Թվայնացման համար աշխատանքային գրքույկների ներկայացման ժամկետը երկարաձգվեց

14:28, 16 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց  կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծ, որով առաջարկվում է ևս 2 տարով երկարաձգել թվայնացման համար աշխատանքային գրքույկների ներկայացման ժամկետը:  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ստացավ 96 «կողմ» ձայն:

 2017-ի հունվարի 1-ից սկսած` գործատուն այլևս պարտավոր չէ վարել աշխատանքային գրքույկներ: Միաժամանակ սահմանվել է, որ իրենց մոտ գտնվող աշխատանքային գրքույկները գործատուները ներկայացնում են իրավասու մարմիններին, որոնք թվայնացվում և վերադարձվում են: Ի սկզբանե նախատեսված ժամկետն արդեն երկու անգամ երկարաձգվել էր: Սակայն դա բավարար չի եղել գործընթացն ավարտին հասցնելու համար: Նախագծով առաջարկվում է գործընթացի ժամկետը կրկին երկարաձգել մինչև 2022 թվականի հունվարի 1-ը: Նաև սահմանվում են հստակ ժամկետներ, թե գործատուն իր ծանուցումից հետո որքան ժամանակահատվածում պետք է այդ աշխատանքային գրքույկները ներկայացնի իրավասու մարմնին:

Առաջարկվում է օրենքով սահմանել, որ գործատուի աշխատանքային գրքույկները ներկայացնելու պարտականությունը կարող է գործատուի վրա դրվել նաև դատական կարգով: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գնահատականներով՝ այս պահին աշխատող գործատուների մոտ է ևս շուրջ 350 հազար աշխատանքային գրքույկ: 

Աննա Գրիգորյան


© 2009 ARMENPRESS.am