է հարցի լուծման միակ խաղաղ ճանապարհը»,- ասել է Շվեդիայի խորհրդարանի հայ պատգամավորը։


© 2009 ARMENPRESS.am